Մատենադարանի նոր շենքը՝ գրեթե պատրաստ

matenadaran Nuevo, Ereván Armenia
Այն պետք է արժանի լինի ինստիտուտ—թանգարանում պահվող գանձերին
Մատենադարանի նոր հսկա մասնաշենքը պատրաստ կլինի ամռանը եւ շահագործման կհանձնվի Հայաստանի Հանրապետության անկախության 20—րդ տարեդարձին՝ ազդարարելով անկախ Հայաստանի գանձարանի՝ Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ—թանգարանի զարգացման նոր փուլի մեկնարկը։ Շինհրապարակում այսօր եռուն աշխատանքներ են, արդեն կատարվում է մասնաշենքի ներքին հարդարումը, զուգահեռ բարեկարգվում են հարակից տարածքները։
«Մատենադարանի գործունեության շառավիղներն ընդլայնվում են, եւ առաջադրված խնդիրները լիարժեք կատարելու համար մեզ անհրաժեշտ է արագացնել տեմպերը։ Այսօր այս շենքը շատ նեղ է գալիս մեր գիտական ներուժին»,–արձանագրեց Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը՝ նկատելով, որ Մատենադարանն առանց նոր մասնաշենքի ապագա չունի։ Ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցման անհրաժեշտությունն ու գաղափարն առաջ էր եկել դեռեւս 1980—ականներից, շինարարական աշխատանքներն սկսվեցին, բայց կիսատ մնացին։ Անկախությունից հետո առաջին անգամ խնդիրը բարձրացվել է 2007 թվականին՝ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ, եւ ծրագիրը միանգամից դրական արձագանք է ստացել։ Բարերար, գիտնական Սերգեյ Համբարձումյանն էլ սիրահոժար ստանձնեց շինարարության ֆինանսավորումը։ Նոր մասնաշենքի ներքին հարդարումը, կահավորումը եւ նորագույն տեխնիկայով ու անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործն էլ ստանձնել է «Փյունիկ» հիմնադրամը։ Այսօր ինստիտուտում աշխատում է 190 հոգի, բոլոր բաժիններն էլ վերջին տարիներին որոշ չափով համալրվել են, իսկ նոր մասնաշենք տեղափոխվելուց հետո գործընթացը կշարունակվի։
Սարալանջի բարձունքում արդեն վեր խոյացած հսկայական համալիրի նախագծի հեղինակ, ճարտարապետ Արթուր Մեսչյանը խոսելով կատարվող աշխատանքների մասին, համոզմունք հայտնեց, որ շինարարությունը պետք է բերվի ու հասցվի այն նիշին, որ մասնաշենքն արժանի լինի այստեղ պահվելիք նյութերին։ Նրա համոզմամբ, հայ ժողովուրդն ունի երկու կարեւորագույն ազգային ինստիտուտ՝ եկեղեցին ու Մատենադարանը։ Տվյալ դեպքում Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումն իր կարեւորությամբ եւ լրջությամբ պահանջում է, որ նախագծային եւ շինարարական աշխատանքներում թե բանվորների, թե վարպետների, թե նախագծողների մոտեցումներն ու վերաբերմունքն այլ լինեն։ «Շատ հետաքրքիր ու կարեւոր է, որ Հայաստանի այսօրվա իրավիճակում կա այսպիսի լուսավոր եւ հետաքրքիր կետ, քանի որ նման լուսավոր տարածքներն են իրար միանալով ստեղծում նորմալ կյանք։ Այստեղ շատ լավ միջավայր է, մարդիկ երկուսուկես տարի միասին երջանիկ աշխատում են։ Հիմա սա այդ առողջ բջիջն է, եւ, տա Աստված, որ բարեհաջող ավարտենք եւ սկսենք հին մասնաշենքի վերակառուցումը»,– ասաց զրուցակիցս։
Ճարտարապետը հիշեց, որ խորհրդային տարիներին մեկնարկած շինարարությունը կանգ առավ հենց 1988—ի աղետալի երկրաշարժի օրը, եւ 18 տարի ոչինչ չէր արվում։ Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը շարունակելու առաջարկից հետո մշակվել է նոր, շատ ավելի մասշտաբային նախագիծ։ «Հուսով եմ, որ կարողացել եմ կատարել այն խնդիրը, որը դրվել էր պատվիրատուի կողմից։ Ճարտարապետության եւ շինարարության մեջ ռոմանտիկա չկա, սրանք շատ պարզ ինժեներական աշխատանքներ են, եւ եթե այն, ինչ հիմա մենք կառուցում ենք, առաջիկա 20 տարիներին բավարար լինի ինստիտուտի նորմալ գործունեության համար, ուրեմն մեր առջեւ դրված խնդիրները կատարված կհամարենք»,–եզրափակեց Ա. Մեսչյանը։

Նոր տարածքները խթանելու են ինստիտուտի աշխատանքները բոլոր ուղղություններով

Հ. Թամրազյանի խոսքերով, նոր մասնաշենքի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է նախ պահպանման համակարգերի արդիականացմամբ եւ ընդլայնմամբ։ Մատենադարանի ձեռագրապահոցը, արխիվային փաստաթղթերի պահոցը փոքր են ու չեն բավարարում եղած նյութերին ու արդիական պահանջներին։ Խոսքը բազմաթիվ արժեքավոր վավերագրերի, կոնդակների, օտարալեզու նյութերի, արխիվային փաստաթղթերի, ձեռագրերի մասին է։ «Մատենադարանի ֆոնդերն օրեցօր հարստանում են. վերջին մեկ տարում ձեռք է բերվել մոտ երկու հարյուր ձեռագիր, ինչն աննախադեպ է Մատենադարանի պատմության մեջ»,–նկատեց նա։
Տարածքների ընդլայնումն անհրաժեշտ է նաեւ ձեռագրերի, հնատիպ գրքերի վերականգնման աշխատանքները մեծ ծավալով ու լիարժեք իրականացնելու համար։ Տարածաշրջանում լավագույնը համարվող, միջազգային հեղինակավոր գործընկերներ ունեցող վերականգնման բաժինն ունի նաեւ համապետական կարեւոր նշանակություն. այստեղ վերականգնվում են տարբեր թանգարանների, մշակութային կենտրոնների նյութերը, վերականգնողական աշխատանքներ են կատարվում նաեւ արտերկրի հայկական գաղթօջախներում։ Թեեւ վերջին երեք տարվա ընթացքում 7 նոր մասնագետ է ներգրավվել վերականգնման աշխատանքներում, բայց, ըստ զրուցակցիս, այս տեմպերով շարունակելու դեպքում 150 տարի է անհրաժեշտ բոլոր վավերագրերը, հնատիպ գրքերն ու ձեռագրերը վերականգնելու համար։ Նոր շենքում կստեղծվեն վերականգնման լաբորատորիաներ, անձնակազմը կհամալրվի, այս գործում տեմպերը նախատեսվում է եռապատկել։
Հ. Թամրազյանը շատ է կարեւորում ձեռագրերի գիտական նկարագրությունը, քանի որ դրա արդյունքում հնարավոր կլինի հայագիտական նյութերով ապահովել արտերկրի եւ Հայաստանի հետազոտողներին։ Բացի այդ, նյութերը մուտքագրվում են Մատենադարանի կայք, եւ որոնողական համակարգի շնորհիվ դրանք հասանելի են դառնում ուսումնասիրողներին։ Վերջիններս կարող են պատվիրել եւ ինտերնետով ստանալ ցանկացած ձեռագրի ցանկացած հատվածը։ Վերջին տարիներին ավելի քան 20՝ հիմնականում երիտասարդ նոր աշխատակիցներ են ներգրավվել նաեւ ձեռագրերի նկարագրման աշխատանքներում։ Ձեռագրերի գիտական նկարագրության գործընթացին զուգահեռ կատարվում են թվայնացման աշխատանքները։ «Այսօր մենք իրականացրել ենք այս տասնամյա ծրագրի մոտ մեկ երրորդը, արդեն երեք տարի այս ուղղությամբ աշխատում ենք եւ կավարտենք մոտ 7—8 տարուց»,–տեղեկացրեց նա։
Պակաս կարեւոր չեն նաեւ ինստիտուտի հրատարակչական գործունեությունը եւ ձեռագրերի մակետավորման աշխատանքները։ Մատենադարանի երկու պարբերականներից բացի, ամեն տարի լույս են ընծայվում մենագրություններ, ժողովածուներ, ալբոմներ, պատկերագրքեր, տարբեր լեզուներով տեղեկատվական գրքույկներ։ Հրատարակչական գործունեությունը նպատակ ունի հանրահռչակել Մատենադարանի համամարդկային արժեքները եւ ձեռք բերել արտաբյուջետային միջոցներ։ Իսկ ձեռագրերի մակետավորման գործընթացը կարեւոր է բնօրինակների պահպանման առումով. անընդհատ տեղափոխելուց եւ ցուցադրելուց դրանք վնասվում են, իսկ չափերով ճշգրիտ կրկնօրինակները կարող են փոխարինել դրանց։
Մատենադարանի նոր կյանքի առաջին փուլին աշնանից կհաջորդի երկրորդը, որի ընթացքում նախատեսվում է գործող շենքը հիմնանորոգել ու վերածել ցուցադրական մասի։ «Այսօր մենք հնարավորություն ունենք ցուցադրելու Մատենադարանի հսկայական ժառանգության միայն չնչին մասը»,–նկատեց նա՝ հավելելով, որ գործող շենքն ամբողջությամբ կվերածվի թանգարանի։ Այսօր գործող երկու ցուցասրահների փոխարեն նախատեսվում է, որ կլինեն առնվազն 7—ը։ Ծրագրվում է ետ չմնալ նաեւ թանգարանային ոլորտում համաշխարհային միտումներից եւ ստեղծել նաեւ վիրտուալ Մատենադարան, որի միջոցով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով այցելուներին կներկայացվեն հայկական մատենագրության գանձերը։
Երկրորդ փուլի ավարտից հետո ծրագրված է աշխատել Մատենադարանի հարակից տարածքների ուղղությամբ՝ սկսած Մաշտոցի պողոտայի սկզբից։

Նոր հնարավորություններ՝ աշխատակիցների եւ բարվոք պայմաններ՝ ձեռագրերի համար

Նորակառույց հսկա համալիրը նույն քարից է, ինչ Մատենադարանի հանրահայտ շենքը՝ Սիսիանի մոխրագույն բազալտից։ Նախագծի հեղինակ Ա. Մեսչյանն ասաց, որ փորձել է ներդաշնակ լինել ճարտարապետ Մարկ Գրիգորյանի ստեղծած կառույցին, որպեսզի շարունակությունը համահունչ ու հանգիստ լինի։ Ի սկզբանե խնդիր է դրվել, որ նորակառույց համալիրի ամենաբարձր կետը հավասար լինի գոյություն ունեցող գլխավոր մասնաշենքի քիվի նիշին։
Մատենադարանի նորակառույց համալիրն ընդգրկում է մոտ 12000 քմ տարածք, ինչը գրեթե չորս անգամ ավելի մեծ է, քան գործող կառույցը։ Համալիրը բաղկացած է 6 մասնաշենքերից։ Ըստ նախագծի՝ Ա մասնաշենքը նախկինում կիսատ մնացած հատվածն է, որը կապում է հին եւ նոր շենքերը։ Երկհարկանի Բ մասնաշենքի առաջին հարկում կտեղավորվի հայագիտական կենտրոնը, երկրորդում՝ վարչական մասն է։ Գ մասնաշենքը ներառում է կիսանկուղ, որտեղ ավտոկանգառն է, վարորդների եւ անձնակազմի սենյակները, եւ չորս հարկ։ Առաջին եւ երկրորդ հարկերում նախամուտքն ու ճեմասրահներ են, երրորդում՝ բազմաֆունկցիոնալ դահլիճը՝ թարգմանական հարմարություններով, չորրորդում՝ վիրտուալ Մատենադարանը։ Կիսանկուղ եւ չորս հարկ ունեցող Դ մասնաշենքում կտեղավորվեն ձեռագրատունը, մամուլի բաժինը, ձեռագրերի վերականգնման բաժնի սենյակները, տպագիր գրապահոցը, աշխատասենյակները, արխիվը, ընթերցասրահը, համակարգչային բաժինն ու պահեստը։ Զ մասնաշենքը նախատեսված է կաթսայատան ու ենթակառուցվածքների անցուղու համար։
«Առանց Հունանի չեմ կարող, առանց Ալբերտի, Միկան էլ իր գործի աստվածն է, տղերքը բոլորն էլ իրենց գործը լավ են անում»,–նկատեց ճարտարապետը՝ խոստովանելով, որ ամբողջ օրը պետք է տեղում լինի, անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող երկար ժամանակով բացակայել, հաճախ ի հայտ են գալիս հրատապ լուծումներ պահանջող նոր խնդիրներ։ Ճարտարապետի ներկայացմամբ, այս պահին գործն արդեն ավարտական փուլում է, կատարվում են ինժեներական վերջին աշխատանքները, ավարտվել են ճակատները, դռներն ու պատուհանները մոնտաժվել են, շինությունն արդեն ջեռուցվում է, կտեղադրվեն օդափոխության, հակահրդեհային եւ անվտանգության համակարգերը։
Ճարտարապետի գործընկեր եւ նախագծի համահեղինակ Պարույր Պողոսյանը նշեց, որ գաղափարի հեղինակին ինքն աջակցել է միայն տեխնիկական հարցերում եւ աշխատանքային գծագրերում։ Նա բացատրեց, որ երկու շինություններն իրար կապող երկար միջանցքի շնորհիվ նոր համալիրի կենտրոնական թմբուկի մասը բավականին հեռացվել է, եւ Մաշտոցի պողոտայի կողմից տեսադաշտում կշարունակի գերիշխող լինել Մատենադարանի հիմնական գործող շենքը։ Կենտրոնական թմբուկը մոտ հինգհարկանի շենքի բարձրության է, դրա վերեւի հատվածում դիտահարթակ է։ Ինստիտուտի մուտքը նախատեսվում է, որ կլինի նոր համալիրից, այստեղ նախ շքամուտքն է, տպավորիչ աստիճանավանդակն ու ճեմասրահը։ Նորագույն լուծումներին զուգահեռ պահպանվել է նաեւ մեր ավանդական ճարտարապետության դեմքը։ Շինության ներսում միջանցքների անցուղիներին տրվել են կամարաձեւ լուծումներ, տեղադրվել են զարդանախշերով սյուներ։ Օգտագործվել է մարմար ու տրավերտին, ներքին հարդարումը կլինի թույլ կարմրավուն երանգներով։
Շինարարության գլխավոր կապալառու «Ալբերտ Կարախանյան եւ որդիներ» ընկերության գլխավոր ինժեներ Հունան Կոստանյանի խոսքերով, ներկայումս աշխատանքների եռուն շրջանն է, շինհրապարակում մոտ վեց ենթակապալառու ընկերությունների ավելի քան 200 աշխատակիցներ են։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, նա գոհ է շինարարների աշխատանքից. «Սա սովորական բնակելի շենք չէ, մենք սերունդների համար Մատենադարան ենք կառուցում, շինարարները գիտակցում են դա, եւ մոտեցումը, բնականաբար, այլ է։ Տարիներ հետո հպարտանալու ենք, որ Մատենադարանի շինարարությանն ենք մասնակցել»։
2009 թվականի վերջերից սկսած աշխատանքները հուլիսի կեսերին ամբողջությամբ կավարտեն եւ մինչեւ հանդիսավոր բացման օրը՝ սեպտեմբերի 21—ը, կկազմակերպվի նաեւ նյութերի տեղափոխումը։ Այնպես որ, կբացվի ոչ թե նոր շինություն, այլ նաեւ գործող ինստիտուտ։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


seis + = 15