Իսպանիան հասարակական ցնցումների մեջ է

 

Իսպանիան հասարակական ցնցումներ

Սեպտեմբերի 26-ին Իսպանիայի մայրաքաղաքում երկրի կառավարության վարած տնտեսական քաղաքականության դեմ հանդես եկած ցուցարարների և ոստիկանության ընդհարման ժամանակ 35 մարդ ձերբակալվել է, իսկ 64-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բողոքի մասնակիցները վանկարկել են «Շրջապատենք խորհրդարանը» կարգախոսը և փորձ են արել մոտենալ պատգամավորների Կոնգրեսի շենքին /խորհրդարանի ներքին պալատ/, որը բոլոր կողմերից շրջապատված է եղել արգելափակոցներով: Չնայած ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումներին, այնուամենայնիվ, ցուցարարների և ոստիկանների միջև տեղի է ունեցել ընդհարում, որի հետևանքով 28 մարդ /որոնցից մեկը ծանր վիրավորված/ հոսպիտալացվել է: Տուժածների մեջ 27-ը ոստիկաններ են:

Խորհրդարանի ներքին պալատի նախագահ Խեսուս Մարիա Պոսադա Մորենոն այսօր հայտարարել է, որ ոստիկանությունը գործել է արդարացի: Ընդդիմության ներկայացուցիչներն իրենց հերթին հաստատում են, որ ոստիկանության կիրառած ուժը ունեցել է չափից ավելի ծայրահեղ բնույթ:

Նշենք, որ դեռ մի քանի օր առաջ աշխարհի շատ լրատվամիջոցներ ներկայացնելով Իսպանիայի գործադիր իշխանությունն իրականացնող ժողովրդական պահպանողական կուսակցության և նրա առաջնորդ Մարիանո Ռախոյի կողմից տարվող քաղաքականությունը, արդեն խոսում էին, որ երկիրը հայտնվել է հասարակական լուրջ հակասությունների առջև:

Ըստ մասնագիտական գնահատականների, տնտեսական անհաջողությունների հիմնական պատճառ դիտարկվող ուղղություններից գլխավորը երկրի ղեկավարության վարած անհեռատես քաղաքական կուրսն է. այն գերվեց, այսպես կոչված «հեշտ փողեր» վաստակելու տենդով և սկսեց զարկ տալ շինարարությանը և անշարժ գույքի առևտրին: Արդյունքում Իսպանիայի ներկայիս վարչապետ Մարիանո Ռախոյը, հայտնվելով բազմաթիվ բանկերի փաստացի սնանկության առջև, ստիպված է արտակարգ օգնություն խնդրել ԵՄ-ից` երկրի բանկերը ռեկապիտալիզացնելու համար:

Սակայն, ԵՄ-ն այդ ֆինանսական ներարկումը իսպանական տնտեսական համակարգ իրականացնելու դիմաց 32 պայման է առաջադրում, որոնք ըստ տնտեսագետների երկիրը կկանգնեցնեն «եվրոպական կառույցների լիակատար վերահսկողության ներքո»: Հավելենք, որ հասարակության մեջ լավ չընկալվող այս միջոցառումներից զատ, կառավարությունը կտրուկ քայլեր իրականացրեց նաև ներքին կյանքում՝ միանգամից շատ բարձրացնելով հարկերը, կրճատելով պետական ծախսերը և սոցիալական հատկացումները:

Ավելացնենք, որ հասարակական դժգոհությունների և քաղաքացիների այս զանգվածային ելույթների հիմնական կազմակերպչի դերում հանդես են գալիս համացանցի սոցիալական կայքերը, որոնք ցուցաբերում են հասարակական տրամադրություններն արագ միավորող գործիքների հատկանիշներ:

Slaq.am – Լրատվական աղբյուր

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


6 − = cuatro