Իտալիայում ամենուր կարելի է հայկական հետքեր որոնել

ՀՀ–ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին
ՀՀ–ում Իտալիայի դեսպանատանը ներկայացվեց «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» գիրքը

 

«Իտալիայում ամենուր կարելի է հայկական հետքեր որոնել, ճիշտ չէ, որ հաճախ սահմանափակվում ենք միայն Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հիշատակումով»,–հայտարարեց ՀՀ–ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին՝ դեսպանատանը երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ ներկայացվեց «Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» երկլեզվյա (իտալերեն եւ հայերեն) հրատարակությունը։ Գիրքը ՀՀ մշակույթի նախարարության եւ Իտալիայի դեսպանության համատեղ աշխատանքի արդյունքն է, որը լույս է ընծայել «Արեդիտ» հրատարակչությունը։
Իր խոսքերի հաստատումներից մեկը Բ. Սկապինին համարեց վերոնշյալ եկեղեցու գոյությունը, որը Նեապոլում հիմնվել է մի քանի հարյուր տարի առաջ եւ ներկայումս քաղաքում գործող հեղինակավոր հոգեւոր կենտրոններից է, որը գտնվում է նույնանուն փողոցի վրա, եւ յուրաքանչյուր նեապոլյան ընտանիք իրեն փառավորված է զգում տոնի նախօրյակին այդ եկեղեցու պատերից ներս Տիրոջ հետ հաղորդակցվելով։ Դեսպանը լրագրողներին ասաց, որ ինքը պարզել է, որ Բարի քաղաքի մոտակայքում 1920–ական թվականներին հայտնված հայկական մի համայնքի տեղական իշխանությունները արտադրական տարածք են հատկացրել, եւ մեր հայրենակիցներն այնտեղ արտադրամասեր հիմնելով, զարկ են տվել տեքստիլի, գորգագործության եւ արհեստների զարգացմանը։ Դա արդյունաբերական բնույթի առաջին համայնքն է եղել Իտալիայում։
Դեսպանի վկայությամբ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին օծվել է 1580–ական թվականներին։ Կառուցման նախաձեռնությունը պատկանում է մի մայրապետի, ում նպատակն էր պահպանել Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, որոնք Նեապոլ էին բերել հալածանքներից փախած եւ Իտալիա հասած հայ եւ հույն միանձնուհիները։
Ս. Գրիգոր Լուսավորչի կատարած ավետարանացման գործը մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն Հայ առաքելական, այլեւ ընդհանրապես կաթոլիկ եկեղեցու համար։ Ահա, թե ինչու Ս. Գրիգոր Լուսավորիչը Նեապոլում կրոնական կարեւորագույն գործիչներից էր համարվում, շեշտեց պրն դեսպանը։
Բրունո Սկապինին ներկաներին տեղյակ պահեց, որ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պահվել են լուսավորչի նշխարները։ Ներկայումս աջ ձեռքը տեղափոխվել է Ս. Էջմիածին, ձախը գտնվում է Սիսում, իսկ Նեապոլում պահվում է նրա գանգը։
Իր ելույթում պրն դեսպանը հանգամանորեն խոսեց հայ–իտալական պատմական, հատկապես մշակութային ավանդական առնչությունների մասին, որոնք նոր երանգավորում են ստացել մեր օրերում, եւ ավելացրեց, որ Իտալիան աջակցության ձեռք է պարզել Հայաստանին՝ հատկապես մշակութային ժառանգության վերականգնման եւ պահպանման ասպարեզում։ «Երեկ ես եղա Գյումրիում եւ տեսա այն շենքը, որը նորոգվում է մեր աջակցությամբ, որպեսզի դառնա պատկերասրահ ու գրադարան»,–ասաց նա, ավելացնելով, որ երկու երկրների մշակույթների փոխադարձ ներթափանցումը հենց այդ մշակույթների զարգացման գործոն է դառնում։ «Մշակույթը զարգացնելը կարեւոր ազդակ է ցանկացած երկրի տնտեսական զարգացման համար»,–ավելացրեց նա, ասելով, որ եւ Հայաստանը, եւ Իտալիան հսկայական մշակութային արժեքներ եւ ժառանգություն ունեն։
Նոր հրատարակությունը, որը պարունակում է ոչ միայն գրավոր նյութեր, այլեւ ավելի քան երկու տասնյակ որմնապատկերների եւ դիմապատկերների գունավոր վերատպություն՝ կատարված 17–18–րդ դարերի հայտնի վարպետների կողմից, շնորհավորեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։
Հայ գրատպության 500–ամյակի եւ Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ այս տարի մեր հանրապետությունում կայանալիք արարողությունների մասին խոսելիս նա ասաց, որ «շատ խորհրդանշական է, որ հայ գրատպության 500–ամյակի ծրագիրը մեկնարկել է դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին՝ վենետիկյան մեծ ցուցահանդեսով, որովհետեւ հայկական առաջին տպագիր գրքի օրրանը հենց Վենետիկն է եղել։
Ա. Պողոսյանը ներկաներին ասաց, որ Իտալիան մի զգալի գումար է հատկացրել՝ Հայաստանում ստեղծելու մշակութային կենտրոն, որը զբաղվելու է մշակութային արժեքների վերականգնմամբ, մասնագետների ուսուցմամբ ու վերապատրաստմամբ եւ այլն։
Բ. Սկապինին լրագրողներին նաեւ ասաց, որ իր գրադարանում հայ հեղինակների, օրինակ, Չարենցի, գրքերն են, իսկ հայերենը ինքը սովորում է՝ կամաց–կամաց, վերջին երկու բառն արտասանելով հայերեն։
 

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

http://www.hhpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


6 × = treinta seis