Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ամուր ու բարեկեցիկ

Serzh Sargsyan y la embajadora de Suecia
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերը հանձնելիս ասել է Շվեդիայի դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Դիանա Յանսեն (նստավայրը՝ Թբիլիսի)։
Նախագահը շնորհավորել է դեսպանին եւ մաղթել հաջողություններ՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելիս։ Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Շվեդիայի հետ, եւ ողջունում է մեր տարածաշրջանում դեսպանատուն հիմնելու շվեդական կառավարության որոշումը՝ հույս ունենալով, որ տեսանելի ապագայում Հայաստանում եւս կհիմնվի դեսպանատուն։ Նախագահի խոսքով, դա լավ ազդակ կլինի երկկողմ հարաբերությունների խորացման եւ համագործակցության զարգացման համար։
Շվեդիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ չնայած այժմ դեսպանատունը գտնվում է Թբիլիսիում, սակայն հույս ունի հաճախ այցելել Հայաստան։
«Շվեդիան այս տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունի։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ամուր եւ բարեկեցիկ երկիր՝ սերտ հարաբերություններ ունենալով Եվրամիության եւ բարիդրացիական հարաբերություններ՝ իր հարեւանների հետ։ Մենք ցանկանում ենք աջակցել ձեզ այդ գործընթացում»,–ասել է դեսպան Դիանա Յանսեն։
Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵՄ—ի հետ մեր երկրի համագործակցությանը, Հայաստան—Թուրքիա հարաբերություններին։ Դեսպանի խնդրանքով նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։
Նախագահը շնորհակալություն է հայտնել Շվեդիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է այն բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ովքեր այդ ճանաչումով ոչ միայն հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ այդ քայլով իրենց նպաստը բերում նաեւ հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը։
«Որքան շուտ թուրքերը ճանաչեն իրենց անցյալը, այնքան լավ ե՛ւ իրենց, ե՛ւ մեզ համար։ Մենք, իրավամբ, անցյալով չենք ապրում, եւ դրա վառ ապացույցը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մեր նախաձեռնությունն էր, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը մեզ համար երբեւէ կարող էր դառնալ երկրորդական»,–Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանն ասել է նախագահ Սարգսյանը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cuatro − 4 =