ՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԱՇԽԱՐՀԱԳԵՏ-ՔԱՐՏԵԶԱԳԵՏԸ

ՀԽՍՀ թղթակից անդամ Ա. Բաղդասարյանի մահվան քսաներորդ տարելիցի հիշատակին

 

Այսօր լրացավ անվանի աշխարհագետ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Բախշիի Բաղդասարյանի մահվան 20-րդ տարին:  

   Անդրանիկ Բաղդասարյանը ծնվել է 1918թ. Նոյեմբերի 5-ին, Գորիսում, վախճանվել Երևանում 1991թ:  Ավարտելով Գորիսի մանկավարժական ուսումնարանը, 1935-1937 թթ. աշխատել է Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում որպես ուսուցիչ: 1937թ. ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի երկրաբանա-աշխարհագրականան ֆակուլտետը: 1941թ. զորակոչվել է բանակ և նույն թվականին զորացրվել՝ ուսումը համալսարանում շարունակելու համար: 1942թ. գերազանց գնահատականներով  ավարտում է ԵՊՀ: 1942թ. ընդունվում է ԵՊՀ Ֆիզիկական աշխարհագրական ամբիոնի ասպիրանտուրան «Կլիմայագիտություն և օդերևութաբանություն» մասնագիտությամբ: 1942-1944թթ. աշխատում է Անդրկովկասյան ռազմաճակատի հիդրոօդերևութաբանական վարչությունում աէրոլոգի, այնուհետև ինժիներ-սինոպտիկի պաշտոններում: 1946թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «ՀԽՍՀ հարավ-արևելյան շրջանների կլիմայական բնութագիրը» թեմայով:  

Նույն թվականին աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտության սեկտորում և զբաղվել արտադրական ուժերի տեղաբաշխմանը և ռացիոնալ օգտագործմանը նվիրված ֆիզիկա-աշխարհագրական հետազոտություններով: 1949թ. ակադեմիկոս Ա. Ա. Գրիգորևի առաջարկությամբ գործուղվել է ԽՍՀՄ ԳԱ Աշխարհագրության ինստիտուտ, որտեղ և ավարտել է «ՀՍՍՀ կլիման» դոկտորական ատենախոսությունը, որը հաջողությամբ պաշտպանել է 1952թ:

            ԳԱ Տնտեսագիտական ինստիտուտում պրոֆեսոր Ա. Բաղդասարյանի գիտական գործունեությունը հիմնականում ուղղվում է գյուղատնտեսական, կուրորտային, բժշկական կլիմատոլոգիայի, քարտեզագրության բազմաթիվ խնդիրների հետազոտությունների կատարմանը: Այդ ժամանակաշրջանում նա ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հանրապետության բնական պայմանների հետազոտման և գնահատման աշխատանքներին: Նրա կողմից մշակվում են գյուղատնտեսական արտադրության զոնալականության սկզբունքները, որոնք այնուհետև հիմք են հանդիսանում հանրապետության գյուղատնտեսական արտադրության պլանավորման համար: Նա բավական լուրջ ներդրում է բերել նաև վերականգնվող բնական ռեսուրսների՝ հատկապես արեգակի և քամու էներգետիկ աղբյուրների հետազոտման ասպարեզում: 1955թ. նրա անմիջական մասնակցությամբ ԽՍՀՄ ԳԱ Աշխարհագրական ինստիտուտում հրատարակվում է Հայաստանի Հանրապետությանը նվիրված առաջին ծավալուն մենագրությունը:  

Ա. Բաղդասարյանի գիտական գործունեությունը չի սահմանափակվել նեղ շրջանակներով: Նա մեծ ներդրում ունի նաև դպրոցական և բուհական դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, բուհական և դպրոցական բազմաթիվ քարտեզների ու ատլասների կազմման և հրատարակման գործում:

1958թ. նրա անմիջական նախաձեռնությամբ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում ստեղծվում է Աշխարհագրական սեկտորը՝ ըստ էության, հանրապետությունում աշխարհագրական գիտական առաջին կենտրոնը, որն երկար տարիներ ղեկավարել է Ա. Բաղդասարյանը: Այնտեղ ծավալվում են խոշորամասշտաբ գիտահետազոտական աշխատանքներ կլիմայագիտության, ջրաբանության, երկրաձևաբանության, լանդշաֆտագիտության քարտեզագրության ու այլ ուղղություններով: Նա բազում տարիներ ամենայն լրջությամբ զբաղվել է թեմատիկ քարտեզագրության խնդիրներով:

   Կատարված աշխատանքների առաջին լուրջ հաջողությունը    1961թ. «Հայկական ՍՍՌ» ազգային ատլասի հրատարակումն էր, որը, որպես քարտեզագրական հիմնարար աշխատություն, առաջինն էր նախկին Սովետական Միությունում: Իր տեսակի մեջ, այդ անդրանիկ աշխատությունը, օրինակ ծառայեց մյուս հանրապետություններում նմանատիպ ատլասների կազմմանը և հրատարակմանը:  Աշխարհագրության բաժնում Ա. Բաղդասարյանի ղեկավարությամբ են կազվել «ՀՀ բնական ռեսուրսները», «ՀԽՍՀ ջրագրությունը» ատլասները, «ՀՍՍՀ աշխարհագրական ուսումնական ատլասն»-ը և բազմաթիվ առանձին քարտեզներ:

     Այդ աշխատանքները ճանաչում բերեցին Ա. Բաղդասարյանին մեր հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: 1964թ. Լոնդոնում կայացած Աշխարհագրության Միջազգային Կոնգրեսում նա ընտրվում է Ազգային ատլասների Միջազգային Աշխարհագրական Միության անդամ: Հաշվի առնելով Ա. Բաղդասարյանի կազմակերպչական կարողությունները և կուտակված փորձը թեմատիկ քարտեզագրության բնագավառում՝ Միջազգային Աշխարհագրական Միությունը նրան է հանձնարարում 1976թ. Երևանում կազմակերպել բնության պահպանության և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը նվիրված թեմատիկ քարտեզագրության միջազգային գիտաժողովը: 1980թ. Տոկիոյում կայացած Միջազգային Աշխարհագրական Կոնգրեսի շրջանակներում նա ընտրվում է բնական միջավայրի քարտեզագրման աշխատանքային խմբի կազմում: 1984թ. Փարիզում Միջազգային Աշխարհագրական Կոնգրեսում նա ընտրվում է տուրիզմի և էքսկուրսիաների, էկոլոգիական, ինչպես նաև բնական ռեսուրսների հանձնաժողովների անդամ:

            Պրոֆեսոր Ա. Բաղդասարյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ Կենսոլորտի գիտական խորհուրդի ստեղծողներից մեկը, Խորհրդային աշխարհագետների Ազգային կոմիտի և այլ մասնագիտական կոմիտեների անդամ:

            1971թ. Ա. Բաղդասարյանն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ:

            Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ԳԱ ԵԳԻ աշխարհագրության բաժնում Ա. Բաղդասարյանի գլխավորությամբ և ակտիվ մասնակցությամբ կազմվում և հրատարակվում են մի քանի արժեքավոր մենագրություններ, նվիրված ՀԽՍՀ կլիմայի, երկրաձևաբանությունը, ֆիզիկական աշխարհագրության կարևոր խնդիրներին:

            Այդ տարիներին լույս է տեսնում «Հայաստան» գիտահանրամատչելի գիրքը, որի գլխավոր խմբագիրն էր Ա. Բաղդասարյանը: Գիրքը շատ արագ թարգմանվում է ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

            Պրոֆեսոր Ա. Բաղդասարյանը ակտիվ մասնակցություն է ունեցել «ԽՍՀՄ բնական պայմանները և ռեսուրսները» բազմահատորյակի «Կովկաս» հատորի ստեղծմանը և հրատարակմանը:

            Պրոֆեսոր Ա. Բաղդասարյանը հանրապետության տարբեր բուհերում զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, ղեկավարել ԵՊՀ-ի Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնը: Նա խոշոր ավանդ է ունեցել նաև հայրենական բարձրորակ կադրերի պատրաստման գործում, մեկ տասնյակից ավելի ղեկավարելով թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:

            Պրոֆեսոր Ա. Բաղդասարյանը հեղինակ է ավելի քան 350 հոդվածների, քարտեզների, դասագրքերի, մենագրությունների, թեզիսների և արժեքավոր հրատարակումների: Դրանց մի մասը թարգմանվել և հրատարակվել է արտասահմանյան տարբեր երկրներում: Նա իր գիտական գործունեությունը հաջողությամբ համատեղել է հասարակական աշխատանքի հետ: երկար տարիներ եղել է ԳԱ «Գիտությունների Երկրի մասին» բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, «ՀԽՍՀ բնության պահպանության» և «Գիտելիք» ընկերությունների նախագահության անդամ, բարձրագույն Կրթության նախարարության «Աշխարհագրություն» գիտամեթոդական խորհդի անդամ, Հայկական Հանրագիտարանի «Աշխարհագրություն» խմբագրության նախագահ, 1955-1975թթ. նաև Հայկական Աշխարհագրական ընկերության նախագահ:

            Ա. Բաղդասարյանը մեծ հարգանք էր վայելում ու թողել է բարի համբավ: Նրա հիշատակը միշտ վառ կմնա գործընկերների, աշակերտների և բոլոր նրան ճանաչողների սրտերում:

                                                                                                ՀՀ ԳԱԱ Նախագահություն  

                                                                                    ՀՀ ԳԱԱ Երկրաբանական ինստիտուտ

                              ՀՀ ԳԱԱ Գիտությունների Երկրի մասին տեղեկագրի խմբագրություն

 

www.armspain.com Խմբագրության անունից շնորհակալություն ենք հայտնում հանգուցյալ մեծանուն գիտնականի զավակներ Անահիտ և Արմեն Բաղդասարյաններին հայերեն և ռուսերեն նյութերը մատչելի դարձնելու համար

 

Վերախմբագրեց Անդրանիկ Տերտերյանը

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× 6 = seis