Մեկնարկել են Էմմիի՝ դեպի Եվրոպա փրոմո-տուրերը. «Եվրատեսիլի» բեմում նրա հետ կպարեն 4 հույն տղաներ

Հայաստանը «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթում ներկայացնող Էմմին այսօրվանից՝ ապրիլի 2-ից, սկսում է դեպի Եվրոպա իր փրոմո-տուրերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Եվրատեսիլ-2011»-ին հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

Նրա խոսքով, այսօր Էմմին կմեկնի Մոսկվա, ուր կգտնվի մինչեւ ապրիլի 4-ը, այնուհետեւ կուղեւորվի Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ։ «Կիեւում Էմմին կմնա մինչեւ ապրիլի 6-ը, ապրիլի 7-ին եւ 8-ին նա ելույթ կունենա Քիշինեւում, իսկ 9-ին եւ 10-ին՝ Ամստերդամում եւ Առմելոյում»,- մանրամասնորեն ներկայացրեց Գոհար Գասպարյանը։

Անդրադառնալով մրցույթում Հայաստանի ներկայացուցչի երգի բեմականացմանը, նա նշեց, որ այդ հարցով զբաղվելու է Հունաստանում բավական հայտնի խորեոգրաֆ եւ եվրատեսիլյան մեծ փորձ ունեցող մեր հայրենակից Արմինե Զարյանը։ «Նա Հունաստանում առավել հայտնի է որպես Էմմի եւ արդեն 12 տարի է՝ ապրում է այդ երկրում։ Մինչ այժմ հեղինակել է Եվրատեսիլի մի շարք բեմադրություններ, այդ թվում՝ Հունաստանի նախորդ եւ 2007-ին ներկայացրած «Յասու Մարիա» կատարումներինը։

Բեմում Էմմիի հետ պարելու են 4 հույն տղաներ, ովքեր եւս մի քանի անգամ մասնակցել են «Եվրատեսիլ» մրցույթին եւ իրենց գործում իսկական պրոֆեսիոնալներ են։ Նրանք պարում են հույն ամենահայտնի երգիչների՝ Դեսպինա Վանդիի եւ Էլենա Պապարիզուի հետ»,- ասաց  հայաստանյան պատվիրակության ղեկավարը՝ միաժամանակ ավելացնելով, որ խոսակցությունները, թե Էմմիի հետ բեմում հանդես է գալու նաեւ Միհրանը, իրականությանը չեն համապատասխանում։

Խոսելով երգչուհու հագուստների մասին՝ Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ հագուստների մոդելավորմամբ զբաղվելու է դիզայներ Արեւիկ Սիմոնյանը (նույն ինքը՝ Կիվերա Նայնոմիս):

Նշենք, որ «Եվրատեսիլ 2011»-ը կանցկացվի մայիսի 10-14-ը, Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում։  Հայաստանը կներկայացնի երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով։

Հատկանշական է, որ բրիտանական բուքմեյքերները «հավանական են համարում, որ «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը կհայտնվի լավագույն 10-յակում։ Ըստ նրանց՝ բացի Հայաստանից լավագույն տասնյակում տեղ կզբաղեցնեն նաեւ Գերմանիան, Դանիան, Բոսնիան, Իռլանդիան, Հունաստանը եւ Ադրբեջանը, իսկ հաղթողի տիտղոսը բաժին կհասնի Նորվեգիան ներկայացնող Ստելլա Մվանգին՝ Haba Haba երգով։

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


siete − = 3