Հովհաննես Թումանյանի ծոռը՝ Արարատի գագաթին

Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգի գլխավոր իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հովհաննես Թումանյանի Արեգ որդու Արեգ թոռը իր Ռուբեն որդու եւ Պավել փեսայի հետ բարձրացավ Արարատ լեռան գագաթը. «Երբ անցած տարի Երեւան եկա եւ մի առավոտ տեսա պարզ ու պայծառ Արարատը, մտքումս որոշեցի, որ հաջորդ տարի պետք է Արարատ բարձրանալ։ Ինձ սիրով ընկերակցեցին որդիս՝ Ռուբենը եւ փեսաս՝ Պավելը»։
Այդ վերելքից հետո նրանք եղան Վանում, Կարսում, Անիում։ Թումանյանի որդիներից Արտիկը զոհվել է Վանի պաշտպանության ժամանակ։ Փորձեցին գտնել այդ տեղերը եւ իրենց հարգանքի տուրքը մատուցել նրա հիշատակին։ Անջնջելի ու հարուստ տպավորություններով վերադարձան Երեւան ու անհապաղ գնացին Դսեղ, նպատակ ունենալով մեծն Թումանյանին «իմաց տալու» իրենց կատարած քայլերի մասին։ Այնտեղ նա հանդիպեց ժողովրդական դերասան Սոս Սարգսյանին։ Նա էլ էր այցի եկել Մեծ լոռեցուն։ «Երկրորդ անգամ էի հանդիպում մեծ դերասանի հետ,–ասում է Արեգ Թոթոլյանը,— բայց ուրիշ էր այս հանդիպումը։ Նստել էինք մեր պապենական տան առաջին հարկում, եւ մեծ դերասանը խոսում էր իմ մեծ պապի մասին, իսկ ես կլանված լսում էի։ Ամեն անգամ Դսեղ գալը ինձ համար ուխտագնացություն է»։
Այս տարի, Արարատ բարձրանալուց հետո, Արեգ Թոթոլյանը մեկ այլ ուխտագնացություն էլ կատարեց։ Նրան Շուշիում հաջողվեց գտնել հորական կողմի պապերի ու ապուպապերի գերեզմանները։ «Թվում էր, թե ամեն ինչ կորած է,–ասում է Արեգ Թոթոլյանը,–բայց գտանք մեր հարազատներից մի մասի գերեզմանները, կարգի բերեցինք։ Եվ դա ես հատուկ արեցի իմ որդու՝ Ռուբենի հետ։ Հուսով եմ, որ նա եւս անտարբեր չի լինի իր նախնիների գերեզմանների նկատմամբ։ Էլ ավելի մեծ սեր կունենա իր նախնիների երկրի նկատմամբ»։
Ընդհանրապես Հովհաննես Թումանյանի շառավիղները անցած տարի Դսեղում կայացած հանդիպումից հետո ավելի հաճախ են իրենց հայացքը հառում դեպի իրենց պապի հայրենիքը։ Նրանք պարզապես իրենց տուն են գալիս, գալիս են իրենց կարոտն առնելու, հաղորդակցվելու այս երկրի մարդկանց հետ։
«Հանդիպել եմ Արեգի, նրա որդու, փեսայի հետ,–ասում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,–միասին Դսեղ ենք գնացել, համարյա մեկ ամբողջ օր անցկացրել այնտեղ, տուն—թանգարանում։ Ուրախալին այն է, որ անցած տարվա հավաքից հետո ավելի հաճախակի են դարձել Թումանյանի ժառանգների այցելությունները Հայաստան։ Իսկ դա նշանակում է, որ նրանք եւս վերադառնում են հայրենի տուն»։

Դավիթ ԴԱՎԹՅԱՆ

Դսեղ—Երեւան

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


3 + cinco =