Նախիջեւանի գործոնը

 
Արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում

 

Արցախյան հակամարտության ներկա փուլում, երբ բանակցային գործընթացի առարկան կարգավորման հիմնարար սկզբունքներն են, հայկական կողմերի համար խիստ արդիական է դառնում այդ կարգավորման մեթոդաբանության հստակեցումը։ Այս համատեքստում տեղին է կատարել հետեւյալ հարցադրումը։ Արդյո՞ք հայ—ադրբեջանական էթնոքաղաքական շահերի միջեւ հակասության միակ պատճառը Արցախն է։ Այստեղ տեղին է մանրամասնել։
Մեր համոզմամբ արցախյան հակամարտության ծագումնաբանության մեջ հարկ է առանձնացնել երկու բաղադրիչ, որոնք ուղղակիորեն պայնավորում են այդ հակամարտության կարգավորման մեթոդաբանության ձեւավորումը։
Մի կողմից հայերի եւ ադրբեջանցի թուրքերի միջեւ առկա է ակնհայտ քաղաքակրթական բախում։ Մյուս կողմից արցախյան հակամարտությունը հարկ է դիտարկել իբրեւ հայ թուրքական էթնոքաղաքական արմատական հակասությունների մասնավոր դրսեւորում, որն ակտուալ է տվյալ պատմական ժամանակահատվածում։ Տվյալ դեպքում «հայ—թուրքական» ձեւակերպման մեջ մենք ներառում ենք նաեւ Ադրբեջանի հետ առկա վիճահարույց խնդիրները, քանզի ելնում ենք այն համոզմունքից, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի էթնոքաղաքական հեռահար շահերն ու ռազմավարական նպատակները նույնական են։ Մենք համոզված ենք, որ քանի դեռ Ադրբեջան պետության տիրապետող էթնիկական հանրույթը նախկին կովկասյան թաթարները կամ ադրբեջանցի թուրքերն են, ապա Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կարող են լինել միայն մարտավարական բնույթի հակասություններ։ Ռազմավարական բնույթի Էթնոքաղաքական շահերի բախում այս պետությունների միջեւ հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի քրդացման գործընթացը, որ սկիզբ է առել ալիեւյան կլանի իշխանության օրոք եւ ներկայումս հարաճուն տեմպերով շարունակվում է, հասնի այնպիսի մասշտաբների, որ էապես փոփոխի այդ պետության էթնիկական դիմագիծը։ Այսօր, սակայն, Ադրբեջանի էթնիկական դիմագիծը թուրքական է՝ դրանից բխող բոլոր հետեւություններով հանդերձ։
Այստեղ տեղին է արցախյան հակամարտության համատեքստում անդրադառնալ Նախիջեւանի գործոնին։ Մասնավորապես ակնհայտ է, որ Ադրբեջան պետության ռազմավարական նպատակներից մեկը Նախիջեւանի անկլավային վիճակը վերացնելն է։ Հետեւաբար, պաշտոնական Բաքվի ներկայիս մաքսիմալիզմը բնավ չի սահմանափակվում միայն ազատագրված Արցախի ողջ տարածքին վերատիրանալու ցանկությամբ։ Վերջինս ենթադրում է նաեւ նվազագույնը ՀՀ Սյունիքի մարզի օկուպացիա՝ Նախիջեւանը հուսալի ցամաքային կապով «մայր Ադրբեջանին» միավորելու նպատակով։ Այո, այսօր այդ մասին բացահայտ չի խոսվում։ Ալիեւյան վերնախավը դեռեւս փորձում է հիմնավորել Սյունիքի վրա Ադրբեջանի «պատմական» հավակնությունները։ Սակայն Արցախը կամ նրա սահմանադրորեն ամրագրված տարածքի մի մասը ետ ստանալու դեպքում Նախիջեւանի անկլավային վիճակը վերացնելու նպատակը կդառնա իրականանալի, հետեւաբար՝ արդիական։
Հետեւապես՝ Նախիջեւանի գործոնը անհնարին է դարձնում հայ—ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ բառի բուն իմաստով տեսանելի հեռանկարում՝ անգամ Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքների մի մասի զիջման գնով։
Ելնելով վերը նշվածից, ուրվագծվում է նաեւ արցախյան հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը։ Արցախյան հակամարտության կարգավորման արդյունքում երբեւէ չպետք է ստեղծվեն այնպիսի աշխարհաքաղաքական պայմաններ, որոնք Նախիջեւանի անկլավային վիճակը ուժային սցենարով վերացնելու հրապուրանք առաջացնեն Ադրբեջանի որեւէ ռազմաքաղաքական ղեկավարության մոտ։ Ներկայիս իրողությունները նման զարգացումները դարձնում են անիրականանալի եւ հենց այդ առումով էլ հուսալի խաղաղություն են ապահովում։ Հետեւաբար, Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքների մի մասի, առավել եւս ողջ Արցախի հանձնումը միմիայն կխթանի հայ—ադրբեջանական հակամարտությունը՝ ի վերջո հանգեցնելով նոր պատերազմի։
Հարափոփոխ աշխարհում հայկական երկու պետականությունների անվտանգության կայուն երաշխիքներից մեկը տարածքն է՝ ռազմավարական առավելություն տվող տարածքը։ Առավել քան ակնհայտ է, որ մենք ստիպված ենք զարգանալ մշտական արտաքին վտանգի պայմաններում, եւ այդ պարագայում ռազմաճակատի ներկայիս կոնֆիգուրացիան՝ Արցախի 12000 քառ. կմ սահմանադրորեն ամրագրված տարածքը, հայկական երկու պետությունների կենսունակությունն ապահովող հիմնական գրավականն է։ Հատկապես ընդգծենք. Արցախն իբրեւ պետություն իր նախկին՝ ԼՂԻՄ—ի տարածքով, իր կիսաանկլավային վիճակով կենսունակ չէ։ Առանց Արցախի ներկայիս՝ նրա սահմանադրությամբ ամրագրված տարածքների կենսունակ չէ եւ Հայաստանի Հանրապետությունը՝ հենց Նախիջեւանի գործոնի պատճառով։
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ
Ռազմական փորձագետ

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− dos = 3