ՀՀ արտգործնախարարի այցելությունը Նյու Յորք շարունակվում է

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 28-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հանդիպման ժամանակ քննարկվեցին հաջորդ տարի ԵԽ-ում Հայաստանի նախագահության նախապատրաստական աշխատանքներն ու ՀՀ նախագահության առաջնահերթությունների մշակման գործընթացը, կազմակերպության բարեփոխումներին առնչվող հարցեր, Հայաստան – Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի իրականացումը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդասպան Սաֆարովին ազատ արձակելուն եւ հերոսացնելուն՝ ԵԽ գլխավոր քարտուղարը այն անընդունելի որակեց: Այս առումով նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի եւ կազմակերպության տարբեր կառույցների միանշանակ եւ միահամուռ դատապարտող արձագանքը:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հանգամանալից քննարկվեցին հայ-ռուսաստանյան հարաբերությունների օրակարգի բազմաթիվ հարցեր՝ երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ռազմավարական փոխգործակցության ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը եւ դիրքորոշումների համադրումը:

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր փոխանակեցին մարդասպան Սաֆարովի ազատ արձակման հետեւանքով ստեղծված իրավիճակի հաղթահարման, բանակցությունների ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շարունակման շուրջ:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանն արծարծվեցին նաեւ միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման հիմնական հարցերն էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ Դուբլինում կայանալիք՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները:

ՄԱԿ-ում ՀՀ մշատական ներկայցուցչությունում Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը` կառույցի նախագահ դեսպան Աարոն Յակոբի գլխավորությամբ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասի տարաշրջանային զարգացումների, Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների վերաբերյալ:

Հայաստանի ԱԳ նախարարի եւ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի զրույցի ժամանակ անդրադարձ արվեց ՀԱՊԿ, ԱՊՀ եւ այլ միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը, տնտեսական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ:

Նախարարները քննարկեցին անցյալ տարի ՀՀ Նախագահի՝ Հունաստան կատարած պետական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանը եւ այդ շրջանակներում ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացին: Հունաստանի արտգործնախարարը ներկայացրեց տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտգործնախարարի եւ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հանդիպմանն անդրադարձ եղավ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին:


Նոյյան տապան

http://mediaforum.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


1 + ocho =