Իսպանիայի Հայ Դատի հանձնախումբը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Consejo Nacional Armenio De España

Իսպանիայի Հայ Դատի հանձնախումբը վարչապետ Ռոդրիգես Զապատերոյից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մարտի 9-ին Իսպանիայի խորհրդարանը մերժել էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ խնդրագիրը, որը ներկայացրել էին Կատալոնիայի անկախական եւ Բասկերի ազգայնական կուսակցությունները:

Իսպանիայի Հայ Դատի հանձնախումբն այդ կապակցությամբ նշում է, որ վարչապետ Ռոդրիգես Զապատերոն 2004 թ.-ին ՄԱԿ-ին ներկայացրել է  Քաղաքակրթությունների դաշինքը: Թուրքիան, որը միացել է այդ դաշինքին, ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը, իր գործողություններով հակասում է դաշինքի ոգուն, նույնը` Իսպանիայի խորհրդարանը, մերժելով ընդունել վերոհիշյալ խնդրագիրը, փաստորեն, անվավեր է ճանաչում Քաղաքակրթությունների դաշինքը:

«Ինչ վերաբերում է այն հայտարարությանը,  որ կան այլ առաջնահերթություններ  Հայաստանի հետ քաղաքական օրակարգում, Հայ Դատի հանձնախումբը մատնանշում է, որ խնդիրների մեծ մասը,  որոնց  բախվում է Հայաստանը, ուղղակիորեն  կապված են Թուրքիայի՝ հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրի պատասխանատվությունից հրաժարվելու հետ:  Լեռնային  Ղարաբաղի հակամարտության կարգավորումը նույնպես կապված է այս հարցի հետ: Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը: Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, ինչը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, չի համաձայնում վավերացնել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Ադրբեջանը, բացի այն, որ չի շտապում կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, շարունակ ոչնչացնում է  Նախիջեւանի հայկական պատմամշակութային հուշարձանները»,- ասված է հանձնախմբի հայտարարության մեջ:

Իսպանիայի Հայ Դատի հանձնախումբն արձանագրում է, որ, չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, Իսպանիան, այդպիսով, չի ընդունում Եվրախորդարանի դիրքորոշումը, որը 1987թ.-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւ էր ընդունել:

Դատապարտելով մարդկության դեմ հանցագործությունները, ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում` Եվրամիությունը հայտարարում է, որ դա ցանկացած երկրի ու կազմակերպության գերակայությունը պետք է լինի` անկախ գաղափարական եւ քաղաքական հայացքներից:

«Ժամանակը չի մեղմում հանցագործությունների լրջությունը, եւ յուրաքանչյուրի պարտականությունն է կանխել այն հայտարարությունները, որոնք արդարացնում են անպատժելիությունը: Մենք պատասխան չենք ուզում: Մենք պահանջում ենք պատմական արդարություն»,- ասվում է Իսպանիայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


8 − seis =