Նոր տարվա հեքիաթը

Cuento de Año Nuevo
 
 
Կամ՝ երբ իրականանում են մեր երազանքները

 

Երբ ժամացույցի սլաքները ցույց կտան կեսգիշերը՝ ավետելով Նոր տարվա գալը, առաջին ղողանջների հետ ամեն մի մարդու համար կպատմվի բարի ու լուսավոր մի հեքիաթ։ Ասում են՝ կախարդական այդ գիշերը, երբ հանդիպում եւ ողջագուրվում են Հին ու Նոր տարիները, իրականանում են բոլոր բարի երազանքներն ու ցանկությունները։ Մեծ, թե փոքր հավատում ենք, որ ինչպես մանկության մեր հեքիաթներում՝ բարին անհաղթ է, իսկ աշխարհում սերն է թագավորում։
Նոր տարին աշխարհի մարդկանց ամենասիրված տոներից մեկն է։ Չկա մի ազգ, ժողովուրդ, որ չնշի այն, թեեւ այն կարող լինել տարբեր օրերի, տարվա տարբեր եղանակների։ Նոր տարվա հեքիաթն այնքան հին է, որքան մարդկությունն ինքը։ Այսօր հիմնականում աշխարհիկ բնույթի արարողություններով նշվող տոնն ունի կարեւոր խորհուրդ եւ հոգեւոր խոր արմատներ։ Նոր տարին հանդիսացել է մի շրջակետ, երբ բնության զարթոնքն ավետում էր նաեւ նոր կյանքի սկիզբը՝ նոր սպասելիքներով ու ծրագրերով։ Այն ամենն, ինչ անում են մարդիկ Նոր տարվա համար եւ տոնական օրերի ընթացքում, ուղղված էր եւ այսօր էլ ուղղված է ապագային։
Հին ժամանակներում հայերը Զատիկ—Ամանորը նշել են արեգ ամսվա Արեգ օրը կամ մարտի 21—ին, երբ տարին զատվել է ամառային եւ ձմեռային շրջանների։ Այն նաեւ Արա Գեղեցիկի հարության օրն էր, երբ ազդարարվում էր բնության զարթոնքը։ Հայերիս համար սուրբ՝ Կենաց ծառ է համարվել ծիրանենին եւ այդ օրը միմյանց օրհնված ծիրանի կորիզներ են նվիրել։ Խորհրդանշական է, որ հայոց տոնածառը՝ ծիրանենին, սովորաբար գարնանամուտ Ամանորին է ծաղկում եւ իր բուրմունքով ավետում ձմռան խոր քնից բնության հարությունը։
Հին Բաբելոնում ձմեռային արեւադարձի եւ Նոր տարվա միջեւ ընկած օրերը դիտարկվում էր որպես քաոսի եւ կարգի միջեւ պայքարի ժամանակաշրջան, երբ Քաոսը փորձում է զավթել աշխարհը։ Այլ մշակույթներ նույնպես՝ հնդկական, կելտական, չինական, հայկական, այն համարել են օրենքների եւ ընդունված կարգուկանոնի փոփոխության ժամանակաշրջան։ Տոնակատարության մասնակիցները փոխել են գլխիվայր ընդունված կարգուկանոնը. տերը հագնում էր ծառայի շորեր եւ հակառակը, մինչեւ նախկին կարգի վերականգնումը։
Ամանորը հունվարի 1—ին նշելու սովորույթը սկիզբ է առել հռոմեական տոմարից եւ սկսել տարածվել քրիստոնեությունն ընդունած պետություններում հուլյան օրացույցի կիրառությանը զուգընթաց։ Հայերի մոտ հունվարի 1—ը՝ որպես տարվա սկիզբ եւ Ամանորի տոն ընդունվել է 18—րդ դարում Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի տոմարով։
Թեեւ յուրաքանչյուր մշակույթ յուրովի է նշում Նոր տարին, սակայն կան մի շարք ընդհանրություններ։ Մինչեւ նոր տարի մարդիկ կարգավորում են գործերը, մաքրում տունն ու բակը, փակում պարտքերը, հարթում վեճերը, բաժանում ողորմություն, մտորում սեփական թերությունների եւ սխալների մասին։
Մի շարք մշակույթներում մարդիկ նետվում են ծովը կամ էլ տեղական ջրավազանները, որպեսզի բառացիորեն «մաքրվեն» անցյալից եւ կյանքը սկսեն նոր էջից։
Հայերը նույնպես մեծ կարեւորություն էին տալիս տան, բակի մաքրությանը, որին մասնակցում էին ընտանիքի բոլոր անդամները։ Այսօր էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում եւ թարմացվում է։ Հնուց եկած ավանդույթի համաձայն, Հայաստանի տարբեր շրջաններում Նոր տարին դիմավորում են դրսում՝ խարույկների շուրջ։ Որոշ վայրերում էլ Նոր տարվա երեկոյան այրում էին տարեմուտի մեծ գերանը, որի կրակը պիտի վառ պահեին օրեր շարունակ։ Հյուրերը նույնպես պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին։ Մարդիկ հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից, իսկ տան շեմին ցանված մոխիրը՝ չարքերից։ Օջախը վառ պահելը շատ կարեւոր է եղել հայի համար, այսօր էլ՝ «Օջախդ վառ մնա» խոսքերը հնչում են որպես բարեմաղթանք։
Ի տարբերություն այսօրվա տոնական սեղանների, երբ տանտիկինները օրեր շարունակ չարչարվում են սեղանը որքան հնարավոր է ճոխ եւ բազմատեսակ ուտեստներով լցնելու համար, հնում պատկերն այլ էր։ Որքան էլ առատ լիներ սեղանը, մսեղեն կերակրատեսակները բացառվում էին։ Գերապատվությունը տրվում էր հատիկեղենին՝ լոբի, ոսպ, չրեր, ընկույզներ, քաղցրավենիք։ Հատիկը առհասարակ բոլոր մշակույթներում խորհրդանշում է կյանքն ու պտղաբերությունը, մահն ու վերածնունդը։ Նոր տարվա կարեւորագույն ուտեստը տարեհացն էր, վերջինիս մեջ դրվում էր «դովլաթը»՝ գուշակության դրամը։ Ընտանիքի անդամներից ում բաժին ընկներ այն, նրա համար էլ տարին համարվում էր հաջողակ։ Տոնական սեղանն առատ էր նաեւ մրգերով՝ որպես պտղաբերության եւ արգասավորության խորհրդանիշ։
Հին եւ Նոր տարվա «հանդիպման» օրն աշխատում էին միմյանց հետ սիրալիր լինել եւ բարեկամաբար տրամադրված, քանի որ յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա ընթացքում։ Այսպես, օրինակ, Լոռիում տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին։ Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՛ տանը, թե՛ ընկերական, բարեկամական շրջապատում։
Նոր տարվա առաջին օրը նշանակություն ունի յուրաքանչյուր մանրուք, նաեւ այն, թե ով է առաջինն անցնում տան շեմը։ Հայերիս մոտ առաջինն առավոտյան դուռը բացում էր տան մեծը եւ ներս մտնում, որպեսզի շատ տարիներ անպակաս լիներ իր տնից։ Ավանդույթի համաձայն, հյուրերը, նաեւ տնեցիները տուն էին մտնում առաջինն աջ ոտքը ներս դնելով, քանի որ հավատում էին, թե հակառակ դեպքում ձախորդություններն անպակաս կլինեն իրենցից։ Տան դուռն էլ տոնական օրերին երբեք չէր փակվում։ Ինչպես ներկայումս, հնում նույնպես ընդունված էր միմյանց նվերներ տալ, հատկապես մեծերը՝ փոքրերին։ Ընտանիքի բոլոր անդամները պիտի նոր զգեստներ հագնեին։
Տան դուռն առաջինը բացողի հետ կապված՝ գեղեցիկ սովորույթ կա նաեւ Շոտլանդիայում։ Այնտեղ ամենացանկալի առաջին հյուրը համարվում է բարձրահասակ, գեղեցկադեմ, թուխ մազերով տղամարդը, ով իր հետ նվեր է բերել վիսկի, հաց, ածուխի կամ փայտի կապոց եւ արծաթյա դրամ։ Այնուհետեւ տղամարդը լռության մեջ ներս է մտնում, նրա հետ չպետք է խոսեն, քանի դեռ ածուխը չի դրել կրակին, տանտիրոջ համար չի լցրել մի բաժակ վիսկի եւ բոլորին մաղթել երջանիկ Նոր տարի։
Ամանորին հին հռոմեացիները փոխանակել են արմավենու ճյուղեր, որոնց վրա կախել են քաղցրավենիք, թուզ եւ քաղցրացրած մրգեր։ Ճյուղերից կախված մրգերն արտահայտել են այն հավատը, որ Նոր տարին կլինի քաղցր, առատ եւ բարգավաճ։ Իտալիայի որոշ քաղաքներում պետք է շատ զգույշ լինել Ամանորի նախօրերին, քանի որ փողոցով քայլելիս անցորդների գլխին կարող են տարբեր մեծության եւ բնույթի իրեր ընկնել։ Պատճառն այն է, որ իտալացիները այդ կերպ Նոր տարվա նախաշեմին ազատվում են իրենց հին իրերից՝ բազմոցներից, աթոռներից, անգամ սառնարաններից։ Էկվադորում մարդիկ ծղոտով լցված խրտվիլակներ են պատրաստում եւ կեսգիշերին վառում, այդ կերպ՝ խորհրդանշական ձեւով ազատվում են անցյալից։ Իսպանախոս երկրներում մարդիկ կեսգիշերին խաղողի 12 հատիկներ են դնում գինու կամ շամպայնի մեջ։ Շնորհավորանքներից եւ բարեմաղթանքներից հետո մարդիկ որքան հնարավոր է արագ ուտում են խաղողի հատիկները եւ ամեն մեկի հետ երազանք պահում։ Խաղողի հատիկները խորհրդանշում են Հին եւ Նոր տարվա ամիսները։ Ավստրիայում, Վիեննայում հաջողության խորհրդանիշ է համարվում խոզը։ Երբ վերջիններիս բաց են թողնում ռեստորաններում, յուրաքանչյուրը փորձում է դիպչել նրան՝ ի նշան հաջողության։ Ճապոնացիները գեղեցիկ սովորույթ ունեն տոնածառի հետ կապված. նրանք սոճու եւ նոճիի ճյուղերը դնում են ծաղկամանի մեջ եւ զարդարում հին մետաղադրամներով, թղթե ծաղիկներով եւ նռերով։ Հին մետաղադրամները, որոնք մեջտեղում անցքեր ունեն, կախ են տալիս վիշապի տեսքով գունավոր թելերի վրա։ Դրանք դնում են երեխաների մահճակալների ներքեւի մասում։ Այս արարողությունը կոչվում է. «որ փողերն անցնեն հաջորդ տարի», այդ մետաղադրամները պետք է պարտադիր պահել, այլ ոչ թե ծախսել։
Թեեւ շատերին այս ամենը կարող է սնահավատություն թվալ, սակայն մարդիկ ուզում են հավատալ, որ տարվա մեջ գոնե մեկ օր հրաշքներ են կատարվում։ Եվ բոլորս մի ամբողջ տարի սպասում ենք կախարդական այն գիշերվան, երբ կարող են իրականանալ մեր բոլոր ցանկությունները։ Այդ գիշեր մենք կարծես վերադառնում ենք դեպի անհոգ մանկություն եւ հավատում, որ հաջողությամբ ավարտելով հին տարին եւ սկսելով նորը՝ անցում ենք կատարում դեպի ավելի հաջողակ եւ երջանիկ նոր կյանք։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

29-12-2011

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 − ocho =