Մաքուր եւ կառուցվող Երեւան

Երեւանում համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում ամենուրեք մաքրման, վերականգնման կամ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում եւս բարեկարգման աշխատանքները մեկնարկել են։ Կատարվող աշխատանքներին մայիսի 21—ին ծանոթացավ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետության ղեկավարին ուղեկցում էին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, այլ պաշտոնյաներ։ Զբոսայգու պատասխանատուները տեղեկացրեցին, որ արդեն իսկ բարելավվել է զբոսայգու Արշակունյաց պողոտային հարող հատվածի հողի սեւ շերտը, իրականացվել է սանիտարական մաքրում, այգին բերվել է բարետես վիճակի։ Բացի այդ տնկվել են մշտադալար թփեր եւ նոր ծառեր, որոնց կողքին հանրապետության նախագահն ու Երեւանի քաղաքապետը եւս ծառեր տնկեցին։
Ուշադրությունը, սակայն, միայն կանաչապատման վրա չի կենտրոնացվել։ Բարեկարգվել են նաեւ այգու ճեմուղիները, մաքրել են պատերը, ամբողջովին թարմացվել են Արշակունյաց փողոցին հարող ճաղավանդակները, բոլոր ցանկապատերը։
«Նախատեսված է թարմացնել քայքայված սալահատակը, նաեւ վերակառուցել անցուղիները։ Կատարվել է որոշ խարխլված արձանների եւ պատվանդանների տեխնիկական զննում։ Դրանք համապատասխան եզրակացությունների հիման վրա կամրացվեն ու կբարեկարգվեն։ Միջամտության կարիք ունեն, մասնավորապես, Շիրվանզադեի եւ Կոմիտասի արձաններն ու պատվանդանները»,—լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։
Աշխատանքների ծախսերն իրականացվում է քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության կողմից, հատուկ սպասարկման ձեռնարկության միջոցներով։ Առաջիկա երկու ամսում կավարտեն աշխատանքների այս տարվա հատվածը։ Հետագա վերակառուցումներն էլ կիրականացվեն ըստ տարիների։
«Այգու նկատմամբ պետք է սահմանվի լուրջ հսկողություն։ Այս ամենի արդյունքում կունենանք մի վիճակ, որը պահանջելու է ամենօրյա խնամք եւ հետեւողականություն»,—ընդգծեց Կ. Արեյանը։
Նույն հետեւողական, ամենօրյա խնամքն ու ուշադրությունն են պահանջելու նաեւ երեւանյան բակերը. դրանք եւս ներգրավված են համաքաղաքային շաբաթօրյակի ցանկում։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության նախաձեռնությամբ մաքրվել է վարչական շրջանների թվով 615 բակային տարածք եւ 10 աղբատեղի։ Վարչական շրջանների ոռոգելի հատվածներում ծառերի թիվը ավելացել է 29800—ով։ Դրանից 9500—ը մշտադալար են, մյուսները՝ տերեւավոր։ Շուտով «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կավարտվեն նաեւ 50 բակային տարածքներում խաղահրապարակների տեղադրման աշխատանքները։
Սրան զուգընթաց օգոստոս ամսին մեկ այլ հրապարակ էլ կհանձնվի շահագործման, բայց ոչ թե բակային տարածքում, այլ Ծովակալ Իսակովի 27/8 հասցեում։ Իտալական «Ռենկո» ընկերության կողմից այստեղ կառուցվում է հեծանվահրապարակ։
«Մեր կազմակերպությունը Հայաստանում աշխատում է տասը տարուց ավելի։ Սա Երեւանում կատարած մեր վերջին աշխատանքներից է»,—լրատվամիջոցներին ասաց «Ռենկո» ընկերության նախագահ Անտոնիո Պասսերին։
Հեծանվահրապարակը նախագահի եւ նրան ուղեկցող պաշտոնյաների հաջորդ կանգառատեղին էր։ Սերժ Սարգսյանը շրջեց կառույցի տարածքում, ծանոթացավ նախագծին, իրականացվող աշխատանքներին, նաեւ ընկերության հեռանկարային ծրագրերին։
Այսպես, հրապարակը կառուցվում է 2009թ. նոյեմբերին Երեւանի քաղաքապետարանի եւ «Ռենկո Արմէստեյտ» ՍՊԸ—ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2010թ.։ Մինչ օրս կատարվել է աշխատանքների մոտավորապես 70 տոկոսը։ Շինմոնտաժային աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 5.801.930.523 ՀՀ դրամ։
Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը միտված այս կառույցը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Եվ որպես այդպիսին, այն կարող է ծառայել ոչ միայն հեծանվասպորտին, այլեւ միջազգային այլ միջոցառումների եւ նախաձեռնությունների իրականացմանը։ Այն միանգամայն տարբերվում է երեւանյան մյուս «գործընկեր» հրապարակից։
«Այստեղ կարող են անցկացվել բարձրակարգ սպորտային մրցումներ։ Սա աշխարհում գործող լավագույններից մեկն է եւ հագեցած է պահանջվող ենթակառուցվածքներով»,—լրագրողներին հավաստիացրեց կառույցի գլխավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը։
Հեծանվահրապարակը կունենա ժամանակակից սարքավորումներ, անվտանգության համակարգ, 250մ երկարությամբ վազքուղի։ Նախատեսված է 3200 հանդիսատեսի համար։ Ընդգրկում է VIP տարածք, հանդերձարաններ, մարզասրահներ, գրասենյակային տարածքներ, դոպինգ ստուգման եւ տեխնիկական սենյակներ, բացօթյա ավտոկայանատեղի։ Այն իր տեսակի մեջ յուրահատուկ է ոչ միայն ճարտարապետական լուծումներով, այլեւ գտնվելու վայրով. բարձր դիրքի վրա է, քաղաքի բանուկ հատվածից ու երթեւեկությունից հնարավորինս հեռու։
«Աշխարհում բարձր դիրքում գտնվող հեծանվահրապարակները քիչ են։ ԱՊՀ երկրների մեծ մասը, որոնցում զարգանում է հեծանվային սպորտը, մեծ հաճույքով իրենց ուսումնամարզական հավաքները եւ միջոցառումները կկազմակերպեն մեր հեծանվահրապարակում։ Մնում է, որ սա ծառայի իր նպատակին, կարողանանք ճիշտ շահագործել, միաժամանակ զարգացնել հեծանվային սպորտը։ Այն ՀՀ—ում գործող հեծանվային երկու մարզադպրոցների բոլոր մարզիկների համար կգործի անվճար հիմունքներով։ Իսկ լրացուցիչ եկամուտներ ստանալու համար կարելի է կազմակերպել այլ միջոցառումներ եւ հյուրընկալել տարբեր երկրների հավաքական թիմերի»,—կարծում է «Հայաստան» մարզական միության նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը։

Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջանում բարեկարգվում են  բակային տարածքներ
 

Մայրաքաղաքի բակային տարածքները նույնպես մեր ընդհանուր տան մասն են կազմում, եւ բարեկարգ ու մաքուր վիճակը պահպանելը յուրաքանչյուրիս պարտքն է։ Պետությունն ու մասնավոր կազմակեպություններն իրենց հերթին ջանքեր են գործադրում բակային տարածքներում կանաչ գոտիները պահպանելու, խաղահրապարակներ տեղադրելու ուղղությամբ։
Համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջանում գտնվող համատիրություններից մեկի բակային տարածք։ Ս. Սարգսյանին ուղեկցում էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Հանրապետության ղեկավարը հանդիպեց տեղի բնակիչներին, ծանոթացավ բակային տարածքներում իրականացվող բարեկարգման աշխատանքներին, մասնակցեց ծառատունկին։ Մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման ծրագրերում իր զգալի ներդրումն է ունեցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը՝ տրամադրելով խաղային ատրակցիոններ, տաղավարներ եւ սահարաններ։
Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շաբաթօրյակ ասվածը բնակիչներն ընկալում են արդեն ոչ թե միայն որպես աղբահանության աշխատանքներ իրականացնելու օր, այլեւ առավել կարեւորում են բակային տարածքների բարեկարգումը։ Մաքրման աշխատանքները պետք է ամեն օր իրականացնել։
«Այս բակում, որտեղ այսօր ներկա էին ՀՀ նախագահն ու Երեւանի քաղաքապետը, բարեկարգման աշխատանքներն արդեն արվել են, եւ սա թվով 14—րդ բակային տարածքն է մեր վարչական շրջանում, ուր տեղադրվեցին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տրամադրած խաղահրապարակները։ Դրանք մանուկների ուրախությունն են։ Այս տարի նախատեսվում է տեղադրել եւս 6 ատրակցիոն»,–ասաց Դ. Օհանյանը։
Բակային տարածքի բնակիչները գոհունակություն հայտնեցին կատարված աշխատանքների համար՝ հատկապես կարեւորելով խաղահրապարակների հիմնումը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ


Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 + = dieciocho