Հայաստանը դու ես

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում և ընթանալու ողջ աշուն` սեպտեմբերի 21-ի տոնական հանդիսություններից հետո շարունակվելով պետական կառույցների, տարբեր կազմակերպությունների, արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և Սփյուռքի համայնքների կողմից կազմակերպվող միջոցառումներով:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն ընթանալու են «Հայաստանը դու ես» կարգախոսի ներքո, իսկ տարբերանշանը «2011»-ն է, որի 11 թվերը խորհրդանշական են և նմանեցված են «ՀՀ»-ի տառերին: Տարբերանշանի դիզայնի և հուշանվերային արտադրանքի ձևավորման հեղինակն է «Երևան փրոդաքշն» ընկերությունը:

Սեպտեմբերի 21-ին ընդառաջ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ`ցուցահանդեսներ, համերգներ և համաժողովներ: Իսկ անկախության տոնը` սեպտեմբերի 21-ը, կնշանավորվի Հանրապետության հրապարակում անցկացվող զորահանդեսով, կշարունակվի Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվելիք «Հանրապետական մաղթանքով», իսկ երեկոյան հրապարակում կկազմակերպվի աննախադեպ ձայնալուսային ներկայացում և հրավառություն: Համերգին կենդանի հնչողությամբ կմասնակցեն Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղ. ղեկ. Է. Թոփչյան), Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ Հ. Չեքիջյան), Հայաստանի Հանրապետության Նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը (գեղ. ղեկ Ա. Պողոսյան) և «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղ. ղեկ Տ.Հեքեքյան): Օրը կեզրափակվի տոնական դիսկոտեկով:

Նույն օրը հանդիսավոր նիստեր և տոնական համերգներ կանցկացվեն հանրապետության բոլոր մարզկենտրոններում: Հատուկ համերգի ավարտի համար երգահան Ռոբերտ Ամիրխանյանը գրել է «Երդվում եմ հայենիքիս» մոնումենտալ ստեղծագործությունը, որը կկատարեն բոլոր մասնակից նվագախմբերը եւ երգչախմբերը:

Տոնական օրերին կբացվի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենքը, որն իր չափերով երեք անգամ գերազանցում է Մատենադարանի ներկայիս շենքը։ Այն գերհագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում է ամենախիստ պահանջներին ։

Տեղի կունենա Երեւանի միջազգային օդանավակայանի նոր տերմինալի բացումը, գործարկման կհանձնվի նոր հեծանվահրապարակ և Փոքր Մհեր կրթահամալիրի ռազմամարզական կենտրոնը։

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստանի երեք հանապետությունները» մեծ ցուցահանդեսը, ՀՀ կենտրոնական բանկը կթողարկի հատուկ արծաթյա մետաղադրամ՝ 300 օրինակով, եւ կհրատարակվեն 20—ամյակին նվիրված նամականիշեր։ Գեղագիտության ազգային կենտրոնը նախապատրաստում է «Անկախությունը երեխաների աչքերով» մանկական նկարների համահայկական մրցույթ:

20-ամյա հոբելյանի կապակցությամբ միջոցառումներ կանցկացվեն արտերկրում: Մասնավորապես, Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում կկայանա Շառլ Ազնավուրի համերգը նվիրված ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին: Բելգիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում համերգներով հանդես կգա Հայաստանի երիտասարդական նվագախումբը: Կկազմակերպվեն երիտասարդ լուսանկարիչների, ժամանակակից գեղանկարիչների անհատական ցուցահանդեսներ:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները կկազմակերպեն ընդունելություններ: Միջոցառումներ կկազմակերպեն հայկական սփյուռքի կառույցները:

Սեպտեմբերի 21-ին նշվելու է նաև Երևանի օրը: Մայրաքաղաքի բոլոր համայնքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ, տոնավաճառներ, կկազմակերպվեն բազմաժանր երաժշտական հարթակներ:

Տոնակատարությունների մեկնարկին ընդառաջ հատուկ 20-րդ տարեդարձի առթիվ գրված «Հայաստանը դու ես», «Իմ անունը Հայաստան է» և «Արմենիա» երգերի հիման վրա նկարահանվել է երաժշտական երեք տեսահոլովակ, ինը հոլովակ և պատրաստվել պաստառներ:

«Հայաստանը դու ես» երգը կատարում են երիտասարդ երգիչները: Տեսահոլովակում նկարահանվել են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ` նկարիչներից մինչև լրագրողներ ու գործարարներ: Հերոսները նկարահանվել են նաև չորս հոլովակում, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է դրոշի գույներից մեկը և ունի համապատասխան կարգախոս: Երաժշտության հեղինակն է Արմեն Մարտիրոսյանը, խոսք` Ավետ Բարսեղյան, հոլովակի ռեժիսոր` Դավիթ Բաբայան:

«Իմ անունը Հայաստան է» երգը կատարում են Ինգա և Անուշ Արշակյանները: Տեսահոլովակի հերոսները 20-ամյա Հայաստանի Հանրապետության հասակակիցներն են, ովքեր տոնում են ՀՀ անկախության տարեդարձը և տոնական այդ օրը յուրաքանչյուրը երազում է իր և իր երկրի հաջողությունների մասին: Հերոսների մաղթանքների հիման վրա «Մաղթում եմ Հայաստանիս» կարգախոսի ներքո նկարահանվել է նաև չորս հոլովակ: Երաժշտության հեղինակն է Մանե Հակոբյանը, խոսք` Ավետ Բարսեղյան, հոլովակի ռեժիսոր` Հրանտ Երիցկինյան:

«Արմենիա» երգի երաժշտության հեղինակն է` Արթուր Գրիգորյանը, խոսք` Անիտա Հախվերդյան, ռեժիսոր`Ավագ Ավագյան: Տեսահոլովակի նկարահանումը շարունակվում է: Տեսահոլովակների նկարահանումը և գովազդային վահանակների ձևավորումն իրականացրել է «Շարմ» ընկերությունը:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների անցկացման գլխավոր գործընկերներն են «Արարատ» Երևանի կոնյակի գործարանը, Գեո Պրո Մայնինգ ընկերությունը և Նիվա-Ռուս ընկերությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին` 091 512806, 010 586046, [email protected]; [email protected]:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× cuatro = 24