ՄԵԾ ՊԱՀՔ. «ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ»

angel3hayernaysor.am

«Անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք» (Ղուկ. ԺԶ. 9)

Մեծ պահոց Դ(4-րդ) կիրակին կոչվում է Տնտեսի կիրակի: Այս կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական գլխավոր` Անիրավ տնտեսի առակից:

Ըստ Եկեղեցու հայրերի` Տնտեսի կիրակին Աստծուց մարդուն շնորհված ստացական առաքինություններից մեկի` ողորմության և բարի գործերի խորհուրդն ունի գլխավորապես, ինչը մարդու հոգևոր երանելի վիճակը պահելու կարևորագույն ճանապարհներից մեկն է: Ողորմությունը նաև ապաշխարության խորհրդի կատարման հիմնական, առանցքային հանգրվաններից մեկն է` պահքի և աղոթքի հետ միասին, և հաճախ այս առաքինությունը Եկեղեցու վարդապետների կողմից ավելի կարևոր է դիտվում փրկության համար, քան անգամ պահքն ու աղոթքը: Այս կիրակին, սակայն, ողորմության գաղափարից զատ, ունի նաև այլ կարևոր խորհուրդներ, մասնավորապես այն, որ բարեկամներ շահելն ավելի մեծ արժեք ունի, քան անիրավ մամոնան` դրամը: Նաև այն, որ յուրաքանչյուր մարդ մի օր հաշիվ պիտի տա Աստծուն, իր գիտակցությանն ու խղճին` իր կատարած գործերի համար, իր արածի ու չարածի համար:

Նախ վերհիշենք Տնտեսի կիրակի ընթերցվող գլխավոր նյութը` Անիրավ տնտեսի առակը Ղուկասի Ավետարանից.
Եւ Յիսուս իր աշակերտներին ասաց. « Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ունէր. եւ նրա մասին ամբաստանութիւն եղաւ, որպէս թէ վատնում է իր տիրոջ ունեցուածքը: Տէրը կանչեց նրան եւ ասաց. այս ի՞նչ եմ լսում քո մասին. տու´ր  քո տնտեսութեան հաշիւը, որովհետեւ այլեւս տնտես լինել չես կարող: Տնտեսը իր մտքում ասաց. ի՞նչ պէտք է անեմ, քանի որ իմ տէրը տնտեսութիւնս ինձնից վերցնում է. հողի վրայ աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ: Գիտեմ, թէ ինչ պիտի անեմ, որպէսզի, երբ տնտեսութիւնիցս հեռացուեմ, ընդունեն ինձ իրենց տները: Եւ իր տիրոջ պարտապաններից իւրաքանչիւրին մէկ առ մէկ իր մօտ կանչելով` առաջինին ասում է` իմ տիրոջը ինչքա՞ն պարտք ունես: Եւ սա ասում է` հարիւր տակառիկ ձէթ. եւ տնտեսը նրան ասում է` ա´ռ  քո մուրհակը եւ նստի´ր ու անմիջապէս գրի´ր «յիսուն»: Ապա դարձեալ միւսին ասում է` դու ինչքա՞ն պարտք ունես. եւ սա ասաց` հինգ հարիւր պարկ ցորեն: Տնտեսը նրան ասաց` ա´ռ քո մուրհակը եւ նստի´ր ու գրի´ր «չորս հարիւր»: Եւ տէրը գովեց անիրաւ տնտեսին, որովհետեւ հնարամտութեամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիները աւելի հնարամիտ են, քան լոյսի որդիները իրենց սերնդի մէջ» (Ղուկ. ԺԶ  1-8):
Եկեղեցու վարդապետների մեկնություններին անծանոթ մեկի համար այս առակի ընթերցումը կարող է գայթակղության, անգամ նենգամիտ շահարկումների առիթ դառնալ, ինչպես որ եղել է դարեր շարունակ: Շատերն են տարակուսել. մի՞թե Հիսուսը կարող էր նման առակ ասել. ինչպե՞ս կարելի է անհավատարիմ, «անիրավ» հորջորջված խարդախ մեկի ստոր արարքի օրինակով բարոյական դաս թելադրել մարդկանց… Մասնավորապես Հուլիանոս Ուրացող կայսրը(4-րդ դարակես) բազմիցս փորձել է այս առակն ընդդեմ քրիստոնեության օգտագործել` Հիսուսին և Նրա հետևորդներին մեղադրելով իբրև խարդախություն և անարդարություն քաջալերողների: Այս և նման կասկածներն ու ամբաստանությունները, սակայն, արդյունք են միայն և միայն սխալ ընկալելու, ինչից դժվար է խուսափել առակի առաջին, մանավանդ մակերեսային ընթերցումից հետո: Ուստի առաջարկում ենք հատվածներ Պոլսո երջանկահիշատակ պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքի` Տնտեսի կիրակիին նվիրված գլխից, որի օգնությամբ, վստահ ենք, մեր ընթերցողը լավագույնս պիտի հասկանա Հիսուսի պատմած առակի իմաստն ու նշանակությունը, ըստ այդմ` նաև Մեծ պահոց Դ կիրակիի խորհուրդը:

Աշխարհի որդիներ, լույսի որդիներ

«Քանի որ այս աշխարհի որդիները ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ»: Ըստ Շնորհք պատրիարքի` առակն ուղիղ հասկանալու բանալին այս խոսքի մեջ է, որով և եզրափակվում է բուն առակը:

 Ովքե՞ր են «այս աշխարհի որդիները» և ովքե՞ր` «լույսի որդիներ» կոչվածները:

Հիսուսի քարոզությամբ մեջտեղից վերացված են դասակարգային բոլոր խտրությունները: «Ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը` ինչպէս սպասաւորը»,– ասաց Հիսուսը: Իսկ Պողոս առաքյալն ավելի բացահայտեց այս տեսությունը. «Բոլորդ էլ Աստծու որդիներ էք հաւատով  ի Յիսուս Քրիստոս: Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք. ուրեմն խտրութիւն չկայ ո´չ հրեայի եւ ո´չ հեթանոսի, ո´չ ծառայի եւ ո´չ ազատի, ո´չ  արուի եւ ո´չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մէկ էք ի Քրիստոս Յիսուս»(Գաղ. Գ 26-28):   Սակայն, միաժամանակ, Ավետարանի չափանիշներով մարդկությունը բաժանված է երկու նոր դասակարգերի, որոնք կգոյատևեն մինչև աշխարհի վախճանը: Այդ երկու դասակարգերը զուտ բարոյական և կրոնական են: Դրանցից մեկը նրանք են, ովքեր ապրում են միայն այս աշխարհի համար, այս աշխարհի չափանիշներով և այս աշխարհի պահանջների համաձայն: Սրանց համար հանդերձյալ կյանք, երկինք, դժոխք, վարձք, պատիժ և այլն գոյություն չունեն: ինչ կա-չկա` մեր այս տեսանելի աշխարհն է և նրանում` իրենց սահմանավոր կյանքը, որը պետք է ապրեն` աշխարհից հնարավորինս համը առնելով: Օրենքներն էլ սրանց համար օգտակար են այն չափով, որչափով նրանց հաճույքին ու շահին են ծառայում(իսկ և իսկ մեր օրերին բնորոշ – Հ. Կ.):  Նրանց համար բարոյական օրենք գոյություն չունի…

Մյուս դասակարգը նրանք են, ովքեր հավատում են անձնավոր Աստծո գոյությանը, Ով ոչ միայն Արարիչն է «երկնքի և երկրի», այլ նաև տվիչը կյանքի, և Ով հետաքրքրվում է այդ կյանքի ուղիղ գործածությամբ… Սրանց համար երկրավոր կյանքը կարևոր է այնչափով, որչափով այդ կյանքն ապահովում և արդյունավորում է հավիտենական կյանքը: Նրանք ունեն բարոյական օրենքի ըմբռնում` ոչ միայն խղճի տախտակին գրված, այլ նաև Ավետարանով իրենց տրված, որին պետք է հավատարիմ մնան մինչև վերջ, մինչևիսկ իրենց կյանքի գնով: դժբախտաբար կամ բարեբախտաբար այս երկու դասակարգերը կյանքում խառն են ապրում, միմյանց վրա ազդում և ազդվում են միմյանցից, մի խմբից մյուս խումբ անցնելը ոչ միայն հնարավոր, այլ նաև ամենօրյա երևույթ է: Ավետարանի բառերով` առաջինները կոչվում են «այս աշխարհի որդիներ», իսկ երկրորդ խումբը` «լույսի որդիներ»: Տնտեսի առակով Հիսուսը մի օրինակ է բերում «աշխարհի որդիների» կյանքից` «լույսի որդիներին» թելադրանք տալու համար: Այս առակով Հիսուսը ցանկանում է ասել. «Եթե աշխարհի որդիներն ի գործ են դնում իրենց տրամադրության ներքո գտնվող բոլոր միջոցները, գործածում իրենց ամբողջ խելքը` երկրավոր կյանքն ապահովելու համար, ինչու՞ նույնը չանեն լույսի որդիները, ինչու՞ նրանք էլ իրենց խելքը չգործածեն, իրենց ընձեռված բոլոր առիթները չօգտագործեն և իրենց ձեռքում եղած բոլոր միջոցները չգործածեն` ապահովելու համար մի կյանք, որն անհամեմատելիորեն բարձր ու արժեքավոր է երկրավոր կյանքից, որովհետև, նախ, հավիտենական է, ապա` անսահմանորեն երանական: Եվ Հիսուսն ավելացնում է. «Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ»(Ղուկ. ԺԶ 9):

Մամոնա  

Մամոնան դրամն է, նյութական հարստությունը` իր բոլոր տեսակներով, որոնցով մարդիկ վայելում են այս աշխարհը և ապահովում իրենց նյութական գոյությունը: Արտ, այգի, կալվածք, տուն, ոսկի և ամենը, ինչ կարող ենք հարստություն կոչել, մամոնա է… 

Դրամն ահավոր բան է. այն նման է հրացանի, որը կարող ես գործածել ընդդեմ արշավող ավազակների` հայրենիքիդ փրկության համար, բայց նաև` ուրիշ ազգերի հարստահարելու: Կարող ես գործածել անիրավված ընկերոջդ և սպառնալիքի ենթարկված անձիդ պաշտպանության, բայց նաև` ոճրագործություն անելու համար: Դրամն «անիրավ» է կոչվել, քանզի գրեթե անխուսափելիորեն առաջնորդում է անիրավության և հիմնականում շահվում է(մանավանդ երբ դիզված է)անիրավությամբ… 

Դրամը նաև օժտված է մարդու կյանքում և հոգեկան աշխարհում փոփոխություն առաջ բերելու կարողությամբ: Դրամն ինքնին կարողություն ու զորություն է և, բոլոր կարողությունների նման, կարող է վատնվել` չգործածվելով կամ գործածվելով սխալ, հոռի և ստորին նպատակներով: Դրամը, իհարկե, կարող է գործածվել նաև բարի, ազնիվ ու օգտակար նպատակների համար: Եվ գործածության այս եղանակները կարող են փոփոխություններ առաջ բերել մարդու հոգեկան աշխարհում` ինչպես դրական, նույնպես և, ցավոք, ավելի հաճախ` բացասական:

Աղքատին տրված յուրաքանչյուր դրամ մի միջոց է բարեկամներ ձեռք բերելու թե´ երկրում և թե´ երկնքում: Կարոտյալին ողորմելը գանձ դիզել է հավիտենության «դրամատներում»: Ուրեմն, մեկ անգամ ևս ունկնդիր լինենք Հիսուսի խոսքերին, որոնք Անիրավ տնտեսի առակին իբրև եզրակացություն են ասվում. «Եւ ես ձեզ ասում եմ. անիրաւ մամոնայից ձեզ համար բարեկամներ արէք, որպէսզի, երբ այն պակասի, յաւիտենական յարկերի տակ ընդունեն ձեզ: Քիչ բանի մէջ հաւատարիմը շատի մէջ էլ հաւատարիմ է, իսկ քչի մէջ անիրաւը շատի մէջ էլ անիրաւ է: Արդ, եթէ անիրաւ մամոնայի մէջ հաւատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կը վստահի ճշմարիտը: Եւ եթէ օտարինը եղող բանի մէջ հաւատարիմ չեղաք, ձերը ո՞վ կը տայ ձեզ: Ոչ մի ծառայ երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետեւ, եթէ մէկին ատի, միւսին կը սիրի. կամ եթէ մէկին մեծարի, միւսին  կարհամարհի: Չէք կարող ե´ւ Աստծուն ծառայել, ե´ւ մամոնային» (Ղուկ. ԺԶ  9-13):

Ուրեմն, այս կիրակիի թելադրանքը նաև «անիրաւ մամոնան», այսինքն` նյութական հարստությունը, մեր խելքը, մեր ժամանակը և մեր բոլոր պատեհություններն ու մեր ամբողջ խնայողությունը «հավիտենական հարկեր» գնելու համար օգտագործելն է… Յուրաքանչյուր բարեգործություն Աստծո աթոռի առջև ինքնին բարեխոս է նվիրատուի համար: Եվ ինչպես ճարպիկ տնտեսն իր կյանքի «ամենակրիտիկական» պահն անգամ օգտագործեց ֆիզիկական գոյության ու ապահովության համար, նույնպես և ամեն մարդ մահվան անկողնում անգամ կարող է իր հավիտենական երջանկությունն ապահովել սրտազեղ մի նվիրատվությամբ` դրան գումարելով գործած մեծ կամ փոքր մեղքերի ու անիրավությունների համար անկեղծ զղջումը: Ու եթե ինչ-որ ավազակ մահվան գալարումների մեջ «դրախտը» ժառանգեց` ուղղակի իր կողքի անմեղ Խաչակցի` Հիսուս Աստվածորդու հանդեպ անկեղծ համակրանք տածելով, Նրան երկրի վրա Աստծո մարմնացումը ճանաչելով ու խնդրելով նաև իրե´ն հիշել հավիտենական փառքերի մեջ, ապա նույնն անելու հնարավորությամբ օժտված է յուրաքանչյուր «ավազակ», եթե իր խիղճը, խելքը և ունեցած շնորհները ճիշտ գործածի:

Մարդը այս աշխարհում Աստծու կողմից տնտես է նշանակված, ուստի անհրաժեշտ է, որ լավագույնս տնօրինի իր գործերը: Եվ ուրեմն «Հավիտենական հարկերի» մեջ ընդունվելու պայմաններից մեկը աշխարհիկ հարստության ճիշտ տնօրինումն է:  Մյուսը աղոթքն է, որն արդեն հաջորդ կիրակիի խորհուրդն է:
                     Շարական  Տնտեսի  կիրակիի

     Դու, ո´վ  Տեր, ստեղծեցիր իմանալի էակների վերին աշխարհը
     Եվ նրանում իբրև տնտես հաստատեցիր հրեղենների պետերին,
     Օրհնում ենք անճառելի զորությունդ:
     Դու, որ իբրև մեծատուն ստեղծեցիր զգալի երկրորդ աշխարհը
     Եվ Եդեմի դրախտին իբրև տնտես առաջին մարդուն կարգեցիր,
     Օրհնում ենք անճառելի զորությունդ:
     Դու, որ բարձրագույն իմաստությամբ Եկեղեցիդ կառուցեցիր
     Եվ նրանում տնտես կարգեցիր ճշմարիտ խոսքի քարոզիչներին,
     Օրհնում ենք անճառելի զորությունդ:
     Տաղավար Նրա,  Ում անհնար է կրել,
     Քո մեջ կրեցիր Նրան, Ով  էակներիս մեղքը կրեց.
     Դու  Աստծուն մարմնով կրեցիր,
     Նա, Ով  Հոր  ծնունդն էր  անմարմնաբար.
     Բարեխոսի´ր  մեզ համար,  Աստվածածի´ն  Մարիամ:

Պատրաստեց   Հ.  ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


6 + = trece