Թուրքիան պետք է հաշտվի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև իր ողջ 700 ամյա պատմության հետ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելն օսմանների կողմից նշանակում է խաչ քաշել կայսրության մտացածին և գունեղ պատմության վրա և ցույց տալ սեփական դեմքը, բարբարոսական օրենքները, որոնք նախատեսել են բոլոր եղբայրների և նրանց որդիների սպանություն հերթական սուլթանի տիրապետությունից հետո:

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ստամբուլում, Անկարայում և այլ թուրքական քաղաքներում տեղի են ունենալու ակցիաներ և զոհերի հիշատակին նվիրված այլ միջոցառումներ: Այդ մասին Երևանում, ելույթ ունենալով «Թուրքիայում Հայոց ցեղասպանության գիտակցության ձևավորումը» գիտաժողովի ընթացքում հայտարարել է Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի պրոֆեսոր, «Հայեր, ներեք մեզ» քարոզարշավի նախաձեռնողներից մեկը՝ Չենգիզ Աքթարը:

Ինչպես նշել է թուրք պրոֆեսորը, Թուրքիայում ավելի բաց են խոսում և հիշում 1915-ի դեպքերի մասին: «Հիմա Թուրքիայում հայերի մասին խոսում են ավելի շատ, քան առաջ: Իհարկե, կան մարդիկ, որոնք հերքում են տեղի ունեցածը, բայց արդեն կարելի է փաստել, որ ժխտման բետոնե պատը ճեղքվել է: Հատկապես թուրքական գյուղերում հայկական ընտանիքների մասին հիշողությունները դեռ թարմ են: Պետք է հասկանալ, որ հոգեկան ցնցում է ապրել ոչ միայն հայ ժողովուրդը, այլ նաև թուրքերը»,- ասել է Աքթարը: Թուրք պրոֆեսորի հայտարարությունը Թալեաթ փաշային վերացնելու օրը ավելի քան խորհրդանշական է: Հավանաբար, կան թուրքեր, որոնք գիտեն, թե ինչ են արել երիտթուրքերն Անատոլիայի բնիկ ժողովրդի հետ: Հնարավոր է, նրանք նույնիսկ հասնում են տասնյակ հազարների: Սակայն պետք չէ գայթակղվել. թուրքերը և Թուրքիան պաշտոնապես երբեք չեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եվ բանը միայն նրանում չէ, որ նրանք վախենում են ճանաչման հետևանքով փոխհատուցումից և տարածքային հավակնություններից, ոչ: Հայոց ցեղասպանությունը ճանաչելն օսմանների կողմից նշանակում է խաչ քաշել կայսրության մտացածին և գունագեղ պատմության վրա և ցույց տալ սեփական դեմքը, բարբարոսական օրենքները, որոնք նախատեսել են բոլոր եղբայրների և նրանց որդիների սպանություն հերթական սուլթանի տիրապետությունից հետո:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար պետք է համակերպվել սեփական 700-ամյա պատմության հետ, և հենց դա Թուրքիան երբեք չի անի: Դա նորություն չէ. նույն Եվրոպան այդ մասին հիանալի գիտի և հնարավոր է՝ այստեղից էլ Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից կայուն չկամությունը Թուրքիայի՝ ԵՄ մտնելու հարցում:

Սակայն վերադառնանք 90-ամյա վաղեմություն ունեցող սպանությանը: Թալեաթ փաշայի սպանությունը դարձավ Հայոց ցեղասպանության մեղավորների շարքում առաջին պլանավորված ոչնչացումը: Հիշեցնենք. Օպերացիան կոչվում էր «Նեմեսիս», որի հեղինակներն էին Արմեն Գարոն և Շահան Նատալին: Ճիշտ է, 1918-ի դեկտեմբերի 16-ին Օսմանյան կայսրության դեկրետի համաձայն «Միասնություն և առաջընթաց» կուսկցության առաջնորդները և թուրքական կառավարության ազդեցիկ գործիչներ Թալեաթը, Էնվերը, Նազիմը, Ջեմալ, Բեհաետդին Շաքիրը և ուրիշներ դատարանի առաջ պետք է կանգնեին Թուրքիային պատերազմի մեջ ներքաշելու, Հայոց ցեղասպանության կազմակերպման մեղադրանքով և հեռակա կարգով արդեն դատապարտվել էին մահվան, սակայն նրանց հասցրել էին տանել Ռուսաստան և Գերմանիա:

1919-ի աշնանը Երևանում կայացած Դաշնակցության IX համագումարը որոշում ընդունեց դատաստան տեսնել երտթուրքերի պարագլուխների հետ: Քննարկվեց 650 անուն, ընտրվեց 41 գլխավոր մեղավոր:

1921-ի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում կրակեց Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթի վրա: 1921-ի հունիսին Բեռլինում կայացած դատարանն արդարացրեց Թեհլերյանին: 1921-ի դեկտեմբերի 6-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրքերի կառավարության նախկին ղեկավար Սաիդ Հալիմ փաշային: 1922-ի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինում ոչնչացրեցին Ջեմալ Ազմիին և «Թեշկիլաթի Մահսուս» հանցավոր կազմակերպության հիմնադիր Բեհաետդին Շաքիրին: Մի քանի ամիս անց Թբիլիսիում սպանվեց չորրորդ բանակի գլխավոր հրամանատար Քեմալ փաշան:

1922-ի հուլիսի 25-ին Թբիլիսիում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը վճիռն ի կատար ածեցին Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալի նկատմամբ:

Վրիժառուները հետապնդեցին նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, բայց նրան հաջողվեց Գերմանիայից մեկնել Բաքու, այնտեղից էլ` Միջին Ասիա: Այստեղ Էնվերը գլխավորեց բասմաչյան շարժումը և 1922-ին սպանվեց Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումովի, մեկ այլ վարկածով` Գեորգի Աղաբեկովի կողմից:

Երիտթուրքերից բացի հայ վրիժառուները ոչնչացրեցին մուսավաթական Ադրբեջանի կառավարության մի շարք գործիչների, որոնք մեղավոր էին 1918-ի դեպտեմբերին Բաքվում հայերի կոտորածների մեջ: 1920-ի մայիսին սպանվեց Նասիբ բեկ Յուսիֆբեյլին` Ադրբեջանի անվանի քաղաքական և հասարակական գործիչ: 1920-ի հունիսի 19-ին Արամ Երկանյանը Թբիլիսիում սպանեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆատալի խան Հոյսկուն:1920-ի հուլիսի 19-ին սպանվեց Հասան բեկ Աղաևը: 1921-ի հուլիսի 19-ին Միսաք Թոռլակյանը վերացրեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրին, որը Շուշիի հայկական ջարդերի կազմակերպիչն էր:

«Նեմեսիս» օպերացիայի մասին շատ է գրվել և դեռ ավելի շատ գրվելու է: Մենք այդ մասին գրում ենք ամեն տարի և բնավ ոչ մազոխիզմի հանդեպ սիրուց: Հավանաբար, հասկանալու համար, թե ինչու է խաղաղասեր ժողովուրդը գնացել ծայրահեղ միջոցների` սպանության: Որքան էլ թուրք-օսմանները զղջան, ուղղակի պետք է հասկանան, թե որքան հեռու կարող է լինել քոչվորը քաղաքակիրթ ժողովրդից:

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− 1 = cuatro