Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսները, սուրբ հայրը եւ նավապետը

Ախ, այդ Մելբուռնը։ Պարզապես մոլորեցրեց։ Ոչ մի կերպ չեմ կարողանում գլուխս ազատել բազմաթիվ թեմաներից, սյուժեներից, խոստումներից … Օրինակ, պատմելով ականավոր ծովագնաց Մեթյու Ֆլինդերսի մասին, որն անձամբ էր գծագրում իր հայտնաբերած բազմաթիվ կղզիները, հրվանդանները, նեղուցները, ես ուշադրություն դարձրի, որ նրա անունն Ավստրալիայում հնչում է շատ ավելի բարձր, քան, ասենք, Կուկինը կամ Թասմանինը։ Նա շատ ավելի հայտնի է ու սիրված։ Այդ մասին է խոսում եւ այն փաստը, որ բազմաթիվ աշխարհագրական կետեր, կազմակերպություններ ու հաստատություններ կրում են Ֆլինդերսի անունը։ Եվ ահա, ինքս ինձ հարց տալով՝ «Ինչո՞ւմն է գաղտնիքը», ես նախորդ ռեպորտաժում գրել եմ. «Դա շատ հետաքրքիր պատմություն է։ Բայց ավելի լավ է այդ մասին պատմեմ, երբ արդեն Մելբուռնում կլինենք եւ Բաբասն ու Հայկը կպատրաստեն Մեթյու Ֆլինդերսի հուշարձանի մի լավ լուսանկար»։
Եվ ահա երկու այնճարցիներ՝ Փայլակ Ադամյանը եւ Կարո Իֆրաջյանը (երկուսն էլ ծնվել են լիբանանյան Այնճարում, հասակակիցներ են), մեզ տարան ծանոթացնելու այդ հուշարձանին։ Կարծում եմ, նախքան իր՝ Մեթյու Ֆլինդերսի հետ ծանոթանալը, ե՛ւ ճիշտ, ե՛ւ արդարացի կլինի մի քանի խոսք ասել Մելբուռնում ոչ պակաս սիրված այնճարցիների մասին։
Փայլակը։ Նա վաթսունվեց տարեկան է։ Երկու տարեկանում կորցրել է հորը, որը Լիբանանում զոհվել է ավտովթարի ժամանակ։ Մեծացել է նահապետական ընտանիքում։ Արդեն քառասուն տարի Մելբուռնում է, բայց չկա մի օր, որ չհիշի իր Այնճարը, հարազատ գյուղի շրջակայքի բլրաշատ բնությունը, կանանց, որ առավոտից մինչեւ երեկո աշխատում էին տանը եւ դրսում, տղամարդկանց, որոնք չէին բաժանվում զենքից ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը։ Կարոտում է Աստծո ոչ մի տան չնմանվող այնճարյան բետոնե եկեղեցին։ Հիշում է նույնիսկ մեծ աչքերով իր իշուկին, որն իր հետ օր ու գիշեր բանում էր։ Խոստովանում է, որ դաշնակ ծնվել է, դաշնակ էլ մեռնելու է։ Հզոր ձայն ունի եւ հարմար պահի երգում է հայտնի ու լեգենդար քայլերգերը, որոնք ամբողջ սերունդներ են դաստիարակել ազատության պայքարի ոգով։ Կինը Հալեպից է։ Անունը Վիկտորիա է։ Ունի որդիներ՝ Գեւորգը եւ Հրայրը, եւ դուստր՝ Շողերը։ Շփվում են միայն հայերենով։ Ղեկավարում է դաշնակյան կենտրոնի նոր շենքի շինարարությունը՝ ժամանակ առ ժամանակ կրկնելով. «Սա ողջ համայնքի համար է»։
Մայրենի լեզվի առումով մյուս այնճարցու՝ Կարո Իֆրաջյանի մոտեցումը քիչ տարբեր է։ Ես կասեի՝ անխորտակելի։ Ահա թե ինչ է ասում նա. «Եթե իմ տուն բերեն նույնիսկ առյուծ, նա անպայման ինձ հետ հայերեն է խոսելու»։ Այնպես որ, նրա չորս զավակները՝ երեք որդիները եւ դուստրը, կարող են հայոց լեզվի ուսուցիչներ դառնալ, թեեւ ծնվել են Ավստրալիայում։ Ինքը՝ Կարոն, ինչպես ասում է, առաջին մասնագիտությամբ ոսկերիչ է։ Հետո ուղղում է, թե առաջին մասնագիտությամբ դաշնակ է։ Եթե կա առաջին մասնագիտություն, ուրեմն ուրիշներն էլ կան։ Ահա դրանք. շինարար, գինեգործ, ճաշարանատեր։ Բայց ամենից շատ հպարտանում է գինեգործությամբ ու բռնցքամարտով։ Միշտ մոտն է այն լուսանկարը, որտեղ ինքն է՝ մկանուտ, բռնցքամարտի ձեռնոցներով, ռինգում։ Ծովագնաց Մեթյու Ֆլինդերսին այցելելու համար մեր անձնակազմին ուղեկցում էր նաեւ Մելբուռնի զբոսավար, մասնագիտությամբ հրուշակագործ Գալուստ Իֆրաջյանը (Կարոյի ազգականը)։ Գալուստը հպարտանում է, որ, երբ 2000 թվականին Ալբերտ Ազարյանն այցելել էր իր մարզական Մեքքա՝ Մելբուռն, օդանավակայանում ինքն էր դիմավորել նրան։
Ֆլինդերսի հուշարձանը Սուրբ Պողոս տաճարի մոտ է։ Նա կանգնած է նավաքթին, ամուր բռնած իր սուսերը։ Հակիրճ գրություն՝ «Նավապետ Մեթյու Ֆլինդերս»։ Մնացյալը՝ դպրոցական դասագրքերում, որոնք Անգլիայում մի բան են ասում, Հոլանդիայում՝ այլ, Ֆրանսիայում՝ մեկ այլ։ Քսանութ տարեկանում Ֆլինդերսը հասցրել էր հաղթահարել ու հայտնագործել շատ բաներ։ Եվ 1803 թվականի դեկտեմբերին, հերթական արշավանքն ավարտելուց հետո, ուղղություն վերցրեց դեպի Եվրոպա։ Ճանապարհին այցելեց Մավրիտանիա կղզի, որն արդեն վաղուց ֆրանսիական գաղութ էր։ Խեղճ Մեթյուն, մինչ հայտնագործում էր իր աշխարհագրական կետերը, չգիտեր, թե ինչ է կատարվում աշխարհում։ Օրինակ, չգիտեր, որ այդ ժամանակ, կարճատեւ հաշտությունից հետո, Նապոլեոնը պատերազմի է բռնվել Անգլիայի հետ։ Եվ ահա անգլիացին ինքն է կամովին խարիսխ նետում ֆրանսիական կղզու նավաշարում։ Ամենասարսափելին այն չէր, որ նա մոտ յոթ տարի բանտարկյալ էր ֆրանսիական կղզում։ Շատ ավելի ողբերգական էր այն, որ բռնագրավեցին նրա բոլոր նյութերը, փաստաթղթերը, գծագրած աշխարհագրական քարտեզները։ Ավելին, այդ նյութերը հետո օգտագործեցին՝ ինչպես ցանկացան։ Որոշ անվանումներ փոփոխեցին իրենց ձեւով։ Հիրավի, հաղթողներն են գրում պատմությունը։ Եվ, այնուամենայնիվ, նյութերի հիմնական մասը պահպանվել էր Անգլիայում։ Կյանքի մնացած չորս տարում նա հասցրեց գիրք գրել՝ «Ճանապարհորդություն դեպի Տերրա Աուստրալիս»։ Այդ գրքին նա կցեց քարտեզ, որը վերնագրել էր «Տերրա Աուստրալիսի կամ Ավստրալիայի գլխավոր քարտեզ»։ Այդ գիրքը դարձավ յուրօրինակ ջահ, որը լուսավորեց աշխարհագրության նոր էջեր։ «Ավստրալիա» տերմինն աստիճանաբար դարձավ գերիշխող։ Իսկ Ֆլինդերսի մահից երեք տարի անց՝ 1817 թվականին, Նոր Հարավային Ուելսի նահանգապետը բոլոր ծառայողական փաստաթղթերում պաշտոնապես օգտագործում էր միայն «Ավստրալիա» անվանումը։ Այդպես դադարեց գոյություն ունենալ Նոր Հոլանդիան։ Եվ Մեթյուն դարձավ հինգերորդ մայրցամաքի ամենասիրված մարդը։
…Եվս մեկ պարտք։ Արարատ քաղաքը։ Այդ անվանակոչման պատմությունն ուշագրավ է։ Կարծում եմ, արժե, որ մեր ընթերցողներն իմանան այդ մասին՝ թեկուզ այն պատճառով, որ բուն անունը կապակցվում է աստվածաշնչյան լեռանը։ Պահպանվել են օրագրային գրառումները եւ անունը այն մարդու, որն առաջինն է արտասանել այդ բառը։ Դա իտալական ծագումով անգլիացի ֆերմեր Հորացիո Սպենսեր Ուիլլիսն էր։ Իր ընտանիքով ճամփորդելով այդ շրջանում, Մելբուռնից երկու հարյուր կիլոմետր հեռավորության վրա, դեպի Ադելաիդա տանող ճանապարհին նա պատսպարվելու տեղ էր փնտրում։ Ահա թե ինչ է գրառել. «Այստեղ զով դաշտ է եւ նոր արոտավայրեր։ Սա մեր դեգերումների վերջն է»։ Եվ, դիմելով կնոջն, ավելացրել էր. «Մենք այս տեղը կկոչենք Արարատ»։ Բանն այն է, որ մոտակա բլուրը հիշեցնում էր աստվածաշնչյան սարը, որի գրաֆիկական պատկերը տեսել էր մի գրքում։ Իսկ տենտով ծածկված իրենց սայլը անվանեց Նոյյան Տապան։ Շուտով Արարատից ոչ հեռու ոսկի գտան։ Հայտնվեցին նոր վերաբնակներ։ 1840 թվականին հիմնվեց Արարատ ավանը, որը միայն 1950 թվականին քաղաքի կարգավիճակ ստացավ։ Այս երկրամասը հայտնի դարձավ ոչ միայն իր աստվածաշնչյան անունով, ոչ միայն ոսկով, այլեւ ֆիրմային գինիներով։ Այստեղի խաղողն ամենահամեղն է։ Այդպես են պնդում արարատցիները։ Մեր բարեկամ Գալուստ Իֆրաջյանը, որը շատ օգնեց արշավախմբին հինգերորդ աշխարհամասի պատմության հարցերում, «Արմենիա»—ի հեռանալուց անմիջապես առաջ պատմեց այն մասին, որ մի քանի տարի առաջ արարատցիները ծառեր են տնկել Արարատից մինչեւ Բոլարատ ընկած ճանապարհի երկու կողմերում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի եւ զոհված ավստրալիացի ծովայինների։
…Դարձյալ հրաժեշտ։ Որքա՜ն տարբեր են մեր հանդիպումներն ու բաժանումները։ Հանդիպում ենք, թվում է, բոլորովին անծանոթ, իսկ բաժանվում ենք ինչպես հարազատ եղբայրներ եւ քույրեր։ Ողջ անձնակազմով կանգնած ենք տախտակամածին եւ նայում ենք մեզ ճանապարհողների դեմքերին։ Ողջ նավամատույցն զբաղեցրել են մոտիկ ծանոթ, մի տեսակ հարազատ մարդիկ։ Դարձյալ նույն երջանիկ դեմքերն են եւ արցունքներն՝ այտերին։ Ես խնդրեցի, որպեսզի, պահպանելով ավանդույթը, հրաժեշտի ժամանակ տախտակամածից արդեն ոչ թե մենք խոսենք, այլ տանտերերը։ Բարձրացավ եկեղեցական խորհրդի նախագահ Նազարեթ Գալստյանը։ Գտավ անհրաժեշտ բառերը՝ հազիվ թաքցնելով հուզմունքը։ Եվ սակայն չդիմացավ։ Չցանկացավ զսպել իրեն։ Արցունքները խանգարում էին խոսել։ Սանդուղքով դանդաղ բարձրացավ Փայլակը՝ իր երկու մետր հասակով։ Ես զարմացա՝ լավ իմանալով, որ նա գլուխ չունի հռետորության հետ։ Եվ նա բարձր երգեց ազատության մասին։ Ողջ նավամատույցը միասնական երգչախումբ դարձավ։
Ես այս գործն այսպես չեմ թողնի։ Այնքան շատ գրառումներ եմ արել հուշատետրումս։ Դեռ կվերադառնամ դրանցից շատերին։ Իսկ առայժմ տեսնում էի, որ հայտնվեց համայնքի առաջնորդներից մեկը՝ Հովիկ Շահինյանը, Սուրբ Աստվածամայր եկեղեցու գլխավոր քահանա, Մելբուռնի հայերի հոգեւոր հովիվ, ավագ քահանա Կիրակոսի հետ։ Իմանալով, որ սուրբ հայրը գալիս է, մատույցին հավաքվածներն իսկույն նեղ անցում բացեցին նրա համար։ Մենք գիտեինք, որ ոչ բարձրահասակ այդ հոգեւոր առաջնորդը մեծ հեղինակություն է վայելում Մելբուռնի համայնքում։ Հոգեւոր ծառաների դերը հայկական սփյուռքում դժվար է գերագնահատել։ Սա լուրջ թեմա է, որ արծարծման կարիք ունի։ Դրան պետք է վերադառնալ։
Սուրբ հայրը ճարպկորեն բարձրացավ տախտակամած։ Այնպես ստացվեց, որ կանգնեց նավապետի կողքին։ Այո, իհարկե, կյանքում նման բան էլ է պատահում։ Հայրենիքից այդքան հեռու, «Արմենիա» առագաստանավի վրա, հայկական դրոշի եւ Սուրբ Էջմիածնի առաքելական եկեղեցու խորհրդանիշի տակ կողք—կողքի կանգնած են նավի նավապետը եւ տեղի հայերի հոգեւոր առաջնորդը։ Երկուսն էլ ծնվել են Բաթումիում։ Տարբեր ժամանակներում սովորել են միեւնույն դպրոցում, որտեղ դասավանդում էր Սամվելի հայրը, հաճախել են միեւնույն թատրոնը՝ կառուցված դեռեւս 1886 թվականին։ Նույնիսկ 2006 թվականին Սամվելի կատարած լուսանկարը կա, որտեղ սուրբ հայրն օրհնում է նրա ազգականի հարսանիքը։ Եվ հանկարծ՝ Մելբուռնի նավահանգիստ, «Արմենիա»—ի տախտակամած եւ կողք—կողքի՝ բաթումցի նավապետ եւ երեց քահանա։
…Կրկնում եմ, Մելբուռն ես պետք է վերադառնամ, որպեսզի փակեմ իմ հուշատետրերը։ Այնտեղ շատ սյուժեներ կան եւ հայրենակիցների դեմքեր։ Իսկ առայժմ մեր քույրերի եւ եղբայրների հիացական հայացքների տակ «Արմենիա»—ն երկու տասնյակ մետր հեռանալով նավամատույցից, սկսեց դանդաղ բացել երեսուն մետրանոց կարմիր—կապույտ—նարնջագույն դրոշ—առագաստը։ Ես հեռադիտակով տեսա արդեն ծանոթ ու հարազատ դեմքերը։

…2011 թվականի ապրիլի 26, ժամը 17։ Երեւանում նույն օրվա կեսօրն է։ Հենց նոր Ռոտոնդո կղզու մոտ «Արմենիա»—ն հատեց երկու օվկիանոսների միացման (հատման) գիծը։ Հնդկական օվկիանոսով անցնելով 270 մղոն, այն նորից մտավ Խաղաղ օվկիանոսի ջրեր։ Մինչեւ Սիդնեյ մնացել է մոտ հինգ հարյուր մղոն։

Զորի ԲԱԼԱՅԱՆ
Հնդկական եւ
Խաղաղ օվկիանոսներ

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


seis + 6 =