Հայագիտությանը նվիրված 120 հատոր

Premio para Zaven Yekavian

Կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւը՝ Զավեն Եկավյանին

Կրթության եւ գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժնի տնօրեն, ԵՊՀ պատվավոր դոկտոր Զավեն Եկավյանը (Լիսաբոն) պարգեւատրվել է նախարարության բարձրագույն պարգեւով՝ ոսկե հուշամեդալով։
Պարգեւատրման մասին որոշումը համընկավ մեկ կարեւոր իրադարձության հետ. ԵՊՀ հրատարակչությունն ընթերցողին հանձնեց ԵՊՀ նախկին դասախոս, լեզվաբան, փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Է. Աթայանի հիշատակին նվիրված «Նշան, համակարգ, հաղորդակցում» ժողովածուն, որի մեջ ընդգրկված են 2007թ. Երեւանում, գիտնականին նվիրված գիտաժողովում կարդացված զեկուցումները։ Զետեղված են նաեւ Հայաստանից եւ արտասահմանից այլ գործընկերների ուսումնասիրություններ։
«Ժողովածուն վերջին տասը տարիներին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական մատենաշարով հրատարակված թվով 120–րդ հայագիտական հատորն է, եւ այդ ամենը լույս աշխարհ են եկել Եկավյանի ջանքերով ու անմիջական աջակցությամբ»,–«ՀՀ»–ի թղթակցին ասաց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը։
Նախորդ տարիներին ընթերցողներն ստացել են այնպիսի արժեքավոր ուսումնասիրություններ, ինչպիսիք են՝ Թ. Հակոբյանի, Ստ. Մելիք–Բախշյանի, Հ. Բարսեղյանի «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» երեք հատորները, Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի «Տիեզերական պատմությունը», Հ. Հյուբշմանի «Հայրենի քերականությունը», «Հայագիտական ուսումնասիրությունները», Հրաչյա Աճառյանի «Հայոց պատմությունը», «Լիակատար քերականությունը», Նիկողայոս Ադոնցի երկերի հատորները, «Մատենագիրք հայոցի» հատորները (տպագրվել է Լիբանանում), «Հայ ժողորվրդի պատմության քրեստոմատիան, Գառնիկ Ստեփանյանի «Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության» աշխատությունը, Ստեփան Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանի» քառհատորյակը, ժամանակակից հեղինակների, հայ գրողների գործեր եւ այլն։
«Հրատարակչությունը այս տարի արդեն լույս է ընծայել երկու աշխատություն, մյուս ութը ընթացքի մեջ են։ Մասնավորապես տպագրվելու է Նիկողայոս Ադոնցի երկերի հինգհատորյակի վերջին գիրքը, շքեղ վերահրատարակվելու է Թորոս Թորամանյանի «Հայ ճարտարապետության պատմությունը»։ Ավարտվելու է նաեւ Հակոբ Մանանդյանի երկերի ութհատորյակի հրատարակությունը, խորհրդային շրջանում 6–րդ հատորի տպագրությունից հետո այն կանգ էր առել շուրջ 25 տարի։ Ուզում եմ թվել նաեւ «Մովսես Խորենացի, մատենագիտություն» ուսումնասիրությունը՝ Պետրոս Հովհաննիսյանի աշխատասիրությամբ»,–ասաց Պերճ Ստեփանյանը։
Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ
HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 × = catorce