Թամանյանական երազանքը՝ իրականության ճանապարհին

Hanrapetutean Hraparaki ashtarak

Հրապարակի աշտարակը կարժանանա՞ ժամանակի ու
ժողովրդի հավանությանը

Շուրջ երկու տարի հետո Հանրապետության հրապարակում վեր կխոյանա 50 մետր բարձրությամբ եւ շուրջ 30 մետր տրամագծով հսկա տուֆակերտ աշտարակը՝ ամբողջացնելով հրապարակի տեսքն ու դառնալով երկրի գլխավոր հրապարակի նոր խորհրդանիշը։ Մայրաքաղաքի թամանյանական նախագծի այս կարեւոր բաղադրիչին անդրադառնալու խնդիրը դրված էր դեռեւս Հայաստանի երկրորդ Հանրապետության առաջին օրերից, բայց միայն այսօր է այն իրականություն դառնալու ճանապարհին։ Կարեւոր այս նախագծի իրականացումը երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի մշտական հոգածության եւ ուշադրության ներքո է։
«Կառուցվելիք աշտարակը լրջորեն կփոխի Հանրապետության հրապարակի դեմքը, ավարտուն տեսքի կբերի կառավարության շենքի նախագիծն ըստ սկզբնական էսքիզների եւ լուրջ ազդեցություն կունենա հարավային՝ դեպի կայարան տանող Տիգրան Մեծի պողոտայի վրա։ Այսինքն, թմբուկը գլխավոր առանցք կդառնա հարավային այս պողոտայի նկատմամբ։ Աշտարակը կլինի Տիգրան Մեծ փողոցի առանցքի վրա, նույն ուղղության վրա են նաեւ Օպերայի շենքն ու Կասկադը»,–ներկայացրեց հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը «ՀՀ»—ին տված հարցազրույցում։ Նա արձանագրեց, որ մեծածավալ այս ծրագրի մեկնարկն արդեն տրված է, բայց շինարարական աշխատանքները լայն թափով դեռեւս չեն ընթանում, քանի որ կառավարության շենքի բակում գտնվող կառուցապատվող տարածքից հարկ է նախ ապամոնտաժել եւ դուրս բերել ստորգետնյա ինժեներական տարբեր ենթակառուցվածքները։
Դա կարվի առաջիկա շաբաթների ընթացքում, ապա կսկսվեն հողաշինարարական աշխատանքները։ Ծրագրվում է, որ շինարարությունը մեծ թափով կսկսի արդեն 3 ամսից։ Նախագծի նախահաշվային արժեքը շուրջ 10 միլիոն դոլար է, այդ միջոցները կտրամադրվեն այն ներդրողների կողմից, ովքեր արդարադատության նախարարության այրված շենքի տեղում կառուցելու են վարչական ու բնակելի նոր համալիր։
Ըստ զրուցակցիս՝ նորակառույց աշտարակը փոքր–ինչ բարձր կլինի ազգային պատկերասրահի շենքից, ինչը համապատասխանում է մոտ 13—14 հարկ ունեցող շինության բարձրությանը։ Աշտարակն այսօր հրապարակում առկա ծավալի մոտ կրկնակիի չափով է լինելու՝ կառուցվելուց հետո ձեռք բերելով գերիշխող տեսք։ Պահպանված են Ալ. Թամանյանի նախագծած ֆասադները՝ չնչին փոփոխություններով. միայն խուլ պատերը փոխարինվել են բացվածքներով, ինչն ավելի համահունչ է հարակից շենքերին։ Նախատեսվում է, որ թմբուկի 1—2 հարկերը կլինեն սյուների վրա, այնպես որ կառավարության շենքի ներսի հատվածի բակը կվերափոխի միմյանց հետ կապված երկու նման այգու։ Ներդաշնակ լինելու համար աշտարակը կերեսպատվի նույն վարդագույն եւ դեղնավուն երանգների տուֆով, ինչպես հրապարակի մյուս կառույցները։ Շինությունը հիմնականում բաղկացած կլինի վարչական հատվածներից՝ նախատեսված կառավարության աշխատակազմի, ինչպես նաեւ հարակից հատվածներում արդարադատության եւ սփյուռքի նախարարությունների աշխատակազմերի համար։
Ուշագրավն այն է, որ Ալ. Թամանյանի նախագծում ներկայացված է միայն շենքի արտաքին տեսքը, կտրվածքները եւ մեկ սխեմատիկ հատակագիծ։ Ալ. Թամանյանի թանգարանում պահվող նյութերի մանրամասն ուսումնասիրման արդյունքում դրանց հիման վրա մշակվել է նոր լիարժեք նախագիծ, որում պահպանված են շենքի արտաքին տեսքը, չափերը, բարձրությունը։
Նախագիծը հիմնականում պատրաստ է, պատասխանատուները կառավարության աշխատակազմը եւ քաղաքաշինության նախարարությունն են, համատեղ աշխատանքի արդյունքում մշակումները շարունակվում են, քայլ առ քայլ առաջ են ընթանում։ Ճարտարապետը խորապես համոզված է, որ նոր կառույցը կսիրվի ժողովրդի կողմից ու կամբողջացնի հրապարակի տեսքը։ «Այսօր մեր քաղաքացիները կարծում են, թե կառավարության շենքի գլխավոր շեշտադրումը ժամացույցի աշտարակն է, իսկ իրականում դա շատ ավելի հզոր ծավալ ունեցող թմբուկն է»,–նկատեց նա՝ կրկնելով, որ կառուցվելիք աշտարակը շեշտակի կփոխի հրապարակի տեսքը։

Ճարտարապետական համարձակություն, պետական կամք
 

«Թամանյանը երազում էր ստեղծել հայկական նոր պետականության թիվ մեկ հրապարակը, որն այսօր չունի այն տեսքը, ինչ նախագծել է ճարտարապետը. հրապարակ մտնող փողոցների թիվը եւս 2—ով ավելի էին, Հյուսիսային պողոտան նախատեսվում էր հրապարակին միացնել ներկայիս պատկերասրահի շենքի տարածքով։ Հրապարակի գլխավոր ճարտարապետական ծավալն այդ նախագծով ոչ թե Ազգային պատկերասրահի շենքն էր, որը մենք այսօր ունենք, այլ կառավարության շենքի ծավալի մեջ բակի հատվածում նախատեսված աշտարակը»,–բացատրեց Ն. Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ պարտավոր ենք լիարժեք դարձնել մեծ ճարտարապետի երազանքը։
Ալեքսանդր Թամանյանն առաջին անգամ Հայաստան հրավիրվեց 1919 թվականին՝ վարչապետ Հովհաննես Քաջազնունու հրամանով նշանակվելով Հայաստանի գլխավոր ճարտարապետ։ 1921 թ. խորհրդային ճնշումների պատճառով նա ստիպված էր լքել հայրենիքը՝ մեկնելով Թավրիզ։ Բայց Ալեքսանդր Մյասնիկյանի հորդորներից հետո 1923 թ. կրկին վերադարձել է մայրաքաղաք, իսկ արդեն մեկ տարի անց հաստատվել է Երեւանի առաջին գլխավոր հատակագիծը։ Հետագայում տարբեր պատճառներով աշտարակի կառուցումը չի իրականացվել, երկրորդ աշխարհամարտի տարիներին անհրաժեշտ էր միջոցներ տնտեսել։ Ավելի ուշ,  1950—ական թթ., երբ գլխավոր ճարտարապետը Մարկ Գրիգորյանն էր, որոշում է կայացվել հրաժարվել Հյուսիսային պողոտայի եւ հրապարակի աշտարակի գաղափարներից։ Փոխարենը Գրիգորյանի նախագծով կառուցվեց ազգային պատկերասրահի շենքը։ Թամանյանական նախագծին վերադառնալու հարցը բարձրացվել է նաեւ Կ. Դեմիրճյանի պաշտոնավարման տարիներին, բայց Մոսկվայի հետ համաձայնեցնելու եւ ֆինանսավորման խնդիրների պատճառով այն դրական ընթացք չի ստացել։
Անկախության առաջին տարիներից Հյուսիսային պողոտայի եւ հրապարակի թմբուկի գաղափարները նույնպես զարթոնք ապրեցին, քանի որ պատմական յուրաքանչյուր ժամանակահատված պահանջում է իր ուրույն ճարտարապետական նախագծերը։ «Հյուսիսային պողոտայի նախագծի առաջին իսկ օրվանից մենք ունեինք գաղափարը, որ երկրորդ փուլում անպայման կառուցվի թմբուկը»,–ասաց նա։ Ն. Սարգսյանի խոսքերով, ինքը միշտ էլ եղել է Հյուսիսային պողոտան եւ հրապարակի աշտարակը կառուցելու նախաձեռնողներից՝ համոզված լինելով, որ Հայաստանի երրորդ հանրապետության համար նման մեծածավալ ծրագրերն անհրաժեշտություն են։ «Համոզմունքս կիսել եմ գործընկերներիս հետ, կատարվել են մասնագիտական քննարկումներ, եւ դեռեւս 2 տարի առաջ նախագիծն ու դա իրականացնելու հիմնավոր պատճառների շարքը ներկայացվել է հանրապետության նախագահին»,–տեղեկացրեց մասնագետը։
Ն. Սարգսյանի խոսքերով, գլխավոր հրապարակում փոփոխություններ կատարելու համար պետք է համընկնեն ճարտարապետական խիզախությունն ու պետական կամքը, այստեղ փոփոխություններ չեն կարող լինել ինչ—որ մեկի քմահաճույքով. էքսպերիմենտներ անելն էլ անթույլատրելի է։ Իրականացվելիք ծրագիրը, ըստ նրա, հաստատվել է երկարատեւ քննարկումների արդյունքում եւ հավանության արժանացել երկրի գործադիրի կողմից։

Պատմական յուրաքանչյուր դարաշրջան պետք է ունենա
իր ուրույն ճարտարապետությունը

 

Ընդհանրապես, պետությունների գլխավոր հրապարակների կառուցումը ոչ թե տասնամյակների, այլ դարերի հարց է. հանրահայտ մայրաքաղաքների՝ Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Բեռլինի հրապարակներն իրենց այսօրվա տեսքն ստացել են 2—3 հարյուրամյակների աշխատանքների եւ փոփոխությունների արդյունքում։ Օրինակ, Փարիզը մինչեւ ներկա տեսքին գալը 1750—ականներից մինչեւ 1870—ական թթ. բազմիցս վերաձեւվել է։ Երեւանի մայր հրապարակի ուղղությամբ աշխատանքները, փաստորեն, ընթանում են արդեն մոտ հարյուր տարի։
Հրապարակի տեսքն ամբողջացնելու կիսատ գաղափարի իրականացման հիմնավոր պատճառներից մեկն էլ այն է, որ պետք չէ կանգ առնել, նորանկախ Հայաստանը կարող է այսօր կյանքի կոչել այս ծրագիրը՝ չթողնելով այն գալիք սերունդներին։ Ըստ գլխավոր ճարտարապետի՝ դա կարեւոր է նաեւ մարդկանց հոգեբանության, էսթետիկայի տեսակետից, քաղաքի նոր դեմքի համար։ Պատմական ամեն դարաշրջան պետք է բնորոշվի նաեւ իր ուրույն ճարտարապետությամբ, քանի որ նյութական մշակույթի այս դրսեւորումը դառնում է ժողովուրդների եւ պետությունների պատմության վառ արտահայտությունը։
Անկախ Հայաստանի գլխավոր հրապարակն անգամ թմբուկի կառուցմամբ իր վերջնական տեսքը չի ստանա, անելիքները դեռեւս շատ են։ «Հրապարակն այսօր դարձել է տրանսպորտային խաչմերուկ, այն պետք է լինի ոչ թե երթեւեկի վայր մեքենաների համար, այլ մարդկանց զբոսավայր։ Դեռեւս լուծված չէ նախկին Լենինի արձանի տարածքի հարցը, որտեղ, ըստ Թամանյանի, պետք է լինեին շատրվանները, քանի որ հրապարակի մուտքը հարավային կողմից է»,–բացատրեց գլխավոր ճարտարապետը՝ հավելելով, որ քաղաքային իշխանություններն ու մասնագետները դեռեւս ձեռնպահ են այդ հատվածում որեւէ շինարարական ծրագիր իրականացնելուց։ Հեռանկարում պետք է անդրադառնալ հրապարակի բոլոր խնդիրներին. թամանյանական նախագծից անդառնալի շեղումներ արդեն կան։ Մեծ ճարտարապետը դեպի հրապարակ մուտքեր էր նախատեսել նաեւ գլխավոր փոստատան եւ «Արմենիա» հյուրանոցի կենտրոնական կամարներից, բայց այդ լուծումն այս պահին անհնարին է, թեեւ չի բացառում, որ հետագայում այդ հարցում համարձակ լուծումների գնան անկախության սերնդի ճարտարապետները։ Բացի այդ, հրապարակի շուրջ կառուցված շենքերն իրենց սիլուետով բավականին ագրեսիվ եւ ճնշող են։ Վերը նշված բոլոր խնդիրների վերաբերյալ տեսլականները պարզ են, լուծումները կտրվեն քայլ առ քայլ՝ ժամանակի ընթացքում։
Թմբուկի կառուցումից հետո քաղաքացիների ու մասնագետների համար ակնհայտ կդառնա պատկերասրահի շենքի ճակատագիրը, այստեղ կարող են լինել մի քանի լուծումներ։ Այս թեմայով Ն. Սարգսյանն այսօր խոսել չի ցանկանում, քանի որ գիտի, որ հայ մարդը պահպանողական է, բոլորի աչքն էլ տասնամյակներ շարունակ սովորել է այդ շինությանը, բայց միայն մասնագետները գիտեն, որ դա իր տեղում չէ։ Բացի այդ, մեզանում ընդունելի չէ «դեռ չկառուցած՝ քանդում են» գործելաոճը։ Ընդհանրապես, քաղաքացիներն այս կամ այն ճարտարապետական նախագիծը դիտարկում են որպես անցորդներ՝ մի քանի մետր հեռավորությունից, իսկ նախագծող ճարտարապետն ավելի խորքային է դիտարկում պատկերը՝ հաշվի առնելով այն, որ շինությունը համահունչ լինի հարակից կառույցներին, ազգային եւ քաղաքի դիմագծին, ներդաշնակ լինի վերեւից դիտելիս։
Ն. Սարգսյանը գիտի, որ այս ծրագիրն էլ, բնականաբար, կունենա ընդդիմախոսներ, բայց վստահ է, որ կիսատ մնացած գործը պետք է շարունակվի։ «Այսօր դժվար է Երեւանը պատկերացնել առանց Իտալական փողոցի կամ Հյուսիսային պողոտայի, բայց ի՜նչ քննադատություն էր եւ ինչ դիմադրություն…»,–հիշեց նա՝ ավելացնելով, որ առողջ քննադատությունը շատ օգտակար է, դա պետք է անպայման հաշվի առնել, բայց կան մարդիկ եւ գործիչներ, ովքեր այդպիսով ուղղակի ցանկանում են հիշեցնել իրենց մասին։ Գլխավոր ճարտարապետը համոզված է, որ Երեւանի Հանրապետության հրապարակը կարող է ներկայանալի լինել աշխարհի լավագույն հրապարակների կողքին, կարեւորն այն է, որ անցողիկ, «պլպլան», զարմացնելու համար կառուցվող շենքերի փոխարեն լինեն ուրույն ազգային ճարտարապետական դիմագիծ ունեցող շինություններ։

Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


cuatro − = 2