ՀՀ անկախության տոնի առիթով Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ուղերձով

Raffi Hovhannisian felicita por 21º de la RA

Երեւան: Հայաստանի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր ուղենշային խոսքով հանդես եկավ ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նախագահական ընտրությունների նախաշեմին Հովհաննիսյանը հրապարակեց այն ծրագրահենքը, որի մեկ տասնյակից ավելի առաջնահերթությունները, ներքին եւ արտաքին մարտահրավերները, հնգամյա կտրվածքում ենթակա են հանգուցալուծման` անկախ նրանից, թե ով կլինի նախագահի հաղթող թեկնածուն:

 

«Կրթված երիտասարդ ուղեղային ուժի եւ քաղաքացիականապես ակտիվ, խոստումնալից սերնդի առաջնորդությամբ վերջապես ազգին կպատկանի մի Սահմանադրություն, որն այլեւս չի լինի լոկ երազանքների ու հայտարարությունների փաստաթղթավորում: Այն տերը կդառնա գործուն խորհրդարանական հանրապետության»,- իր ուղերձում այսպես է ուզում Հայաստանի վաղվա օրը տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Վերջում Հովհաննիսյանը Անկախության տոնի առթիվ շնորհավորեց ներկաներին եւ համայն հայությանը:

 

Հանրապետության 21-րդ տարեդարձի առթիվ

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը

 

Հայաստանի Հանրապետության 21-րդ տարեդարձը վերջնական ճշմարտության իմ պահն է: Այս պահը կարող է սահմանել եւ զատորոշել մեզանից յուրաքանչյուրին, կամ էլ առավելագույնս մշակել մարդկային ընդհանուր հայտարարներ: Բազում տարբերությունների այս աշխարհում ես հակված եմ վերջինին:

1.       Ես հաջորդ 100 օրը կնվիրեմ հինավուրց Հայաստանի ժամանակակից պետության նախագահության` քաղաքացիական համոզիչ թեկնածության ձեւավորմանը: Նա, ով ի վերջո կդառնա 2013թ. արշալույսին  նախատեսված այդ հավաքական պայքարի կրողը՝ ես, թե մեկ ուրիշը, պետք է կյանքի կոչի մի քանի հիմնական պահանջներ:

2.       Մեր օղակված հայրենիքը, որտեղ ես չեմ ծնվել, բայց ուր քսան տարուց ավելի է՝ վերադարձել եմ, պետք է անցկացնի 1991թ. հետխորհրդային անկախությունից ի վեր իր առաջին ժողովրդավարական ընտրությունները: Հայաստանը կարիք ունի նոր` de jure նախագահի:

3.       Նոր վարչակազմը կաշխատի նախագահության մեկ շրջան. չորրորդ նախագահը չի վերընտրվելու:

4.       Հաջորդ հինգ տարիների ընթացքում հայ ժողովուրդը կհրավիրի Սահմանադիր ժողով, կհռչակի խորհրդարանական հանրապետություն, կպարտադրի օրենքի գերակայություն, կառանձնացնի իշխանության ճյուղերը եւ կդարձնի նրանց հաշվետու, կտարանջատի մեծ բիզնեսը հանրային կառավարումից, կպաշտպանի քաղաքացիների իրավունքները, կվերացնի պաշտոնյաների անձեռնմխելիությունը, հատուկ դատախազի լիազորությունների միջոցով նախագահությունից սկսյալ մինչեւ ամենաստորին օղակները հիմնովին արմատախիլ կանի կոռուպցիան, կաշառակերությունը եւ շահերի բախումը: Մարդու իրավունքի գերակայության հարցում ոչ մի բացառություն չի լինելու:

5.       Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք՝ լինի էթնիկ հայ կամ փոքրամասնության ներկայացուցիչ, ինչպես նաեւ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը կապահովվեն քաղաքացիություն ստանալու հավասար պայմաններով եւ կօժտվեն դրանից բխող համապատասխան բոլոր պարտականություններով ու իրավասություններով՝ ներառյալ ընտրական, արժանապատիվ կյանքի եւ մահվան, պատշաճ ընթացակարգերի, օրենքի առջեւ հավասարության ու պաշտպանվածության իրավունքները:

6.       Հայրենիքը եւ Սփյուռքը համատեղ կգտնեն ժամանակակից բանաձեւ` պետականաշինության, տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի հանդեպ բարեխղճության, քաղաքացիների բարեկեցության եւ համաշխարհային գործերի ներուժային մասնակցության համար:

7.       Համեստորեն, բայց ինքնավստահ, Հայաստանը կդարբնի, կշրջանակի եւ պատկան կդարձնի իր ազգային կենսական շահերն ու միջազգային հրամայականները:

8.      Հանրապետությունը պետք է փայփայի իր ինքնիշխանությունը եւ տարածաշրջանում ու աշխարհում անմիջապես դառնա ռազմավարական հավասարակշռության իրական խթանիչը: Նա պետք է վերակառուցի Ռուսաստանի Դաշնության հետ իր անպատեհ ուղղահայաց հարաբերությունները` հասնելու համար համագործակցության, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հորիզոնական մակարդակի եւ դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականության ուղղություններն առանձին, բայց համարժեք կապերով ՀԱՊԿի ու ՆԱՏՕի, Չինաստանի ու Հնդկաստանի, բարելավված Վրաստանի, նորացված Իրանի եւ մեծ Միջին Արեւելքի հետ:

9.      Նախագահության կեսին` 2015թ. ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի օրը արժե, որ Թուրքիայի Հանրապետությունն իր մեջ քաղաքական խիզախություն եւ բարոյական տոկունություն գտնի՝ կամրջելու հայթուրքական վիհը, ճանաչելու մարդկության հանդեպ գործած այդ աննախադեպ ոճիրն ու հաստատելու հաշտություն՝ ճշմարտության ընդունման եւ էական փոխհատուցման հիման վրա խարսխված հարաբերությունների բնականոնացման ճանապարհով: Հաղթահարելով իր մեջ արմատացած ժխտողականության ժառանգական գիծը՝ Թուրքիան պատասխանատվություն պետք է ստանձնի` առանց հնացած արձանագրությունների ու այլ պայմանականությունների հղման հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, վերացնելով Հայաստանի շրջափակումը եւ բանակցությունների ուղենշային գործընթաց սկսելով հայ ժողովրդի հետ՝ մարդկության բաց վերքը փակելու, մասնավոր ու հավաքական իրավունքները վերականգնելու եւ դեպի Ազգային օջախ վերադարձի երաշխավորված ծրագիր ապահովելու համար: Անկարայի նախկին մոտեցման մեջ էական փոփոխության բացակայության դեպքում Երեւանը նույն օրը կհրապարակի իր սեփական պահանջներն ու նախապայմանները: Դրան զուգահեռ` մեր մայրաքաղաքում հուշարձան կկանգնեցվի ի պատիվ բոլոր այն արդարամիտ թուրքերի ու քրդերի, ովքեր Ցեղասպանության ժամանակ փրկեցին հայերի, այդ թվում նաեւ` իմ մեծ մոր կյանքը:

 

10.   Նախքան նշաձողային ընտրությունների անցկացումը, որը հանրային ծառայության կբերի նոր խորհրդարանին, վարչապետին, ապաեւ նախագահին, Հայաստանի չորրորդ վարչակազմը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը` յուրաքանչյուրն իրեն համապատասխանող օրինավոր եւ հետբոլշեւիկյան տարածքային ամբողջականության հենքի վրա: Sui generis արհեստածին սկզբունքը (Կոսովոյի կամ որեւէ այլ պարագայում) պատասխանատվությունից խուսափումն է կամ, լավագույն դեպքում, իրավական մանիպուլյացիան` ուժի ցուցադրության նպատակով, ուստիեւ միջազգային հանրությունը նույնպես պետք է ինքնամաքրվի եւ օրենքի գերակայությունը տարածի այս հիմնահարցի վրա եւս: Բոլոր ազգերի բոլոր փախստականներին այդ դեպքում կարող է թույլ տրվել անվտանգ իրականացնելու իրենց հայրենադարձությունը: Սակայն քննարկումից դուրս ու բյուրեղի պես պարզ է, որ Արցախն այլեւս երբեք չի տառապի ավատատիրական մի վարչակարգից, որը պանծացնում է կացնահարող մարդասպաններին եւ օրը ցերեկով ավերում մշակութային այնպիսի գանձեր, ինչպիսիք են Ջուղայի միջնադարյան գերեզմանների խաչքարերը:

11.   Հայաստանը` իբրեւ արեւմտյան քաղաքակրթության անտիկ սկզբնաղբյուր, կդառնա Եվրոպական Միության անդամ ոչ այս ժամանակաշրջանում, այլ հաջորդող կառավարության օրոք: Կրթված երիտասարդ ուղեղային ուժի եւ քաղաքացիականապես ակտիվ, խոստումնալից սերնդի առաջնորդությամբ վերջապես ազգին կպատկանի մի Սահմանադրություն, որն այլեւս չի լինի լոկ երազանքների ու հայտարարությունների փաստաթղթավորում: Այն տերը կդառնա գործուն խորհրդարանական հանրապետության: Այն խորին պատկառանք կտածի սեփական ինքնիշխանության եւ շահերի, ինչպես նաեւ իր քաղաքացիներին ի ծնե տրված իրավունքի նկատմամբ:

12.   Եվ այն կակնկալի, որ Եվրոպան ու աշխարհը կանեն նույնը:

 

Այս կետերը` վիպական կամ վերջապես իրական, կուրվագծեն Հայաստանի ներքին չափանիշներն ու աշխարհաքաղաքական կարողականությունը կանխատեսելի ապագայում: Ավելի ուշ ես կարող եմ մի քանի այլ բան ավելացնել, հատկապես այն իրողությունների լույսի ներքո` լինեն դրանք կոշտ, թե փափուկ, որոնք բխելու են բոլոր ժամանակների ամենաառանցքային առաջիկա ընտրությունից:

 

Իսկ մինչ այդ` շնորհավոր բոլորիս տոնը: Դրան արժանի լինենք միասին:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


tres + 5 =