Թուրքական սպառնալիքները արագացնում են Հայոց ցեղասպանության քրեականացումը

La criminalización del genocidioՀունվար 07, 2012 | 23:02

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատեց ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը: Այն շուտով կուղարկվի ֆրանսիական Սենատ:

Այս օրինագիծն ընդունվեց սպասվածից շուտ, և սա, փաստորեն, արձագանք է ֆրանսիացիների վրա ճնշումներն ավելացնելու Թուրքիայի փորձերին: Ժամանակն է, որ Թուրքիան փոխի իր վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ ինչպես իր տարածքում, այնպես էլ միջազգայնորեն և հետ կանգնի պատմության ժխտման ռազմավարությունից: Այս ռազմավարությունը չի տալիս որևէ արդյունք, բացի Թուրքիային իր դաշնակիցներից օտարելուց: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում հայկական սփյուռքի կամ տեղական ընտրությունների առկայության վերաբերյալ Թուրքիայի մեղադրանքի փորձերը քննադատության չեն դիմանում այն պատճառով, որ փոքր հայկական սփյուռք  և  ուժեղ թուրքական համայնքներ ունեցող երկրները և հանդիսանում են Թուրքիայի դաշնակիցները, ինչպես, օրինակ, Շվեդիան (2011թ.), Լեհաստանը (2005թ.), Նիդեռլանդները (2004թ.), Սլովակիան (2004թ.), Գերմանիան (2005թ.) և շատ այլ երկրներ, անցյալում ցեղասպանության ճանաչման բանաձևեր են ընդունել: Այս միտումը դառնում է շարունակական. հարցի շուրջ թուրքական խիստ արձագանքը մեծացնում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ միջազգային հասարակական հետաքրքրությունը և միջազգային հանրության իրազեկությունը:

Աշխարհը շարժվում է դեպի համամարդկային արժեքները, ուր ցեղասպանությունները և մարդու իրավունքների ոտնահարումները ունեն քիչ տեղ կամ տեղ չունեն: Այո, մի քանի հարյուր տարի առաջ պետության ինքնիշխանությունը համարվում էր սուրբ և անձեռնմխելի արժեք, իսկ իր բնակչության կոտորածը այլ պետությունների կողմից համարվում էր ներքին խնդիր: Սակայն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համաշխարհային շարժումը, որը սկսվեց հենց Ֆրանսիայում, մարդասիրությունը դարձրել է համամարդկային արժեք: 1915թ. Անտանտի երկրները դատապարտեցին 1915թ. հայերի ջարդերը որպես մարդկության դեմ իրականացրած հանցագործություն: Թուրքիան պատմության խեղաթյուրման և քաղաքական սպառնալիքների միջոցով չի կարող պայքարել ժամանակակից աշխարհի առանցքային արժեքի դեմ: Այս ռազմավարությունը տանում է Թուրքիային դեպի մեկուսացում:

Խոսքի ազատության սահմանափակումը ցեղասպանությունների հերքման քրեականացմանը հակադարձելը անհամապատասխանելի է, որովհետև խոսքի ազատությունն ինքնին ենթակա է որոշ իրավական սահմանափակումների, այդ թվում` Ցեղասպանության Կոնվենցիայի որոշ հոդվածներով: Նույն տրամաբանությունն արգելում է ֆաշիստական և ռասայական կոչերը, որոնց կործանարար ուժը մի քանի տասնամյակ առաջ ամրապնդվել էր “գիտական” փաստարկների միջոցով: Բացի այդ, խոսքի ազատությունը չի կարող ոչ մի կերպ արդարացնել պատմության կեղծումը և Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում սպանված միլիոնավոր հայերի ժառանգների ու զոհերի հանդեպ անարգանքը:

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պայքարել են ցեղասպանության ժխտման դեմ ողջ աշխարհում: Եվ հաջողված դեպքերի մի մասի պատճառն ընկած է ոչ թե նրանց քաղաքական կամ տնտեսական ուժի, այլ նրանց գործի արդարության մեջ: Նրանք գործում են “այլևս երբեք” կարգախոսով: Հայոց ցեղասպանությունը նախադեպ դարձավ դրան հաջորդած ցեղասպանությունների` Հոլոքոստի, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի` 21-րդ դարի առաջին ցեղասպանության համար: Անպատժելիության մթնոլորտը և ցեղասպանությունների դատապարտման բացակայությունը հող են նախապատրաստում նոր ցեղասպանությունների կրկնության համար: Շատերը հիշում են 1939թ. օգոստոսին Հիտլերի արած հայտնի արտահայտությունը հայերի բնաջնջման վերաբերյալ: Այն ժամանակ արդեն չափազանց ուշ էր, քանի որ Եվրոպայում հրեաների ոչնչացումը սկսվել էր: Սակայն մինչ իշխանության գալը` 1931թ. հունիսին, Հիտլերը հարցազրույց է տվել գերմանական մի թերթի, որտեղ նա ծաղրում է հայերի կոտորածները և օգտագործում դրանք որպես օրինակ` այլ ժողովուրդների հանդեպ տարբեր հանգամանքներով կրկնելու համար: Այսինքն ցեղասպանության դատապարտման բացակայությունը և անպատժելիությունն ուղղակիորեն հարվածում են ապագայում նրա կանխարգելմանը. անպատժելիության պայմաններում ցեղասպանության հերքողն աջակցում է ցեղասպանության ծննդին:

Որևէ մեկի համար թուրքական այն պնդումներին հավատալը, թե Հայոց ցեղասպանությունը կարելի է տարբեր տեսանկյուններից դիտել, այնքան վիրավորական է, որքան եթե ասենք Գերմանիան ժամանակին հայտարարեր, թե հրեա գիտնականների, վկաների և տուժածների ցուցմունքները ներկայացնում են Հոլոքոստի բացառապես “հրեական տեսանկյունը”. ցեղասպանության զոհերի պատմությունը և տառապանքները ժխտելը համարժեք է նրանց կրկին զոհ դարձնելուն:

Իսկապես, Թուրքիայում կան շատ մարդիկ, հատկապես մտավորականներ, ովքեր ընդունում են, որ Թուրքիայում հարյուր տարի առաջ հայերի ցեղասպանություն է իրականացվել, բայց մյուս կողմից թուրքական քրեական օրենսգրքում դեռևս կա 301-րդ հոդվածը, որը կարող է պատժել յուրաքանչյուրին , ով կընդունի Հայոց ցեղասպանության իրողությունը: Մի կողմից Թուրքիան պահանջում է խոսքի ազատության հարգում (հասկանալով դրա տակ ցեղասպանության հերքում), մյուս կողմից իր սեփական երկրում սահմանափակում է նույն խոսքի ազատությունը (այսինքն` ցեղասպանության ընդունումը)` այսպիսով գործելով երկակի ստանդարտներով խաղացողի դասական և պարզագույն օրինակով:

Քչերն են, եթե այդպիսիք կան, կասկածի տակ դնում Հայոց ցեղասպանության փաստը: Ֆրանսիան վերահաստատեց,  որ հարցը պատմական իրադարձության մասին է, որի իրողությունը փաստ է: Հայոց ցեղասպանության ամերիկյան քննարկումներն անկասկած հանգում են ցեղասպանության վերաբերյալ փաստերի ակնհայտ գոյությանը: ԱՄՆ յուրաքանչյուր նախագահ կարեկցանքի խոսքեր է հղում հայ ժողովրդին և Ցեղասպանության զոհերի ժառանգներին: Միացյալ նահանգներում թե՛ ակադեմիական և թե՛ քաղաքական շրջանակները, հասարակությունն ընդհանուր առմամբ և նահանգների մեծ մասն ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, բայց ներկա իրավիճակում որոշ քաղաքական հաշվարկների հետևանքով դա դեռևս պաշտոնապես չի արվել: Բայց դա ժամանակի հարց է:

Ֆրանսիայի օրինակով մյուսները կճանաչեն Ցեղասպանությունը և կքրեականացնեն դրա հերքումը: Շատ երկրներ կոչ կանեն Թուրքիային առերեսվել իր պատմական անցյալի հետ, քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել իր հերքման քաղաքականությունից: Սա մի ճանապարհ է, որ Եվրոպայի նախկին գաղութային տերություններն անցան: Եվրոպան վաղուց հաշտվել է իր անցյալի հետ և միջոցներ է ձեռնարկել իր նախորդներից ոմանց սխալների և/կամ հանցագործությունների դեմ, և ես անկեղծորեն կարծում եմ, որ Եվրոպան իր դռները փակ է պահելու Թուրքիայի համար, քանի դեռ Թուրքիան չի անցել այդ ճանապարհը: Վրեժի և պատժամիջոցների վերաբերյալ սպառնալիքները միայն ծնկի են բերում Թուրքիային:

Այժմ Թուրքիան կանգնած է երկընտրանքի առջև:  Մի կողմից, նա կարող է շարունակել իր մերժման, Հայաստանի դեմ իր թշնամական քաղաքականությունը, (որի ապացույցն է նրա կողմից Հայաստանի շրջափակումը)` դրանով գործընթացը փակուղի տանելով և իր դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումով ու սեփական դեմքի հետագա կորստով: Մյուս կողմից, նա կարող է մերժող պետությունից վերափոխվել համամարդկային արժեքներին հավատարիմ պետության` առերեսվելով իր պատմական անցյալի հետ, առանց որևէ նախապայմանների կարգավորելով իր հարաբերությունները Հայաստանի հետ, բացելով սահմանները և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով: Սա կնշանակեր, որ Թուրքիան հանդիսանում է հասուն պետություն ու պատրաստ է երկխոսության մեջ մտնել իր հարևանների հետ և չի շարունակում երիտթուրքերի հայատյացության քաղաքականությունը: Հակառակ դեպքում, մինչ օրս հարևանների հետ զրոյական քաղաքականությունը հասցրել է զրոյական արդյունքների:

Հայոց ցեղասպանության ճանաչումը չի սպառնում թուրքական պետականությանը կամ Թուրքիայի տարածքային ամբողջականությանը: Որևէ կապ չկա Ցեղասպանության ճանաչման և տարածքային պահանջների միջև: Ի դեպ, Հայաստանի բոլոր նախագահները դրա մասին հայտարարություններ արել են: Դրա համար որևէ իրավական փաստարկ էլ չկա: Ցեղասպանության ճանաչումը չի կարող հանգեցնել տարածքային փոխհատուցման: Այս հարցը հաճախ շահարկվում է ազգայնական քաղաքական գործիչների կողմից: Սակայն մերժողականության ավարտը թուրք և հայ ժողովուրդների հաշտեցման հնարավորություն կտա, ինչի արդյունքում երկուսն էլ կլինեն հաղթողներ:

Սասուն Հովհաննիսյան

Ֆրանս-հայկական երիտասարդական հիմնադրամի (ՖՀԵՀ) նախագահ
Լիոնի համալսարանի (Լումիեր Լիոն 2 համալսարան) ուսանող

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 + = diez