ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Սամվել Նիկոյանը

El nuevo presidente del parlamento armenio

Դեկտեմբերի 6—ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը։
Մինչ օրինաստեղծ աշխատանքին անցնելը ԱԺ պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալված Երեւանի պետական մանկավարժական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին։
Խորհրդարանն ավարտեց ՀՀ կառավարության ներկայացրած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» լրամշակված օրինագիծը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ պարզաբանելով, որ կատարված փոփոխությունների նպատակը գրանցված մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունն է։
«Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը։ Նշվեց, որ օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նշեց, որ կատարված փոփոխությունների արդյունքում վերացվում է օղի ներկրող եւ արտադրող կազմակերպությունների կողմից վճարվող սակագնային քվոտան։ Օրինագծի ընդունման պարագայում արտադրողը եւ ներկրողը կվճարեն նույնչափ՝ 15 մլն դրամ։
ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանի ներկայացմամբ՝ խորհրդարանը քննարկեց ՀՀ նախագահի կողմից ներկայացված 2010 թվականի դեկտեմբերի 10—ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի եւ հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6—ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որով առաջարկվում է ամրագրել, որ նշված հատուկ միջոցների եւ տեխնիկայի գնման պարագայում վճարումը կարող է կատարվել նաեւ ՌԴ ռուբլով։
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Շիրակ Թորոսյանը։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը։ Հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ պատգամավոների առաջարկով մինչեւ 2012 թվականի հունիսի 30—ը երկարացվել է վարորդական իրավունքի հին նմուշի վկայականների փոխանակման գործընթացի ժամկետը։
ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն. այն ներկայացրեց Արա Սիմոնյանը։
Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը եւս փոփոխությունների չի ենթարկվել։ Այս օրինագծին եւս ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը պատգամավորների եւ ՀՀ կառավարության առաջարկների հիման վրա լրամշակվել է։
ԱԺ առաջին նիստում օրինագծերի քննարկմանը զուգահեռ տեղի ունեցավ ԱԺ նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը։ Նշենք, որ ԱԺ դեկտեմբերի 5—ի նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ կուսակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվել էր ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի թեկնածությունը, իսկ «Ժառանգություն» խմբակցության կողմից՝ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը։
Գաղտնի քվեարկության ավարտից հետո ելույթ ունեցավ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։ Նա տեղեկացրեց, որ տեղի են ունեցել ԱԺ նախագահի ընտրությունները։ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար ՀՀԿ խմբակցության եւ կուսակցության կողմից առաջադրվել էին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի, իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից՝ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի թեկնածությունները։ Նրանց ազգանուններն ընդգրկվել էին գաղտնի քվեարկության քվեաթերթիկներում։ Բացելով քվեատուփերը՝ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը պարզել է, որ քվեարկությանը մասնակցել է 106 պատգամավոր։ Առկա 106 քվեաթերթիկներից որեւէ մեկն անվավեր չի համարվել։ Սամվել Նիկոյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 102 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր։ Լարիսա Ալավերդյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 4 պատգամավոր, դեմ՝ 102 պատգամավոր։ Ուստի քվեարկության արդյունքներով՝ ՀՀ ԱԺ նախագահ է ընտրվել Սամվել Նիկոյանը։
ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ մասնավորապես նշեց. «Հարգելի գործընկերներ, հարգելի կառավարություն, ինձ համար մեծ պատիվ է այսօր կանգնել այստեղ ձեր առջեւ, հանրության առջեւ եւ շնորհակալություն հայտնել բոլորիդ, առաջին հերթին իմ կուսակցությանը, իմ կուսակցական ընկերներին, կուսակցության ղեկավարությանը, Ազգային ժողովին, կոալիցիոն իմ գործընկերներին, որոնք ելույթներով հանդես եկան, բարի խոսքեր ասացին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին քվեարկությանը։ Ես հասկանում եմ՝ ինչ մեծ պատասխանատվություն է դա։ Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում լինել ՀՀ ԱԺ նախագահ։ Դա մեծ պատիվ է, դա մեծ պատասխանատվություն է։ Ես կաշխատեմ որ այդ պատասխանատվությունը պետության, մեր ժողովրդի, մեր հայրենիքի առջեւ ես կատարած լինեմ։ Ես շնորհակալ եմ նաեւ իմ գործընկերներին, «Ժառանգությանը», որ առաջադրեց թեկնածություն, գնացին քննարկումներ։ Ես շնորհակալ եմ ձեզանից տիկին Ալավերդյան։ Այն, ինչ ասել եմ, ինչ վերաբերում է խորհրդարանի նկատմամբ իմ տեսլականին, իմ մոտեցումներին եւ մասնավորապես ԱԺ—ի ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ իմ վերաբերմունքին, դա այդպես կլինի։ Շնորհակալ եմ»։
ԱԺ նախագահի ընտրություններից հետո խորհրդարանը վերսկսեց «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի» նախագծի վերաբերյալ օրենքի համաձայն ընդհատված քննարկումը։
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, նշվեց, որ ԱԺ հանձնաժողովները, խմբակցությունները եւ պատգամավորները ներկայացրել են շուրջ 500 առաջարկներ, որոնցից ընդունվել է 135—ը։ Առաջարկները հիմնականում վերաբերել են բյուջեի եկամտային մասի համալրմանը, տարբեր ծրագրերի համար նախատեսված ֆինանսական հատկացումների նախատեսմանը եւ դրանց գումարների ավելացմանն ու վերաբաշխմանը։
Եկամտային մասով առաջարկները կազմել են 1 տրիլիոն 100 մլրդ դրամ։
138 առաջարկների վերաբերյալ տրվել են պարզաբանումներ։ Ըստ ֆինանսների նախարարի՝ դրանց կառավարությունը կանդրադառնա հաջորդ տարիների բյուջեների նախագծերի քննարկումների ժամանակ։ Կատարվել են մի շարք ծրագրերի ֆինանսական վերաբաշխումներ եւ փոփոխություններ։
Պետական բյուջեի նախագիծը դրվել է հանրային քննարկման, ստացվել է ընդամենը մեկ առաջարկ։
Բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն արտահայտեցին ԱԺ խմբակցությունները։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ներկայացնելով խմբակցության բացասական դիրքորոշումը բյուջեի նախագծի վերաբերյալ, նշեց, որ խմբակցությունը ներկայացրել է 152 առաջարկ, որոնցից ՀՀ կառավարությունն ընդունել է մեկը։ Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ այդ առաջարկները խմբակցությունը ներկայացրել էր նաեւ 4 տարի առաջ եւ ստացել մերժում։ Նա մանրամասն անդրադարձավ ներկայացված եւ չընդունված առաջարկներին։
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը։ Նա մասնավորապես տեղեկացրեց, որ խմբակցությունը ներկայացրել է 140 առաջարկ, որոնցից ընդունվել է 130—ը։ Առաջարկները վերաբերել են տարբեր ոլորտների։ Պարոն Մարգարյանը հատկապես կարեւորեց վերջին տարիներին աղետի գոտում կատարված բնակարանաշինական մեծածավալ ծրագրերի բարեհաջող կատարումը, ավանդների վերադարձման շարունակական ծրագիրը, որի նպատակով հաջորդ տարվա ֆինանսական փաստաթղթով հատկացվել է 1,8 մլրդ։
Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին։
Արտահերթ ելույթում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը եկող տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրեց ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը։ Նշելով, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին, պարոն Բալասանյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն ընդունել է կոալիցիոն գործընկերների կողմից ներկայացված առաջարկների մեծ մասը։ Ըստ նրա՝ պահպանվել են բյուջեի նախագծի տրամաբանությունը եւ սոցիալական ուղղվածությունը։ Հնարավորությունների սահմանում ավելացել է սոցիալական ուղղվածության ծախսային մասը, որոշ չափով նվազել է պակասորդը։
ՀՀԿ խմբակցության տեսակետը 2012 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ներկայացրեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը։
«Հարգելի պատգամավորներ, հարգարժան պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ,
Ես ներկայացնում եմ նաեւ ՀՀԿ խմբակցության տեսակետը։
Անշուշտ, պետական բյուջեն երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն է, որն, ըստ էության, արտացոլում է հանրապետությունում առկա քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակը եւ, միեւնույն ժամանակ, կանխորոշում զարգացման ուղիները առաջիկա ժամանակահատվածում։ Հենց այդ կարեւորությամբ էլ պայմանավորված էին Ազգային ժողովում տեղի ունեցած շահագրգիռ քննարկումները խմբակցությունների եւ անկախ պատգամավորների մասնակցությամբ։
Գաղտնիք չէ, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը լուրջ հարված հասցրեց հանրապետության տնտեսությանը, հանգեցնելով մի շարք բացասական հետեւանքների։ Չնայած ստեղծված դժվարություններին, իշխանությունները ցուցաբերեցին բարձր քաղաքական պատասխանատվություն՝ հակաճգնաժամային լուրջ քայլեր իրականացնելու եւ կորուստները նվազագույնի հասցնելու ուղղությամբ։ Իրականացված քայլերի եւ վճռականության շնորհիվ արդեն իսկ արձանագրվում են դրական միտումներ տնտեսական աճի ապահովման առումով, ինչն իր արտացոլումն է ստացել 2012 թվականի պետական բյուջեի նախագծում։
Մասնավորապես, ըստ կառավարության կանխատեսումների, առաջիկա տարում ՀՆԱ—ի իրական աճը կկազմի 4.2 տոկոս, ինչը նշանակում է, որ առաջիկա տարում ծրագրավորված ՀՆԱ—ի աճը բավականաչափ հուսադրող է՝ տնտեսության վերականգնման եւ ճգնաժամի հետեւանքների վերջնական հաղթահարման համար նախադրյալների ստեղծման տեսանկյունից։
Հատկանշական է նաեւ այն, որ առաջիկա տարում նախատեսվում է հիմնականում պահպանել ներդրումների մակարդակը, որը կկազմի ՀՆԱ—ի 30 տոկոսը, ինչը 2012 թվականին ակնկալվող ներդրումային միջավայրի բարելավման արդյունք է։ Կարծում եմ, որ նման ռազմավարությունը կարող է էականորեն նպաստել տնտեսության ակտիվացմանը եւ տնտեսական զարգացման համար բավարար նախադրյալների ձեւավորմանը։
Համաձայն 2012թ. բյուջեի՝ ամրագրվում է. չավելացնելով հարկային բեռի ծանրությունը՝ տնտեսական աճի եւ գործարար մթնոլորտի բարելավման հաշվին ապահովել հարկային մուտքերի հավաքագրման աճ, միաժամանակ՝ ավելացնելով բյուջետային ծախսերի մակարդակը եւ հնարավորինս զսպելով պետական բյուջեի դեֆիցիտի աճը։ Հատկապես ողջունելի է այն հանգամանքը, որ ներկա բարդ իրավիճակում մեր կառավարությանը հաջողվել է պահպանել դեռեւս նախորդ տարիներին ձեւավորված բյուջետային ծախսերի ուղղվածությունը՝ հատկապես սոցիալական ծախսերի տեսանկյունից, եւ դրանց բաշխման համամասնությունները։
Ողջունելի է, որ առաջիկա տարում կառավարության կողմից, որպես տնտեսական քաղաքականության հիմնական նպատակ, հռչակվել են մակրոտնտեսական եւ ֆինանսական հատվածի կայունության ապահովումը, տնտեսական աճի ապահովման համար լրացուցիչ խթանների բացահայտումը։ Մենք կարեւորում ենք այն հանգամանքը, որ նշված նպատակներին հասնելու համար իրականացվելու են քայլեր գործարար միջավայրի բարելավման, այդ թվում՝ հարկային վարչարարության բարելավման եւ բիզնեսի համար գործունեության բարենպաստ դաշտի ձեւավորման ուղղությամբ։ Կարեւոր նշանակություն պետք է տալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին պետական աջակցության տարբեր ձեւերի տրամադրմանը, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացման եւ պետության կողմից ստանձնած սոցիալական պարտավորությունների կատարման առաջնահերթության ապահովմանը։
Մեր խորին համոզմամբ, ներկա պայմաններում կառավարության քաղաքականությունն ուղղված է բնակչության կենսամակարդակի պահպանմանը, որն ապահովելու համար մենք պարտավոր ենք համատեղ գործադրել մեր բոլոր հնարավորություններն ու ջանքերը։ Պետք է միջոցներ ձեռնարկել սոցիալական հիմնահարցերի լուծման, հաշմանդամների եւ բնակչության սոցիալապես խոցելի մյուս խավերի առավել արդյունավետ պաշտպանության եւ սոցիալական աջակցության մատչելիության ապահովման ուղղությամբ։
Տնտեսական զարգացման ներկա փուլում կառավարության ուշադրությունը կցանկանայի բեւեռել հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ապահովման խնդիրների վրա։ Այս կապակցությամբ ուզում եմ կարեւորել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթների գործնական կիրառման մեխանիզմների ձեւավորումը, տնտեսավարող սուբյեկտների գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման եւ զարգացման պետական աջակցությունը, գործարարության վրա բյուրոկրատական ճնշման թուլացումը, գործարարների տնտեսական ազատության մակարդակի բարձրացումը։
Մենք զգալի աշխատանքներ ունենք իրականացնելու նաեւ հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ, որի բարեփոխումների հիմքում անհրաժեշտ է դնել հակակշիռների սահմանման ու պահպանման սկզբունքը։
Հարգելի պատգամավորներ.
Ամփոփելով, ցանկանում եմ ընդգծել, որ 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը հնարավորություն է տալիս դիմագրավել հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերներին եւ ապահովել բավարար երաշխիքներ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման համար։ Ուստի, կոչ եմ անում կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։
Շնորհակալություն»։

Գալիք տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի վերաբերյալ եզրափակիչ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչ քննարկվող հարցին անդրադառնալը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթեց բեղմնավոր աշխատանք։ Պարոն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Ազգային ժողովի եւ կառավարության համագործակցությունը, որը եղել է շատ արդյունավետ, շարունակվելու է նաեւ այն ժամանակահատվածում, երբ Ազգային ժողովը ղեկավարելու է Սամվել Նիկոյանը։
Շնորհակալություն հայտնելով խորհրդարանում ծավալված շահագրգիռ քննարկման, առաջարկների եւ դիտողությունների համար, ՀՀ վարչապետը նկատեց, որ դրանց շնորհիվ հստակեցվել է ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ սպասվող համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդակներն այսօր իրենց ուշադրության կենտրոնում են պահում բոլոր կառավարությունները, քանի որ այդ իրադարձությունները չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ ազգային պետությունների տնտեսությունների վրա։ Նա նշեց, որ խորհրդարանի եւ կառավարության համագործակցության ընթացքում կարիք կլինի իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի դրանք բացասաբար չանդրադառնան բնակչության կենսամակարդակի վրա։
ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քվեարկությունը կկայանա ԱԺ դեկտեմբերի 7—ի նիստում։
Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները շարունակեցին քննարկել մի խումբ օրինագծեր։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քննարկման առաջարկեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով։ ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Կարինե Աճեմյանը։
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկեցին «2008 թվականի հունվարի 1—ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր։
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով համապատասխանեցվում են ՀՀ մի շարք օրենքների դրույթները։ ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արտյուշա Շահբազյանը։
Քննարկվեց «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Կորյուն Նահապետյանը։
Քննարկվեց «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ եւս ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր։
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Կարինե Աճեմյանը։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով, որի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արա Նռանյանը։
Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին։
 

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության
միջոցների հետ կապերի վարչություն
 

 

07-12-2011

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


ocho + 5 =