Հայաստանի նորաբաց գործարանում կարտադրվի ամենաօրիգինալ գինին

Հայաստանի նորաբաց գործարանում

Արմավիրի մարզում երեկ տեղի է ունեցել «Տիեռաս դե Արմենիա» (Հայաստանի հողեր) գինու գործարանի բացման պաշտոնական արարողությունը։ Բաղրամյան եւ Արեւադաշտ գյուղերի հարեւանությամբ գտնվող գինեգործարանն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի սեփականությունն է։ «Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ նորակառույց գործարանն ունի տարեկան 300.000 լիտր գինի արտադրելու հնարավորություն։ Առաջիկա տարիներին այս թիվը կհասցվի 1 մլն լիտրի։ Գործարանը, ինչի կառուցման առաջին փուլում ներդրվել է մոտ 3 մլն ԱՄՆ դոլար, հագեցած է իտալական եւ ֆրանսիական ժամանակակից սարքավորումներով։
Կարտադրվի 3 տեսակի գինի՝ կարմիր, սպիտակ եւ կարմիր հնեցված։ Գինու արտադրության համար օգտագործվում են խաղողի հայկական, ֆրանսիական, իտալական եւ արգենտինական սորտեր, ինչը վերահսկվելու է աշխարհի լավագույն գինեգետներից մեկի՝ Միշել Ռոլանի եւ հայ գինեգործների կողմից։
Գինու գործարանի բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ։ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարեւորեց նոր գինու գործարանի բացումն ու գինեգործության զարգացումը Հայաստանում։ «Արմավիրի մարզում այս գործարանի բացումը շատ մեծ նշանակություն է ունենալու մեր գինեգործության զարգացման համար։ Առաջինը, որ նոր մշակույթ է մտնում գինեգործության ոլորտ, քանի որ անցյալ տարի, երբ միջազգային բոլոր մրցանակաբաշխություններում համտեսեցինք փորձնական նմուշները, այս գործարանի դեռ նախնական արտադրած գինին համարվեց լավագույն գինին, ինչն իր որակով չի զիջում ֆրանսիական գինիներին»,–ասաց նախարարը։
Գինեգետ Միշել Ռոլանը եւս ուրախ է Հայաստանում նոր գինու գործարանի բացման առիթով։ Նա վստահ է, որ այդ գինին կլինի ամենաօրիգինալ գինին աշխարհում։

06-10-2012, http://www.hhpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× 7 = cuarenta dos