Հովիկ Աբրահամյանն այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին

Raffi Hovhannisian, Hovik Abrahamyan

Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին երեկ այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Ինչպես հայտնեցին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը Րաֆֆի Հովհաննիսյանին հորդորեց դադարեցնել հացադուլը, վերադառնալ Ազգային ժողով եւ մասնակցել օրենսդիր մարմնի աշխատանքներին, քանի որ խորհրդարանն ավելի լավ ամբիոն է խնդիրներ բարձրացնելու եւ քննարկելու համար։ Պարոն Աբրահամյանը նշեց, որ այս քառօրյայում, օրինակ, քննարկվել է Ընտրական օրենսգրքի նախագիծը, ինչպես նաեւ «Հավաքների ազատության մասին» օրինագիծը եւ լավ կլիներ, որ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունն իր առաջարկությունները հնչեցներ այդ նախագծերի վերաբերյալ։ «Ձեր խմբակցության տեղը երեւում է խորհրդարանում, եւ ես հորդորում եմ ձեզ վերադառնալ խորհրդարան»,–ասաց ԱԺ նախագահը։
Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին՝ այցի համար։ Նա նշեց, որ գուցե առաջիկայում կկարողանա ընդունել հացադուլը դադարեցնելու մասին՝ ԱԺ նախագահի հորդորը։
ԱԺ նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպելուց հետո պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ «Ժառանգության» առաջնորդի՝ արտահերթ ընտրությունների մասին պահանջին։
«Մենք ամեն ինչ պետք է անենք Սահմանադրությանը համապատասխան. ժողովրդի ցանկությունը երեւում է ընտրությունների արդյունքում։ Շատ ժամանակ չի մնացել խորհրդարանական ընտրություններին, եւ մեր հասարակությունը, քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրենց տեսակետները հայտնել 2012թ. մայիս ամսին՝ խորհրդարանական ընտրություններին»,–ի պատասխան հայտարարեց Հովիկ Աբրահամյանը։
Նա հավելեց, որ յուրաքանչյուր արտահերթ ընտրություն բացասաբար է անդրադառնում պետության իմիջի վրա։
Այնուհետեւ պարոն Աբրահամյանին մոտեցան բազմաթիվ քաղաքացիներ, ներկայացրին իրենց մտահոգությունները եւ խնդիրները։ Խորհրդարանի ղեկավարը սիրով լսեց բոլորին եւ խոստացավ աջակցել։
Նշենք, որ մինչ ԱԺ նախագահի այցը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են կոալիցիոն ՀՀԿ—ի, ԲՀԿ—ի եւ ՕԵԿ—ի ներկայացուցիչ պատգամավորները՝ հորդորելով Ր. Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը։ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ—ական Սամվել Բալասանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը Հովհաննիսյանին փոխանցել են հացադուլը դադարեցնելու մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հորդորը։ Րաֆֆի Հովհաննիսյանին էին այցելել նաեւ ՀՅԴ—ական պատգամավորներ եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը։
Ի դեպ, Ազատության հրապարակում մամուլի ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրեն ներկայացել է մի երիտասարդ՝ ասելով, որ նախագահի նստավայրից է։ «Երեկ վրանը տեղադրելուց հետո ինձ մոտեցավ մի երիտասարդ, ներկայացավ՝ նախագահի նստավայրից եւ ինձ փոխանցեց, որ նախագահի հանձնարարականով, նախագահի անունից Յուրի Վարդանյանը ցանկանում է հանդիպել ինձ հետ եւ առանձնազրույց ունենալ»,–ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ի պատասխան այս կապակցությամբ «Tert.am»—ի հարցին՝ ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանն ասել է, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր խորհրդականներից որեւէ մեկին չի ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու։

HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


nueve − 3 =