1710– ԱՄՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ԻՐ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՅԱՆՔՈՒՄ

San karapet_Noravank

Ներկա Հայաստանի Հանրապետությունը, որ գրավում է Պատմական Հայաստանի ընդհամենը մեկ տասերորդ մասը, Քրիստոնյա աշխարհի համար հանդիսանում է Նոյ Նահապետի և նրա հայտնի տապանի հանգչման վայրը: Քառասնօրյա ջրհեղեղից հետո, Աստված Նոյան տապանի համար ընտրել էր Արարատ լեռը: Այդտեղից էլ Բիբլիական Արարատ անունը:

Ուրեմն նոր մարդկության վերածնունդը սկսում է Հայաստան աշխարհից:

Թեև Հայոց պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից, բայց վերջին երկու հազար տարիների ընթացքում անբաժանելի է մնացել քրիստոնեական անցուդարձներից:

Մեր հայրենեաց երկրի առաջին քարոզիչները հանդիսացան Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, որոնք Քրիստոսի տասներկու աշակերտներից էին և Հոգեգալստյան օրը, վերնատան մեջ Սուրբ Հոգու միջոցով Ամենակալն Աստծուց հայերեն լեզվի շնորհներ ստացան Նրա խոսքը նաև հայերեն լեզվով քարոզելու նպատակով(Գործք. Բ. գլուխ):

Վարդապետի պատգամի համաձայն, որ ասաց. «Գնացե՛ք այսուհետև, աշակերտ դարձրե՛ք բոլոր հեթանոսներին» (Մատթ. ԻԸ. 19), Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները եկան Հայաստան և Աստուծո կամքով Նրա պատգամների առաջին սերմերը ցանեցին մեր երկրում:

Ինչպես հայտնի է ողջ աշխարհին, 17 դարեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Առաջին կաթողիկոսի և Սուրբ Տրդատ թագավորի համատեղ ջանքերով, Հայաստանում քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն և մեր դարավոր հայրենիքը ամբողջ աշխարհում ճանաչվեց որպես առաջին քրիստոնեական պետությունը:

Հայրենի սեփական գիր չունենալու հետևանքով, պատմական սկզբնաղբյուրների պակաս կա Հայաստանի քրիստոնեական զարգացման վաղ շրջանի վերաբերյալ: Սակայն 5-րդ դարի Մաշտոցյան գրերը կարողացան անմահացնել 400 տարիների ընթացքում պահպանված պատմական պատառիկները, դրանք ի մի բերելով «Պատմություն Հայոց» գրքում:

Մինչ առաքյալների Հայաստան այցելությունը, շատ հետաքրքրական և արժանահիշատակ ավանդական պատմություն կա, որ առնչվում է Եդեսիայի Աբգար թագավորի հետ, որի մասին վկայում են մի շարք ասորական աղբյուրներ և Մովսես Խորենացին՝ իր «Պատմություն Հայոց» աշխատության մեջ:

Աբգարը եղել է Արշակունի Հայոց թագավոր, որ անձնապես նամակ է ուղարկել Քրիստոսին, նրան խնդրելով այցելել Եդեսիա իր հիվանդությունը բուժելու համար: Նաև առաջարկել է, որ իր առաքելութունից հետո մշտապես կարող է բնակվել Եդեսիա քաղաքում՝ հրեական հալածանքներից խուսափելու համար: Քրիստոս Աբգարի պատասխանը գրել է Թովմաս առաքյալի ձեռքով, և թագավորի խնդրանքը կատարած լինելու համար՝ խոստացել է, որ Իր համբարձումից հետո կուղարկի Իր աշակերտներից մեկին:

Ըստ Մովսես Խորենացու այդ նամակը բերել է Աբգար թագավորի սուրհանդակ Անանը և դրա հետ միասին Հայաստան է բերել նաև Փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչև օրս գտնվում է Եդեսիայում: Քրիստոս կատարել է իր խոստումը և Թադեոս առաքյալը եկել և բուժել է Աբգար թագավորին, այնուհետև մկրտել է նրան, ինչպես նաև արքունական անդամներին և քաղաքի բնակիչներին: Ապա Եդեսիա քաղաքին համար ձեռնադրել է սպասավոր մի եպիսկոպոս: Այս մասին է վկայում նաև Եվսեբիոս Կեսարացին (260-339) իր «Եկեղեցական Պատմության» մեջ: Այնուամենայնիվ հարկ է նշել, որ այս պատմության շուրջ կան զանազան վարկածներ: Թադեոս առաքյալը նահատակվում է 66 թ-ին, Արտազ գավառում, Սանատրուկ թագավորի հրամանով: Նահատակ առաքյալը իր հետ Հայաստան էր բերել նաև սուրբ Գեղարդը: Սա այն նիզակի ծայրն է, որով հռոմեացի զինվորը խոցեց խաչված Հիսուսի կողը:

Բարդուղիմեոսը Հայաստան է մտել Սանատրուկի թագավորության 29-րդ տարում: Եղել և քարոզել է Արտաշատում, հիմնել է Հոգյաց վանքը և այնտեղ զետեղել է իր հետ բերած Տիրամոր հրաշագործ պատկերը: Մկրտել է շատերի, ռամիկից մինչև հազարապետ և նույնիսկ՝ թագավորի քրոջը: 68 թ-ին նույն թագավորի հրամանով Աղբակում (պատմական Վասպուրական) նահատակվում է Բարդուղիմեոս առաքյալը: Ուրեմն երկու սուրբ առաքյալներ՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը, մկրտեցին նոր քրիստոնյաների, որոնք բոլորն էլ իրենցից հետո նույնպես նահատակվեցին: Այս պատմական եղելություններից հետո էր, որ կազմավորվեցին առաջին քրիստոնեական համայնքները իրենց առաջնորդների գլխավորությամբ:

Օրինակի համար երկրորդ դարում հիշվում է Հայաստանի Մերուժան եպիսկոպոսը: Այսպիսով, մինչև Գրիգոր Լուսավորիչը կգար Հայաստանը մկրտելու պետական մակարդակի վրա, արդեն իրենից 250 տարիներ առաջ քրիստոնեական քարոզչության սերմեր էին տարածված Հայոց աշխարհում:

«1700 -ԱՄՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ» գրքից

Տպագրված է Բունոս Այրես, Արգենտինա, տպարան Խոսե Ակյան, Մարաշ ՀՄ կողմից, 2001

Հեղինակ՝ Արժ. Տ. Սուքիաս ՔՀՆ. Տերտերյան (ավազանի անունը Անդրանիկ)

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


uno + 8 =