Ում է ուզում տեսնել Օբաման Հայաստանում

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի նոր թեկնածու է առաջադրել: Թեկնածուն Ջոն Հեֆըրնն է, ով ներկայում ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Օբամայի առաջադրած թեկնածուի մասին հաղորդագրություն տարածել է Սպիտակ տունը: Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Մարի Յովանովիչը հունիսին հեռանալու է մեր երկրից, Պետդեպարտամենտում այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
 
Այդպիսով, հարկ է արձանագրել մի քանի բան: Նախ, ԱՄՆ հայկական լոբբիի համար թեժ շրջան է սկսում, մինչ լոբբին դեսպանի նոր թեկնածուի շուրթերից կփորձի պոկել “ցեղասպանություն” բառը: Բայց, պետք է թերեւս ենթադրել, որ կքաշեն, կքաշեն, բայց այդպես էլ այդ բառը չեն պոկի:
 
Հաջորդը, ըստ երեւույթին ԱՄՆ փորձում է կիրառել “եթե սարը չի գնում Մուհամեդի մոտ, ապա Մուհամեդը կգնա սարի մոտ” տարբերակը: Այսինքն, եթե Հայաստանը չի գնում դեպի ՆԱՏՕ, ապա ՆԱՏՕ-ն կգա Հայաստան: Թերեւս այդպես կարելի է մեկնաբանել ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալին Հայաստանում դեսպան նշանակելու ձգտումը:
 
Մյուսը, պետք է թերեւս արձանագրել, որ Հայաստանի պարագայում ԱՄՆ գուցե փորձելու է որոշակի ուշադրություն դարձնել ռազմական ոլորտին: Դժվար է ասել, թե որն է դրա շարժառիթը, արդյոք ռուսական ռազմական ազդեցությանը ինչ որ կերպ հակակշռելը, թե Ղարաբաղի հակամարտության գոտում հնարավոր ռազմական իրադարձություններին առավել համարժեք լինելը: Համենայն դեպս ուշագրավ է, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուն ռազմաքաղաքական դաշինքում աշխատող դիվանագետն է:
 
Երբ կստացվի նոր դեսպանի նշանակումը, դժվար է ասել: Օրինակ, նախորդ անգամ ԱՄՆ Հայաստանում փոխելով իր դեսպան Էվանսին, նոր դեսպան Յովանովիչին նշանակեց բավական ուշ` Էվանսը հեռացավ 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ, իսկ նոր դեսպանը եկավ 2008 թվականի ընտրությունից հետո: “Բաց” կթողնի՞ ԱՄՆ 2012 թվականի նախագահի ընտրությունը Հայաստանում, թե կհասցնի նոր դեսպան նշանակել:
 
Դատելով Հայաստանի ներկայիս ներքաղաքական գործընթացից եւ դրա հանդեպ ԱՄՆ զգալի ուշադրությունից, պետք է թերեւս ենթադրել, որ ԱՄՆ չի փորձի այդ գործընթացների գագաթնակետ դիտվող խորհրդարանի ընտրությանը հետեւել դեսպանից ավելի ցածր մակարդակով: Ի դեպ, հետաքրքրական է, որ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածության մասին տեղեկատվության հրապարակումը համընկավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Վաշինգտոն կատարած այցին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Lragir.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 − = siete