Հայաստանում 1 կգ տավարի միս գնելու համար պետք է աշխատել 3 ժամ 36 րոպե, Եվամիությունում` 11 անգամ քիչ

precios en Armenia y en Europa

Աշխարհում բոլորին հետաքրքրում է կենսական նշանակություն ունեցող մեկ հաց. ո՞ր երկրում է կյանքն ավելի թանկ, ո՞ր երկրում` ավելի էժան: Հաճախ համեմատության համար ապրանքների եւ ծառայությունների գները ազգային արժույթից վերածում են ԱՄՆ դոլարի, սակայն այդ մեթոդը թերություն ունի: Կյանքը ցույց է տալիս, որ շատ երկրներում արժույթի փոխարժեքն արհեստական է լինում եւ չի արտացոլում իրականությունը: Բացի այդ անտեսվում է միջին աշխատավարձի մեծության կարեւորագույն գործոնը: Նույն ապրանքը կարող է աղքատ երկրում երկու անգամ էժան լինել, քան հարուստ երկրում, սակայն հարուստ երկրում ապրողի աշխատավարձն էլ մի քանի անգամ բարձր է:

Սակայն օբյեկտիվ համեմատության հնարավորություն գոյություն ունի: Դրա համար անհրաժեշտ է ապրանքի արժեքը չափել աշխատանքային ժամերով: Եթե միջին աշխատավարձը բաժանենք աշխատանքային շաբաթի տեւողության վրա` կստանանք աշխատողի մեկ ժամվա եկամուտը: Այս տարվա ապրիլ ամսվա տվյալներով, Հայաստանում միջին աշխատողի մեկ ժամվա աշխատավարձը 658 դրամ է` 1,76 դոլար: Սրա հիման վրա հաշվենք, թե ինչքան է պետք աշխատել այս կամ այն ապրանքը գնելու համար:

Համեմատության համար վերցնենք պարենային ցանկում կարեւոր նշանակություն ունեցող տավարի միսը: Պարզվում է` Հայաստանի միջին վիճակագրական աշխատողը 1 կգ տավարի միս գնելու համար պետք է աշխատի 3 ժամ 36 րոպե: Եվրամիության հարուստ երկրներից մեկում, բարձր գների պայմաններում կպահանջվի 11 անգամ պակաս ջանք` ընդամենը 0,3 ժամ աշխատանք:

Համեմատենք կենցաղային սառնարանի գները: Հայաստանում, որտեղ կլիմայի պատճառով սառնարանն առաջին անհրաժեշտության ապրանք է, միջին աշխատողը պետք է 282 ժամ աշխատի մեկ սառնարան գնելու համար, իսկ նրա եվրոպացի գործընկերը միայն 21 ժամ` 13 անգամ քիչ…

Խնդիրը միայն մեր աշխատողների ցածր վարձատրությունը չէ: Մեր երկրի համար բազմաթիվ ապրանքների գները բարձր են օբյեկտիվ հնարավորից: Պատճառները տարբեր են: Մենաշնորհային կամ օլիգոպոլ շուկաները թելադրում են իրենց գինը: Գյուղատնտեսական ապրանքների շուկաներում բաձր գնի պատճառը տեղական արտադրանքի ռեսուրսների սահմանափակությունն է:

Վերջին ամիսների գնաճը հատկապես ցավոտ էր Հայաստանի բնակչության անապահով շերտերի համար, քանի որ առաջին հերթին զգալիորեն բարձրացան պարենի գները:

Ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սպառողական գների ընդհանուր ինդեքսը կազմեց 109,0 տոկոս: Սակայն սննդամթերքի գները բարձրացան 16,2 տոկոսով: Իսկ ոգելից խմիչքներն ու ծխախոտը թանկացան ընդամենը 0,4 տոկոս:

Նույն ժամանակահատվածում զգալիորեն թանկացել են բուժսպասարկման եւ դեղորայքների գները` 8,0 տոկոս, տրանսպորտի եւ կապի ծառայությունները թանկացել են 5,4 տոկոս:

Բնակվարձի, վառելիքի, էլեկտրաէներգիայի մասով գրանցվել է գների չնչին անկում` 0,6 տոկոս: Նվազման պատճառն այն է, որ նախորդ տարվա մայիսի գներում արդեն առկա էր գազի սակագնի ապրիլմեկյան բարձրացումը: Սակայն եթե հաշվի առնենք նաեւ այդ թանկացումը, ապա այս խմբում գները ոչ թե նվազել են, այլ բարձրացել են 8,3 տոկոս:

Կյանքի թանկացման մասին ավելի հստակ պատկերացում ստանալու համար դիտարկենք առանձին ապրանքների եւ ծառայությունների գների դինամիկան: Պաշտոնական վիճակագրությունը գների բացարձակ ցուցանիշների տվյալները տրամադրում է ըստ քաղաքների: Այդ պատճառով մեր դիտարկման թիրախում կլինեն մայրաքաղաքային գները:

Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կտրուկ աճել է ցորենի գինը` 54,4 տոկոս եւ հասել է կիլոգրամը 220 դրամի: Բարձր տեսակի ալյուրը թանկացել է 26,4 տոկոս` հասնելով 414,6 դրամի: 1 կգ հացի գինը բարձրացել է 15 տոկոս` կազմելով 459,6 դրամ: Իսկ հացը շարքային սպառողների սննդակարգում գերակշիռ է:

Տավարի միսը նույն ժամանակահատվածում թանկացել է 18,5 տոկոս` հասնելով 2 հազար 360 դրամի: Կտրուկ աճել են աղաջրած պանրի գները:

«Չանախի» 1 կիլոգրամը թանկացել է 44,2 տոկոս` հասնելով 2 հազար 161 դրամի, «Լոռիինը»` 49,9 տոկոս`2 հազար 484 դրամ , ներմուծվող «Չեդդերը» 12 ամսում թանկացել է միայն 18,4 տոկոս եւ մեկ կիլոգրամը մայիսին 2 հազար 878 դրամ էր: Անցած տարվա մայիսին «Չեդդերի» գինը «Չանախից» բարձր էր 1,7 անգամ, իսկ մեկ տարի անց` 1,3 անգամ: Այլ կերպ ասած, տեղական շուկայում հայրենական արտադրության պանրի գնային մրցունակությունն ընկել է:

Ռեկորդակիը կարտոֆիլն է, որի շուկայական գինը բարձրացել է գրեթե 2,3 անգամ` հասնելով 370,3 դրամի: Վաղահաս կարտոֆիլից հետո գների նվազում բնականաբար կլինի, սակայն կախված կլինի բերքից:

Ծառայություններից կարելի է առանձնացնել մայրաքաղաքային ատամնաբույժների գործունեությունը: Այստեղ գները բարձրացել են 22,2 տոկոս: Ատամնաբուժական միջամտության միջին գինը 5,1 հազար դրամ է: Երեւանի հիվանդանոցների վիրաբուժական ծառայությունները թանկացել են 11,1 տոկոս: Վիրահատության միջին գինը 114,4 հազար դրամ է:

Հիշեցնենք, որ անցած տարվանից նկատվեց միջին ամսական աշխատավարձի դինամիկայի համեմատ գնաճի առաջանցիկ տեմպի միտումը: Դրա հետեւանքով դանդաղեց մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալների դինամիկան: Եղան ամիսներ, երբ աճ չէր գրանցվում:

Պարենի կարեւորագույն տեսակների թանկացումը, առաջնային նշանակության ծառայությունների (բնական գազ, բուսպասարկում) սակագների բարձրացումը հանգեցրին սպառողական մտադրությունների փոփոխության: Արձագանքելով սպառողական պահանջարկի նվազմանը` առեւտրային ձեռնարկությունները իջեցրին մի շարք ապրանքների գները: Պաշտոնական վիճակագրության տվյալներով, զգալիորեն նվազել են կահույքի առանձին տեսակների, շինանյութի, կենցաղային նշանակության ապրանքների գները:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ ocho = 11