Մեր ուժը մեր նվիրվածության մեջ է ՀՀ նախագահը բացարձակապես չի կասկածում, որ շատ լավ ապագա ենք ունենալու

Presidente de RA
 
Տարածքը մաքրված էր, վրանները՝ վերջնական տեսքի բերված, դերերն էլ արդեն բաժանված էին. մի քանիսը նվագելու էին, մյուսները՝ պարելու, ոմանք էլ՝ երգելու… Բայց միեւնույն է՝ «Միասին 2011» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները շարունակում էին վերջին «վրձնահարվածները» տալ իրենց աշխատանքներին։ Այս առումով առավել լարված էր հայրենիքին իրենց անձնվեր ծառայության մտադրության մասին զեկուցել պատրաստվող աղջիկների խումբը։ Պարկի ամբողջ տարածքում շարունակ «աջ, ձախ» գոչելով ներկայացվելիք քայլերթին էին պատրաստվում։ Նրանց հարեւանությամբ քոչարի նվագելու համար դհոլի եւ զուռնայի համադրությունն էին փորձում, մի քանի վրան այն կողմ էլ «Երազ իմ երկիր հայրենի…» էին երգում։
Օգոստոսի 20—ին «Սեւան» ազգային պարկում այս եռուզեռը շարունակվեց այնքան ժամանակ, մինչեւ որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանեց այդտեղ տեղակայված «Միասին» ճամբար։
«Միասին» երիտասարդական շարժման եւ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասնակիցների (այդ օրը նրանք Աղվերանից եկել էին Սեւան եւ միացել միասինցիներին) հետ հանդիպման ժամանակ հանրապետության ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ արդեն շուրջ մեկ ամիս տարբեր միջոցառումների շրջանակներում հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ, ինչը ոգեւորիչ է։  Սերժ Սարգսյանը մասնավորապես ընդգծեց, որ Ծաղկաձորում հանդիպել է աշխարհի լավագույն համալսարաններում սովորող «Լույս» հիմնադրամի 2011թ. կրթաթոշակառուների հետ, համահայկական 5—րդ օլիմպիադայի մասնակիցների հետ, ովքեր գերազանց տիրապետում են հայ գրականությանն ու պատմությանը, ինչպես նաեւ համահայկական 5—րդ խաղերին մասնակցելու նպատակով աշխարհի 125 քաղաքներից ժամանած 3500 մասնակիցների հետ։
«Երբ մեր երիտասարդները կարողանում են ինքնակազմակերպվել, բարձրացնել իրենց հուզող հարցեր, կարողանում են մի խնդրի շուրջ միավորվել եւ փորձել իրենց համոզմունքն առաջ տանել, ապա դա միայն ողջունելի է»,—ասաց նախագահ Սերժ Սարգսյանը։
«Չեմ ուզում առանձնացնել «Միասին» շարժման երիտասարդներին «Արի տուն» ծրագրի մասնակիցներից, որովհետեւ հայերս մեկ միասնական ժողովուրդ ենք, բայց հանգամանքների բերումով ապրում ենք աշխարհի տարբեր ծայրերում»,—ասաց Սերժ Սարգսյանը եւ հավելեց, որ, չունենալով բնական հարուստ ռեսուրսներ, մեր երկրի ամենահիմնական ռեսուրսը հայրենիքում եւ հայրենիքի սահմաններից դուրս ապրող մարդիկ են, ովքեր ոգեւորվում են մեր երկրի հաջողություններով, ուրախանում եւ հպարտանում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերի ձեռքբերումներով։
«Ցանկանում եմ, որպեսզի ձեր նվիրվածությունը մեր երկրին լինի հարատեւ։ Մեր ուժը մեր նվիրվածությունն է մեր հայրենիքին, մեր ազգային գաղափարներին, մեր ապագային։ Այն, որ մենք շատ լավ ապագա ենք ունենալու, դրանում ես բացարձակապես չեմ կասկածում»,—նշեց նախագահը։
«Միասին 2011» կրթական ֆորումի մասնակիցների ընդհանուր թիվը 1500 է։ Ֆորումը կտեւի մեկ ամիս։ Այն անցկացվում է երեք հոսքով, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում է 500 հոգի։ Առաջին հոսքը «Սեւան» ազգային պարկում կազմակերպված վրանային ճամբարում եղել է օգոստոսի 4—10—ը, երկրորդը՝ 12—18—ը, երրորդն էլ՝ 20—26—ը։ Այս տարվա ֆորումը մյուս երկուսից տարբերվում է նորարարությամբ. բացի «Մասսայական միջոցառումների կազմակերպում եւ անցկացում» եւ «Բիզնես նորարարություններ» ուղղվածությունից, շեշտը դրվել է նաեւ մեկ այլ թեմայի վրա՝ «Ընտրական գործընթացներ եւ երիտասարդների մասնակցությունը դրանց»։ Սա, կարելի է ասել, «Միասին 2011»—ի մեխն է՝ պայմանավորված 2012—ի ընտրական տարի լինելով։
«Միասին» շարժման ղեկավար Հակոբ Հակոբյանը, նախագահ Սարգսյանին ներկայացնելով շարժման վերջին տարիների գործունեությունը, նշեց, որ «Միասինն» ակտիվորեն մասնակցել է երկրում իրականացվող բարեփոխումների եւ արդիականացման քաղաքականությանը եւ պատրաստ է այսուհետ եւս ակտիվ մասնակցություն ունենալ, այդ թվում նաեւ ընտրական գործընթացներին մասնակցելու ձեւով։ «Ճիշտ է, «Միասինը» քաղաքական որեւէ ուժի չի հարում, բայց լինելով ամենամեծ երիտասարդական կառույցը Հայաստանում, չի կարող անմասն մնալ այնպիսի կարեւոր գործընթացում, ինչպիսին խորհրդարանական ընտրությունն է։ Մենք կարեւոր համարեցինք, որ «Միասին»—ի ակտիվ երիտասարդները պատրաստված լինեն թե՛ ընտրական տեխնոլոգիաների առումով, թե՛ ընտրական գործընթացում՝ ներգրավվելով որպես հանձնաժողովների անդամներ, վստահված անձինք եւ այլն»,–լրագրողներին ասաց Հակոբյանը։
«Իհարկե, ոգեւորիչ է, որ երիտասարդները պատրաստակամ են մասնակցելու մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։ Բայց այլ կերպ ես չեմ էլ պատկերացնում»,–նշեց երկրի ղեկավարը եւ կարեւորեց ընտրական գործընթացներին երիտասարդների ակտիվ մասնակցությունը։
Մեր փայլուն ապագայի դրսեւորումներն ենք ունենալու նաեւ հայկական սփյուռքում։ «Արի տուն» ծրագրի մասնակիցները «տուն» գալով՝ տուն են գնում սեփական պատմությանը քաջատեղյակ։ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Արի տուն» ծրագիրը հաջողված է համարում։
«Արդեն երրորդ տարին է, որ կազմակերպվում է «Արի տուն» ծրագիրը։ Փաստորեն, թիվն ամեն տարի եռապատկվում է։ Գնալով ընդլայնվում է ոչ միայն մասնակիցների թիվը, այլեւ ընդլայնվում է աշխարհագրությունը։ Երեխաները վերադառնում են եւ այնքան հաճույքով են պատմում այս օրերի մասին, Հայաստանի միասին, «Արի տուն» ծրագրից, որ կարողանում են ոգեւորել մյուսներին։ Սա առաջին գնահատականն է»,—լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Որպես երկրորդ գնահատական նա ընդգծեց, որ մեր հայրենակիցները վերադառնալով իրենց երկիր մեր երիտասարդներին՝ հայաստանցիներին հրավիրում են իրենց տուն։ Այսինքն՝ բարեկամությունը շարունակվում է, բարեկամությունը տարվում է հավերժ։ Երրորդ գնահատականն էլ վերաբերում է ճամբարին։ Այս տարի ծրագրում ճամբարային տարր է մտցվել։ Երեխաներն իրենց Հայաստանում գտնվելու վերջին 4 օրերն ապրում են ճամբարներում։
14–րդ ջոկի ջոկատավար Նարեկը բացատրեց, թե ֆորումի շրջանակներում ընտրություններին մասնակցելու գործընթացն ինչպես են իրականացնում։ Այսպես, յուրաքանչյուր հերթափոխի երեք թեկնածուներ ձեւավորում են շտաբներ, կազմակերպում նախընտրական քարոզարշավներ. «Իսկ նախավերջին օրը բոլոր ճամբարականները մասնակցում են ընտրությանը եւ ընտրում տվյալ հերթափոխի նախագահին»։
Նմանօրինակ ակտիվություն է նկատվել նաեւ ֆորումում ընդգրկված մյուս թեմաների մասով։ Նարեկը պատմում է, որ ՀՀ վարչապետի այցի ժամանակ նրան ներկայացրել են իրենց մշակած մի քանի ծրագրեր։ Դրանցից է արեւային էներգիայով տաքացվող ջրի բաքերի ծրագիրը, որը կարող է լուծել ջեռուցման հարցը։
«Մեր կինոակումբում ապագայի հետ կապված մի տեսանյութ ցուցադրվեց, քննարկում տեղի ունեցավ, որի ժամանակ նույնպես մի քանի առաջարկություններ ներկայացվեցին, մասնավորապես, ներկայացվեց Ճապոնիայի փորձը. Տոկիոյում երեկոյան լուսավորությունը դիոդային լույսերով է իրականացվում։ Պարզապես պետք է ճշտվի, թե դա որքանո՞վ է համապատասխան մեր աչքերին ու կլիմային»,—ընդգծեց նա։
Միասինցիների օրինակով, արիտունցիների 6—րդ հերթափոխն էլ կարող է վստահաբար խոսել իր արդեն իրականացված առաքելության մասին. ծանոթացան մեր մեծերին, ոմանք առաջին անգամ տեսան իրենց հայրենիքը, յուրացրեցին ազգի պատմությունը։
«Հայաստանը շատ հավանեցի, Հայաստանի վայրերն ինձ անչափ դուր եկան։ Հայաստանում էլի կուզենամ լինել։ Շատ լավ տպավորություն ստացա»,—վստահեցրեց Վրաստանից ժամանած Դավիթը՝ միասինցիների հետ հանդիպման օրը։
Մեծ հաշվով ղարաբաղյան խնդիրը լուծված է

 

Պատասխանելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների մասին երիտասարդներից մեկի հարցին՝ նախագահը մասնավորապես ասաց. «Խնդիրն իրոք բարդ է. բարդ, որովհետեւ այն ցավոտ է բոլոր կողմերի համար եւ խոր արմատներ ունի։ Տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանցի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական է, եւ հիմա շատ մեծ բարդության առջեւ են կանգնած Ադրբեջանի ղեկավարները, որովհետեւ երբեք չեն փորձել, ցավոք, հիմա էլ չեն փորձում իրենց ժողովրդի հետ լինել անկեղծ, բաց խոսակցություն վարել եւ ասել՝ գիտե՞ք, ժողովուրդ, այդ հողը հայկական է, այդտեղ դարերով հայեր են ապրել, եւ լավ կլինի, ու առաջին հերթին դա բխում է մեր շահերից, որպեսզի հարգենք այդ մարդկանց ազատությունը, որպեսզի նրանք էլ երջանիկ ապրեն, մենք էլ։ Վստահ եմ՝ դրա ժամանակը գալու է։ Որքան էլ դժվար լինի, մենք պարտավոր ենք խնդրի խաղաղ լուծման բանալին գտնել։ Մենք ասելով նկատի ունեմ ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը։
Թեեւ, կրկնում եմ, իսկապես բարդ գործընթաց է։ Ինչպե՞ս կարող է բարդ չլինել, երբ բառացիորեն ամեն օր Ադրբեջանի ղեկավարների շուրթերից հակահայկական խոսքեր են հնչում, երբ հետեւողականորեն ատելություն է քարոզվում։ Գիտե՞ք, մեր սերունդը մի տեսակ հարմարվել է դրան, որովհետեւ սա առաջին տարին չի՝ կարծես նույն ձայնասկավառակն է պտտվում. պարզապես մեկ—մեկ որոշակի նոր ելեւէջներ են մեջտեղ գալիս։ Դուք, իհարկե, չեք կարող հիշել, բայց ձեր ծնողները, ձեր ավագ բարեկամները պետք է որ հիշեն 90—ական թվականների սկզբները, երբ Ադրբեջանի նախագահները՝ Այազ Մութալիբովը, Աբուլֆազ Էլչիբեյը, այս նույն պատմությունն էին պատմում՝ թե ինչքան հզոր է Ադրբեջանը, եւ ինչքան թույլ են Հայաստանն ու Ղարաբաղը, թե ինչքան շատ են ադրբեջանցիները եւ ինչքան քիչ են հայերը։ Հիմա էլ նույն պատմությունն է, այդպես չէ՞։ Ադրբեջանի նախագահն անընդհատ հայտարարում է, որ Ադրբեջանը շատ փող ունի, տնտեսապես հզոր է, Ադրբեջանում 9 միլիոն են, Հայաստանում մարդ չի մնացել եւ այլն։ Ադրբեջանն ունեցել է ընդամենը մեկ նախագահ, ով շատ թե քիչ իրատեսական էր խոսում։ Մնացած բոլորը խոսում էին այսօրվա պես։ Ի՞նչ եղավ արդյունքը։ Բոլորն էլ շատ լավ գիտեն՝ ինչ եղավ։ Ես վստահ եմ, որ ռազմական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են։ Իսկ Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ։
Ձեզնից ո՞վ է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Արդյո՞ք այնտեղ տեսել եք որեւէ մեկի, ով կասկածել է, որ իրենք ինքնուրույն պետություն են։ Իհարկե, ո՛չ։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն ինքնորոշվել է ու ինքն էլ հիմա տնօրինում է իր ճակատագիրը։ Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի, ինչը վաղ թե ուշ, միեւնույն է, լուծվելու է։ Այլ հարց է, թե ե՞րբ, որովհետեւ ինչքան շուտ, այնքան ավելի լավ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ղարաբաղի համար»։
 
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


siete − 4 =