Թալեաթի խոստովանությունը ԱՄՆ դեսպանին

Պատմում է հենց ինքը` դեսպան Մորգենթաուն

 

Ներքևում նկարագրված դեպքերը տեղի են ունեցել, երբ արդեն հայերի հանդեպ կիրառվող վայրագությունների մասին լուրերը` իրենց բոլոր սարսափելի մանրամասներով, հասել էին Ամերիկյան դեսպանատուն: Սկզբում` հունվար և փետրվար ամիսներին, միտում կար դրանք ներկայացնելու, որպես անհնազանդության դրսևորումներ, որոնք կատարվում էին հայկական բնակավայրերում: Երբ այդ լուրերը հասան մեզ, Թալեաթն ու Էնվերը դրանք ներկայացրեցին, որպես խիստ չափազանցված փաստեր, և երբ առաջին անգամ մենք լսեցինք Վանի անկարգությունների մասին, այս թուրք պաշտոնակատարները հայտարարեցին, որ դա ապստամբության փորձ է, որը իրենք շուտով կվերահսկեն: Հիմա ես տեսնում եմ, որ այդ վաղ ամիսներին թուրքական Կառավարությունը անում էր ամեն ինչ, որպեսզի իրական տեղեկությունները ինչքան հնարավոր է երկար կարողանար թաքցնել արտաքին աշխարհից: Այսինքն, Ամերիկան և Եվրոպան կիմանային հայերի ջարդերի մասին, երբ արդեն դրանք իրականացված կլինեին: Եվ քանի որ այն երկիրը, որից ամենից շատն էին ուզում թաքցնել իրողությունը, Ամերիկան էր, ապա նրանք իմ և իմ աշխատակազմի հետ զրուցելիս դիմում էին ծայրահեղությունների:

Ապրիլի սկզբներին իշխանությունները Կոստանդնուպոլիսում ձերբակալեցին մոտ 200 հայերի: Նրանցից շատերը, ովքեր հետո արտաքսվեցին, համարվում էին առաջնորդներ կրթական և սոցիալական ոլորտներում, նրանք այն մարդիկ էին, ովքեր հեղինակություն էին վայելում արդյունաբերության և ֆինանսական դաշտերում: Եվ քանի որ ես այդ հայերից շատերին գիտեի, ապա սկսեցի հետաքրքրվել նրանց դժբախտություններով: Բայց երբ խոսեցի Թալեաթի հետ նրանց արտաքսման մասին, վերջինս պատասխանեց, որ Կառավարությունը ինքնապաշտպանական նկատառումներից ելնելով է դա արել: Նա ասաց, որ Վանում հայերը ցույց են տվել իրենց հեղափոխական նպատակները, և որ Կոստանդնուպոլսում այդ հայ առաջնորդները կապեր ունեին ռուսների հետ, ուստի թուրքական Կառավարությունը ամեն հիմք ուներ վախենալու, որ կարող էր ապստամբություն սկսվել: Թալեաթը պնդեց, որ դա ամենաապահով ծրագիրն էր, և ավելացրեց, որ Կոստանդնուպոլսում հայ համայնքներին չեն անհանգստացնի:

Բայց շուտով թուրքերի դիմակը պատռվեց: Ապրիլին ես հանկարծակի պարզեցի, որ զրկվել եմ օգտվելու ծածկագրից` ամերիկյան հյուպատոսների հետ կապվելու նպատակով: Խիստ գրաքննություն էր անցկացվում` կապված նամակագրության հետ: Այս ամենը կարող էին նշանակել, որ այն, ինչ կատարվում էր Փոքր Ասիայում, իշխանությունները մտադիր էին թաքցնել: Բայց դա նրանց չհաջողվեց: Չնայած ճանապարհորդելու համար դրված բազմաթիվ խոչընդոտներին` որոշ ամերիկացի միսիոներներ կարողացան թափանցել երկրի ներսը: Նրանք ժամերով նստում էին իմ գրասենյակում և արցունքն աչքերին` պատմում էին այն սարսափների մասին, որոնց միջով անցել էին: Նրանցից շատերը կորցրել էին առողջությունը այն տեսարաններից, որ ականատես էին եղել: Շատ դեպքերում նրանք ինձ ներկայացնում էին ամերիկյան հյուպատոսների կողմից ուղարկված նամակներ, որոնք ապացուցում էին նրանց պատմությունների ճշմարիտ լինելը: Ինձ ասում էին, որ միայն մի հույս կա` փրկելու մոտ 2 միլիոն հայերի ջարդերից, սովից. և դա Միացյալ Նահանգների բարոյական օգնությունն էր: Այդ դատապարտված ժողովրդի ներկայացուցիչները հայտարարեցին, որ քանի դեռ Ամերիկայի դեսպանը չի համոզել Թուրքիային ցած դնել իր ոչնչացնող զենքը, ամբողջ հայ ազգը կանհետանա: Բացի ամերիկացի և կանադացի միսիոներներից, ինձ էին մոտենում նաև նրանց գերմանացի գործընկերները, ովքեր ինձ խնդրում էին, որպեսզի բարեխոսեմ և միջամտեմ: Այս մարդիկ հաստատում էին այն բոլոր սարսափելի բաները, որ լսել էի: Այդ գերմանացիները գիտեին, որ Գերմանիան կապված է այնպիսի մարդկանց հետ, ովքեր այդպիսի վայրագություներ էին կատարել, բայց միևնույն ժամանակ շատ լավ գիտեին Գերմանիայի քաղաքականությունը և որ այն երբեք չէր միջամտի այս հարցին: Միայն Ամերիկան կարող էր վերջ տալ ջարդերին:

Իհարկե, տեխնիկապես ես ոչ մի իրավունք չունեի միջամտելու համար: Թուրքիայի ներքին քաղաքականությունը այդ երկրի «ընտանեկան» գործն է: Քանի դեռ այն ինչոր ձևով չի առնչվել Ամերիկայի հետաքրքրությունների հետ, ապա այն չի հետաքրքրում Ամերիկայի Կառավարությանը:

Երբ երկու միսիոներներ ինձ պատմեցին սարսափելի վայրագությունների մանրամասների մասին, ես չկարողացա զսպել ինձ և անմիջապես գնացի Թալեաթի մոտ: Նա շատ վատ տրամադրություն ուներ, քանի որ քանի ամիս է, ինչ փորձում էր ազատել իր երկու ընկերներին` Այուբ Սաբրիին և Զինունին, որոնք ձերբակալվել էին Մալթայում` Անգլիայի կողմից: Սկզբում ես նրա հետ խոսեցի կանադացի մի միսիոների` դոկտոր ՄաքՆոթնի մասին, ում Փոքր Ասիայում շատ կոպիտ էին վերաբերվում:

Այդ մարդը Անգլիայի կողմից ուղարկված գործակալ է, և մենք ապացույցներ ունենք դրա համար: Քանի դեռ իմ ընկերները ազատ չեն արձակվել, մենք ոչինչ չենք անի ոչ մի անգլիացու կամ կանադացու համար:

Բայց դու խոստացել էիր, որ Ամերիկայի համար աշխատող ցանկացած անգլիացու կվերաբերվես որպես ամերիկացի:

Այո, բայց խոստումները հավերժ չեն պահում: Ես հիմա հրաժարվում եմ այդ խոստումից: Ցանկացած խոստման համար կա սահմանափակ ժամանակահատված:

Բայց եթե ոչ խոստումը, ապա ի՞նչն է պարտավորեցնում,- հարցրեցի ես:

Երաշխիքը,- արագ պատասխանեց Թալեաթը:

 

Ես ավելի կարևոր թեմա ունեի խոսելու նրա հետ այդ ժամանակ: Երբ սկսեցի խոսել Կոնիայում հայերի մասին, Թալեաթի դեմքը էլ ավելի խոժոռվեց, աչքերը լայնացան, թեքվեց դեպի ինձ և ասաց.

Նրանք ամերիկացինե՞ր են:

Այս հարցով նա ինձ փորձեց հասկացնել, որ դա իմ գործը չէ: Նա շարունակեց.

Հայերին պետք չէ վստահել: Բացի այդ, ինչ մենք անում ենք նրանց հետ, չի վերաբերում Միացյալ Նահանգներին:

Ես պատասխանեցի, որ ինձ համարում եմ հայերի ընկերը և ցնցված եմ` իմանալով, թե ինչպես եք վերաբերվում նրանց: Բայց նա միայն գլուխը թափահարեց և ասաց.

– Քո հայերի նման մենք չենք ապրում ապագայով: Մենք միայն ներկայում ենք ապրում: Ինչ վերաբերում է Անգլիային, հուսով եմ կկապնվեք Վաշինգտոն և կհայտնեք, որ մենք ոչինչ չենք անի նրանց համար, քանի դեռ ազատ չեն արձակվել իմ ընկերները:

Թալեաթը շատ փոփոխական մարդ էր: Մի օր նա դաժան էր և անզիջում, մեկ այլ օր` բարեսիրտ և հարմարվող: Զգուշությունից ելնելով` ես պետք է սպասեի, մինչև նրան կգտնեի համեմատաբար խաղաղ վիճակում, որպեսզի խոսեի հայերի մասին: Շուտով այդպիսի հնարավորություն եղավ: Վերը նկարագրված խոսակցությունից մի քանի oր հետո ես նորից այցելեցի Թալեաթին.

Ինչու՞ այս փողից մեզ չես տալիս,- ասաց Թալեաթը` գրադարակից մի ծրար հանելով:

Ի՞նչ փող,- հարցրի ես զարմացած:

Այս ծրարը Ամերիկայից ձեզ համար է, այնտեղից հայերի համար շատ փող են ուղարկում: Լավ կլինի, որ այդ փողը մեզ տաս: Մենք նրանց նման ունենք դրա կարիքը:

Ես երբեք չեմ ստացել այդպիսի ծրարներ:

Բայց կարող ես ստանալ: Ես քեզ ուղղված ծրարները առաջինն եմ ստանում և այն կարդալուց հետո նոր ուղարկում եմ քեզ:

Դա ճիշտ էր: Կոստանդնուպոլիս ուղարկված բոլոր նամակները նախ Թալեաթն էր կարդում և հետո միայն ուղարկում հասցեատերերին: Անգամ դեսպաններին ուղղված նամակները բացառություն չէին կազմում: Իհարկե, ես կարող էի բողոքել, բայց որոշեցի դեռ անդրադառնալ գլխավոր թեմային, որի համար եկել էի: Նա կրկին փորձում էր խուսափել և ասում, որ հայերը կապեր ունեն ռուսների հետ: Նա ասաց, որ «Միություն և Առաջադիմություն» կոմիտեն մանրամասն քննարկել է հարցը և ավելացրեց, որ աքսորման մասին որոշումները միանգամից չեն կայացվել, այլ երկար և հանգամանալից քննարկման արդյունք են.

Մի օր ես կգամ և քեզ հետ կքննարկեմ հայերի հարցը,- ասաց նա և թուրքերենով ավելացրեց,- բայց այդ օրը երբեք չի գա:

Մեկ ուրիշ անգամ նա հարցրեց.

– Ինչու՞ ես այդքան հետաքրքրված հայերով: Դու հրեա ես, իսկ նրանք` քրիստոնյա: Մենք այստեղ հրեաներին լավ ենք վերաբերվում: Ինչու՞ ես բողոքում: Ինչու՞ չես թողնում քրիստոնյաների հետ վարվենք այնպես, ինչպես ուզում ենք:

– Դու չես հասկանում, որ ես այստեղ ոչ թե հրեա եմ, այլ` Ամերիկայի դեսպան: Իմ երկրում կան 97 միլիոն քրիստոնյա և մոտ 3 միլիոն հրեա: Այսպիսով, ամենաքիչը ես 97 տոկոս քրիստոնյա եմ: Բայց դա չէ պատճառը, որ ես դեմ եմ ձեր ծրագրին, այլ պատճառն այն է, որ ես մարդ արարած եմ: Դու ինձ շատ անգամ ես ասել, որ ուզում ես Թուրքիան դարձնել զարգացած երկիր: Այն, թե ինչպես ես վերաբերվում հայերին, քեզ չի թողնի իրագործել այդ որոշումը: Ամերիկացիները վրդովված են հայերի նկատմամբ ձեր վերաբերմունքի համար: Դուք պետք է հիմնվեք ոչ թե ռասսայական խտրականության, այլ մարդասիրության վրա: Պատերազմից հետո դու նոր խնդրի առջև կկանգնես: Հասարակության կարծիքը քեզ կհետևի ամենուր, նույնիսկ ԱՄՆ-ում: Աշխարհը երբեք չի մոռանա կոտորածները: Մարդիկ կդատապարտեն բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են դրանց համար:

Անկեղծ ասած, այս նկատողությունները ամենևին չվիրավորեցին Թալեաթին և չփոխեցին նրա մտադրությունները: Ես կարծես անշարժ պատի հետ էի խոսում:

Այդ մարդիկ հրաժարվեցին զենքերը վայր դնել, երբ մենք հրամայեցինք նրանց,- ասաց նա:- Նրանք ապստամբեցին Վանում և Զեյթունում: Միայն մի միջոց կա պաշտպանվելու. դա նրանց արտաքսելն է:

Ենթադրենք, մի քանի հայեր դավաճանել են քեզ: Արդյո՞ք դա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի ոչնչացնես մի ամբողջ ազգ: Արդյո՞ք դա պատրվակ է` անմեղ կանանց և երեխաներին տանջելու համար:

Դրանք անխուսափելի են,- պատասխանեց Թալեաթը,- մենք տարբերություն չենք դնում մեղավորների և անմեղների միջը: Նա, ով այսօր անմեղ է, վաղը կարող է մեղավոր լինել:

Թալեաթը այդ հարցը չէր կարողանում ազատ քնարկել ինձ հետ, քանի որ դեսպանատան աշխատակիցը, ով թարգմանում էր մեզ համար, ծագումով հայ էր: Մի անգամ նա ինձ առաջարկեց իր սեփական թարգմանչին: Դա առաջին անգամն էր, որ Թալեաթը ցույց տվեց, որ ես ինչ-որ ձևով կապ ունեի հայերի նկատմամբ նրա վերաբերմունքի հետ:

Երկու օր հետո մենք նորից հանդիպեցինք: Ես նոր էի սափրվել, և Թալեաթը, ինձ տեսնելով, ասաց.

Դու երիտասարդացել ես: Այնքան երիտասարդ ես երևոմ, որ էլ չեմ կարող հետևել խորհուրդներիդ:

Ես սափրվել եմ, քանի որ այն արդեն սպիտակել էր հայերի նկատմամբ քո վերաբերմունքից:

Այս հաճոյախոսությունների փոխանակումից հետո նա ասաց.

– Ես քեզ կանչել եմ, որ բացատրեմ մեր վերաբերմունքը` հայերի նկատմամբ: Կա երեք պատճառ, որ բացատրում է մեր վերաբերմունքը հայերի նկատմամբ: Առաջինն այն է, որ նրանք թուրքերի հաշվին հարստացել են: Երկրորդը` նրանք որոշել են առավեություն ունենալ մեր նկատմամբ և ստեղծել առանձին պետություն: Երրորդ` նրանք բացահայտ կերպով խրախուսում են մեր թշնամիներին: Նրանք օգնել են ռուսներին Կովկասում, և դրանով է պայմանավորված մեր պարտությունը: Եվ մենք եկել ենք այն որոշման, որ նախքան պատերազմի ավարտը պետք է հայերին թուլացնենք: Մենք արդեն հայերին մաքրել ենք Բիթլիսից, Վանից և Էրզրումից:

Այս երեք կետերի վերաբերյալ ես ունեմ իմ հակադարձ կարծիքը: Թալեաթը իր նշած առաջին առարկությամբ ընդունում էր, որ հայերը ավելի աշխատասեր և ունակ են, քան ձանձրալի և ծույլ թուրքերը: Այն, որ հայերը համագործակցում են թուրքերի թշնամիների հետ, նշանակում է, որ հայերը կոչ են անում Եվրոպական ուժերին` իրենց փրկել կոտորածներից, սպանություններից և կողոպուտներից: Հայկական հարցը հիմնված է դարերի ընթացքում իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի և անարդարության վրա: Սրան միայն մի լուծում կա. դա մի Կառավարության ստեղծումն է, երբ բոլոր քաղաքացիներին կհամարեն հավասար, և որտեղ բոլոր հանցանքները կպատժվեն:

Մտածիր նյութական վնասի մասին,-ասացի Թալեաթին,- Այս մարդիկ քո երկրի աշխատողներն են: Նրանք են կառավարում քո գործարաններից շատերը: Բացի այդ, նրանք մեծ հարկ վճարողներ են: Տնտեսապես ի՞նչ կդառնաք առանց նրանց:

Մեզ դա այդքան էլ չի հետաքրքրում: Մենք արդեն հաշվարկել ենք և կունենանք 5 միլիոն ֆունտ կորուստ: Ես քեզ կանչել եմ, որպեսզի բացատրեմ մեր դիրքորոշումը, և որ այն փոխել անհնար է, մենք արդեն որոշել ենք ամեն ինչ: Հայերը միայն կարող են բնակվել անապատում:

Ես Թալեաթի հետ շատ խոսեցի հայերի մասին: Բայց ինձ չհաջողվեց նույնիսկ մի փոքր փոխել նրա վերաբերմունքը: Նա անձնական թշնամություն ուներ հայերի նկատմամբ, որ գնալով մեծանում էր` հայերի ջարդերի շատացմանը զուգընթաց:

Մի օր Թալեաթը երբևէ ամենացնցող հայտարարությունը արեց, որ լսել էի: New York Life ապահովագրական ընկերությունը հայերի հետ ուներ կնքված գործարքներ: Բանն այն էր, որ հայերից շատերը ապահովագրել էին իրենց կյանքը և ունեին տնտեսումներ:

Կուզենայի,- ասաց Թալեաթը,- որ կապվեիր Ամերիկայի ապահովագրական ընկերությունների հետ, որ մեզ ուղարկեն իրենց հայ գործընկերների ամբողջական ցուցակները: Նրանք այժմ սպանված են և ժառանգներ չունեն` իրենց փողը ստանալու համար: Այդ կարողությունները մնում են պետությանը: Կարո՞ղ ես դա անել:

Նա արդեն չափն անցավ, և ես ինքնակառավարումս կորցրեցի.

Դու ինձանից այդպիսի ցուցակ չես ստանա,- ասացի ես և հեռացա:

Սեպտեմբերի վերջին կինս գնաց Ամերիկա: Հայերի կոտորածները շատ էին ազդել նրա վրա, և նա որոշեց հոռանալ, քանի որ էլ չէր կարողանում ապրել այդպիսի երկրում: Բայց նա որոշել էր մի բան անել այս դժբախտ ժողովրդի համար: Կնոջս ճանապարհը ացնում էր Բուլղարիայով, և նա որոշեց անպայման հանդիպել թագուհի Էլեոնորայի հետ: Թագուհին ազնիվ և բարեհոգի կին էր, որ իր ժամանակի մեծ մասը հատկցնում էր Բուլղարիայի աղքատ ժողովրդի պայմանների բարելավմանը: Կինս ուզում էր նրա հետ խոսել հայերի մասին: Այդ տարիների Թուրքիան ուզում էր, որ Բուլղարիան իր դաշնակիցը դառնա պատերազմի ժամանակ, և պատրաստ էր նույնիսկ զիջումների գնալ:

Կինս թագուհու հետ ոչ պաշտոնական հանդիպում ունեցավ և ամեն ինչ պատմեց հայերի մասին և թե ինչպես են վերաբերվում կանանց և երեխաներին: Վերջում նա խնդրեց թագուհուն, որ միջամտի` հայերի օգտին: Կինս ավելի հեռուն գնաց` ասելով, որ սարսափելի կլինի, երբ Բուլղարիան, ով նախկինում նույնպես տառապել է Թուրքերի պատճառով, այժմ դառնա նրա դաշնակիցը: Թագուհին իրոք ցնցված էր: Նա շնորհակալություն հայտնեց կնոջս և խոստացավ, որ կզբաղվի այս հարցով:

Թագուհին հետաքրքրվեց հայկական հարցով և փորձեց դեմ դուրս գալ թուրքական վայրագություններին: Դա ոչնչի չբերեց, այլ միայն արթնացրեց Թալեաթի ակնթարթային ցասումը` իմ նկատմամբ: Այս դեպքերից հետո Թալեաթը ինձ հետ շատ զուսպ և կոպիտ էր խոսում:

Թալեաթի վերաբերմունքը հայերի նկատմամբ ամփոփվեց իր պոռոտախոս հայտարարությամբ.

– Հայկական հարցը լուծելով` ես 3 ամսում ավելի շատ բանի հասա, քան Աբդուլ Համիդը` ավելի քան 30 տարում:

 

Bnaban.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ siete = 13