Լռության սերունդները

la generación del silencioՖիլմ լռության մասին. <<Ճանապարհորդություն դեպի Հայաստան. Ցեղասպանության երեք սերունդները>>  անվանումով այս ֆիլմը, որի հեղինակը` հանրահայտ լուսանկարիչ և ռեժիսոր Նուբար Ալեքսանյանն է, պատմում է ոչ թե Հայոց Եղեռնի, այլ դրան հաջորդած այն մեծ  լռության մասին, որի ներքո Սփյուռքում ապրում է արդեն երեք սերունդ: Los Angeles Times, Life, Fortune հանրահայտ ամսագրերի համար տարիներ շարունակ աշխատած լուսանկարիչն առաջին անգամ է անդրադառնում սեփական արմատներին: Նոր ֆիլմը նա  սկսել է  իր ծնողների պատմությունից` նրանց միջոցով ներկայացնելով իր մեծ ծնողների ապրած սարսափների պատմությունը: Ֆիլմը նկարելու գաղափարը Նուբարի աղջկանն է` Աբբիինը, ով մեծանալով այս ընտանիքում, մինչ դեռահաս դառնալը, ոչինչ չգիտեր իր մեծ ծնողների հայկական  կյանքի մասին: << Աղջիկս ինձ խնդրեց գնալ իր հետ Հայաստան: Նա շատ է ուզում իմանալ իր նախնիների մասին: Ես էլ համաձայնեցի: Մի ժամանակ` տասնհինգ տարի առաջ, ես մտածեցի մի գիրք պատրաստել Հայաստանի մասին: Այն ժամանակ ես խնդրեցի հորս` ինձ միանալ, բայց նա մերժեց: Մինչ այսօր ինձ հայտնի չեն պատճառները>>,-պատմում է Նուբարը: Նրա հայրը չի կարողանում հասկանալ, թե ինչու երիտասարդ մի աղջիկ կարող է ցանկություն ունենալ վերադառնալ դեպի անցյալ` դեպի <<հին երկիրը>>. Ծնվելով ու իր ողջ կյանքն ապրելով ԱՄՆ-ում` նա ինքն իր ծնողներից շատ քիչ բան է լսել Եղեռնի արհավիրքների մասին: Նուբարն ինքը մանկության մեծ մասն անցկացրել է պապի հետ, որն ապրում էր Մասաչուսեթ նահանգի նրանց տան վերին հարկում` խոսելով միայն հայերեն, լսելով հայկական երաժշտություն, զբաղվելով փայտագործությամբ: Մանկապարտեղ գնալուց հետո Նուբարը մոռանում է պապի սովորեցրած լեզուն և հարմարվում ամերիկյան կենսակերպին: Այս նոր ֆիլմի շնորհիվ նա կարողանում է շատ բառեր ու նախադասություններ վերհիշել: <<Շանս ասում եմ` <<ինչ կուզես…>>: Փոքրիկ բառեր, որ վերադառնում են: Մի շաբաթ օր մի ամբողջ նախադասություն ուղղակի հիշեցի>>,-հրճվանքով պատմում է լուսանկարիչը:

Abby, La generación del silencioՆուբարն  իր դստերը Ցեղասպանության մասին պատմել է այն ժամանակ, երբ նա ինքն է սկսել հարցեր տալ: Հիմա Աբբին 23 տարեկան է: Ֆիլմի համար տեղեկացված լինելու համար շատ է կարդում, ուսումնասիրում: Նուբարը վստահ է, որ անկախ մեր կամքից, նոր սերունդները կիմանան ճշմարտությունը և կլինեն ավելի տեղեկացված, քան մենք ինքներս: Ես ինքս անընդհատ մտածում եմ, թե որդուս երբ և ինչպես եմ պատմելու մեր ազգի տխուր ճակատագրի մասին: Արդեն իսկ հայերեն տառերը սովորելիս նրա համար անհասկանալի է, որ կա Ա և Այբ: Ինչ կլինի, երբ նա հարցնի, թե ինչու հայերի մեծ մասը Հայաստանում չի ապրում: Ինչպես նրան պատմել ճշմարտությունը` առանց ատելություն ու ցավ առաջացնելու նրա փոքրիկ հոգում: Սփյուռքում առավելապես այս հարցերը բավականին մտահոգիչ են: Իսկ իմ երեխան Ցեղասպանության արդեն երրորդ սերունդն է ներկայացնում:  Նուբարը համոզված է, որ Ցեղասպանության առաջին և երկրորդ սերունդներն իրենց տեսնում են որպես ամերիկացի, այլ ոչ թե ամերիկահայ: <<Ես մեծացել եմ աղքատ ընտանիքում: Ծնողներս շատ հոգս ունեին ու կարծես թե ժամանակ չունեին մտածելու ազգության ու պատկանելիության մասին: Ես այդքան շատ ստիպված չեմ եղել աշխատել, և շատ ավելի ժամանակ եմ ունեցել մտածելու, իսկ աղջիկս` առավել ևս: Նա միշտ կատակում է, թե, հայրիկ դու ռեժիսոր ես, իսկ ես քո աղջիկը, որն ունի ինքնության չպարզված հարցեր: Այժմ նրա այդ հարցերը դարձել են իմը>>,-Ֆիլմի ստեղծման կարևոր նախապայմանների մասին է խոսում Նուբար Ալեքսանյանը:

ԱՄՆ-ում Ցեղասպանության ժխտումը շատ ցավոտ խնդիր է և Նուբարն ու Աբբին այս ֆիլմով ցանկանում են սկսել երկխոսություն հենց այդ թեմայի շուրջ:  <<Ճանապարհորդություն դեպի Հայաստան>>-ը հայրն ու աղջիկը կսկսեն Արևմտյան Հայաստանից, որտեղ կայցելեն իրենց մեծ ծնողների հայրենի գյուղերը` Տադեմ, Հուսենիկ, Չենտիլ, Յալավա….: Հետո կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն: <<Մեր ֆիլմն իրականում  Ցեղասպանության մասին չէ: Այն լռության մասին է, ժխտման: Կարծում եմ, հայերն ընդհանրապես չեն խոսում Եղեռնի մասին, ավելի շուտ` միայն, երբ ապրիլն է գալիս: Կարծես միշտ մի առիթի կամ օրինակի են սպասում: Մի անգամ <<Fortune>> ամսագրի համար լուսանկարում էի մի բանկի նախագահի, որը հայ էր: Նրա PR ներկայացուցիչը զարմացավ, որ մեզնից որևէ մեկն ընդհանրապես խոստովանում է, որ հայ է: Բանկի նախագահն ասաց, որ ինքը միշտ սպասում է, որ որևէ մեկը առաջինը լինի: Ես նույնպես>>, խոստովանում է լուսանկարիչը:

Նուբարի ու Աբբիի հեղինակած ֆիլմը պատրաստ կլինի 2015թ-ին` Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Ֆիլմի ռեժիսորը խոստանում է  հրաշալի պատկերով ու ձայնով մի ֆիլմ` ուդի նվագակցությամբ, քանի որ այն շատ բնորոշ է այդ մշակույթին: Նուբարը  կնկարի բարձր որակի տեսախցիկով, իսկ Աբբին` iPhone-ով, հետո նրանք ամբողջը կմիացնեն: Կօգտագործվեն նաև մեծ ծնողների հետ հարցազրույցները: Սակայն հիմնականում ֆիմը կներկայացնի հոր և դստեր զրույցը` ցույց տալով նրանց զգացողություններն ու մտքերը: <<Մեր  ֆիլմը մարդկանց  ցույց կտա այն էմոցիոնալ պատկերը, որի միջոցով պարզ կդառնա, թե ինչ է արժեցել այդ լռությունը մի ամբողջ ազգի համար>>,-ֆիլմի գլխավոր նպատակն է բացահայտում ռեժիսորը:

Նուբարի ընտանիքում բացի հայկական ազգանունից պահպանվում են նաև շատ ավանդույթներ: Նուբարի կինը, թեև արևելյան Եվրոպայից է` <<օտար>> է, (հայերեն հերթական բառն է հիշում լուսանկարիչը), սակայն հրաշալի տիրապետում է հայկական խոհանոցին. <<Ծնողներս սովորեցրել են նրան: Իմ ընտանիքում, երբ ես երիտասարդ էի, տարեց կինը եփում էր բրնձե փլավը: Հիմա իմ կինն ու աղջիկն են պատրաստում հրաշալի փլավ ու խաղողի թփով դոլմա>>,-հպարտությամբ ժպտում է լուսանկարիչը:

ԱՆԻԴ

Հ.Գ. <<Ճանապարհորդություն դեպի Հայաստան>> ֆիլմի մասին տեղեկանալու և աշխատանքներին օժանդակելու համար Նուբարն ու Աբբին պատրաստել են փոքրիկ տեսանյութ, որը կարող եք դիտել հետևյալ հասցեում. http://r20.rs6.net/tn.jspm et=1109495883049&s=3323&e=001REuyco_mhfDp-qdzDThqlBxyyYz5EUSD4EAgRV6zJtMRhvRu9g4_fcvwVLDgh8r5Y2r 8BPkZw053Cvy3psTtizk4CPthLNQSUYwVnFK-ylm9rQJoIHHIlQ4HLn5m4dCib-54fi2eAB-4XVlCTNYVIoZ4rYWnyHhYHtDXDc3NSXucnvN7vS_blnCcAMKCGbOJY4pO4aCh-3mV4pd2JWDww==

http://armenianusa.com

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ 6 = quince