Թուրքերն ընդդեմ պատմական ճշմարտության

Հայաստանի ազգային արխիվը հակադարձում է

 

Մոտենում է Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցը, ուստի ակտիվանում են ինչպես հայ, այնպես էլ՝ թուրք պատմաբանները։ Հայ պատմաբանները, գիտնականները մեկ անգամ եւս ներկայացնում են ցեղասպանությունն ապացուցող անհերքելի նյութեր, վավերագրեր, իսկ թուրք պատմաբանները հիմնականում շարունակում են պատմական իրողությունների հերքումն ու պատմության խեղաթյուրումը։ Վերջինների մեջ առանձնանում է թուրք պատմաբան Մեհմեդ Փերինչեքի Մոսկվայում այս տարի հրատարակված «Հայկական հարցը ռուսական պետական արխիվների 120 փաստաթղթերում» գիրքը։ Աշխատության հեղինակը, ով հայտնի է իր հակահայ դիրքորոշմամբ, հետաքրքիր մոտեցում է ցուցաբերում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ Փերինչեքի՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում եւ դրանից հետո պատերազմող պետություններում տեղի է ունեցել ժողովուրդների բախում, որի արդյունքում էլ տուժել են Թուրքիայի ինչպես հայ, այնպես էլ թուրք եւ քուրդ բնակչությունը, այսինքն՝ Թուրքիայում կոտորածները եւ բռնությունները եղել են փոխադարձ։ Աշխատության մյուս առանցքային կետն այն է, որ հայ կամավորական ջոկատները Թուրքիայում իրականացրել են մուսուլման բնակչության էթնիկական զտում, եւ միայն դրան ի պատասխան է թուրքական կառավարությունը համապատասխան միջոցներ ձեռնարկել կասեցնելու հայ կամավորական ջոկատների շարժումները։ Եվ վերջապես հեղինակը թեեւ չի հերքում, որ տեղի է ունեցել հայ ազգաբնակչության կոտորած, բայց նշում է, որ կոտորվել է նաեւ թուրք եւ քուրդ մուսուլման բնակչություն, իսկ այդ ամենի մեղավորը «արեւմտյան իմպերիալիստական պետություններն են եւ ցարական Ռուսաստանը»։
Թուրք պատմաբանն իր հայեցակարգի իսկությունը ապացուցելու համար օգտագործել է Ռուսաստանի արխիվներում պահվող փաստաթղթերը, սակայն իրականում 120 փաստաթղթերից միայն 63—ն են Ռուսաստանի արխիվից, իսկ մնացածը՝ 1920—30 թթ. Խորհրդային Միությունում լույս ընծայված տարբեր հակադաշնակցական հրատարակություններ են, որոնց հեղինակները հիմնականում հայ բոլշեւիկներն էին։
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշում է, որ թուրք պատմաբանն իր գրքում օգտագործել է կեղծարարներին հատուկ մի շարք հնարքներ, ինչպես օրինակ՝ գրքերից մեջբերել է այն հատվածները, որոնք հարմար են իր թեզին՝ ներկայացնելով դրանք որպես ռուսական պետական արխիվներից վերցված աղբյուրներ։ «Իրականում Ռուսաստանի պետական արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ այդքան շատ փաստաթղթեր չկան։ Պատճառն այն է, որ ցարական Ռուսաստանը պատերազմող կողմ էր, եւ նրա դիվանագիտական ներկայացուցիչները դեռեւս 1914 թվականին հեռացել էին Թուրքիայից։ Բնականաբար Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ—ի, որի դեսպան Հենրի Մորգենթաուն մինչեւ 1917 թվականը տեղեկություններ էր ուղարկում, չէր կարող տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչ է կատարվում այդ ժամանակ Թուրքիայում»,–բացատրեց Ա. Վիրաբյանը։ Այդ առումով հսկայական նյութ կա պահպանված նաեւ Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, ԱՄՆ—ի եւ մի շարք չեզոք պետությունների արխիվներում, քանի որ այդ պետությունները դիվանագիտական ներկայացուցչություններ ունեին Թուրքիայում, եւ որոնց միսիոներները մուտք ունեին այդ երկիր։
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Մեհմեդ Փերինչեքի եւ, ընդհանրապես, բոլոր նմանատիպ կեղծարարություններին ի պատասխան՝ մինչեւ 2015 թվականը Հայաստանի ազգային արխիվը պատրաստում է «Վշտապատում» խորագրով եռհատորյա փաստաթղթերի ժողովածու, որտեղ ներկայացված են ցեղասպանությունը վերապրած մարդկանց հիշողությունները։ Յուրաքանչյուր հատորը բաղկացած է 500 էջից, եւ ամփոփված են Վանի, Բիթլիսի, Էրզրումի նահանգների շուրջ 700 գյուղների վերաբերյալ տվյալներ։ Հիշողությունները գրի են առնվել 1916 թվականին, մարդիկ շրջել են բոլոր այն վայրերով, որտեղ գաղթականներ են բնակվել, եւ գրի են առել նրանց պատմածները։ Փրկվածները պատմել են, թե իրենց գյուղում ինչպես են իրականացվել կոտորածները, անուն առ անուն նշել են կոտորածի կազմակերպիչներին, որքան մարդ է կոտորվել, քանի կին եւ երեխա են տարել, որքան մարդ է փրկվել, ինչպես է փրկվել։
«Վշտապատում» ժողովածուն թարգմանվելու է ռուսերեն եւ անգլերեն, հնարավոր է նաեւ ֆրանսերեն։ Առաջին հատորը, որն անդրադառնում է Վանի նահանգին, արդեն պատրաստ է, այժմ աշխատում են ռուսերեն եւ անգլերեն տարբերակների վրա։ Նշենք, որ 2005 թ. «Վշտապատումը» լույս է տեսել մեկ հատորով, որտեղ 700 փաստաթղթերից ներկայացվել էին 168—ը։ Այժմ եռհատորյակում կընդգրկվեն բոլոր փաստաթղթերը։
Հայաստանի ազգային արխիվը հրատարակելու է նաեւ Կարսի նահանգի հայ բնակչության կոտորածների վերաբերյալ 1200 փաստաթղթերից բաղկացած ժողովածու, որտեղ փաստաթղթերն ի սկզբանե ռուսերեն լեզվով են։ Կարսի նահանգը, որը մտնում էր Ռուսական կայսրության կազմ, 1918 եւ 1920 թթ. թուրքերը գրավել էին եւ այնտեղ եւս կոտորածներ իրականացրել, իսկ հետագայում Մոսկվայի պայմանագրով նահանգն անցավ Թուրքիային։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

09-11-2011

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


9 + = trece