ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ ԵՒ ՀԱՅՈՑ ԴԱՐՁԸ

Երբ սովորական պատմության ձևով ենք անդրադառնում Գրիգոր Լուսավորչի և Հայոց դարձի ժամանակաշրջանին, առաջին հայացքից մեզ թվում է, թե մի պարզ ավանդություն է: Բայց այսօր, երբ ավելի քան 17 դարեր են անցել, հայ ժողովուրդը նոր գնահատական է տալիս այդ ցնցիչ իրադարձություններին: Գրիգորը քրիստոնյա լինելուց բացի, նաև բարձրագույն կրթություն ունեցող  անձ էր: Իր գործունեության արդյունքները այսօր գուցե անկարելի են թվում պարզ մտքի տեր մարդկանց համար: Բայց նկատի առնելով, որ անսպառ հավատքի տեր անձը կարող է աներևակայելի արդյունքների հասնել, այսօր ավելի ըմբռնելի է դառնում այն պատմական փաստը, որ մի անձ կարողացավ հայոց հոգիների մեջ ճշմարիտ սերմնացանի քրիստոնեական  առողջ սերմեր ցանել, որոնք աճելով մկրտությամբ նորոգված այդ հոգիների մեջ, համաշխարհային նոր մակարդակի բերեցին հայ միտքը, գրիչը, արվեստը և ճարտարապետությունը:

Գրիգոր Լուսավորչի 66-օրյա քարոզչության շնորհիվ, Հայոց Արածանի գետի մեջ մկրտված մեր ողջ ազգը փոխեց իր հոգու զգեստը և Քրիստոսի վահանով գոտեպնդված կարողացավ իր հոգևոր և ազգային մշակույթով կարևոր տեղ գրավել զարգացած ժողովուրդների կողքին: Փաստն այն է, որ հայ ժողովուրդը քրիստոնյա մկրտվելով մի կողմ նետեց իր արտաքին և ներքին շապիկները և նորոգված Քրիստոսի հարության լույսով, հավատքով առաջնորդված սկսեց կերտել իր նոր պատմությունը, որ անվանում ենք Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու պատմություն: Այդ պատմությունը շաղախված է մեր ժողովրդի սեփական արյունով: Չափազանց շատ կորուստներ ենք ունեցել մեր դարավոր պատմության ընթացքում միայն քրիստոնյա անունը կրելու պատճառով: Բայց պատմագետներն ու հնագետները այս հարցում ունեն իրենց շատ ավելի լուրջ և հիմնավորված կարծիքները: Ոմանք կարծում են, որ եթե քրիստոնյա չդառնայինք, հիմա ավելի կարևոր ազգ կլինեյինք: Բայց դրանք պատմությանն անիրազեկ մարդկանց խոսքեր են, որ ոչ մի հիմք չունեն: Մենք քաջատեղյակ ենք, որ ամբողջ աշխարհում մեզանից ավելի հզոր և մեծ ազգեր են անհետացել: Օրինակի համար Բաբելոնը, որ եղել է աշխարհակալ պետություն, այսօր  այլևս գոյություն չունի: Ասորեստանը, որ նման հզորության գագաթնակետին է հասել, նույնպես կորցրել է իր պետականությունը, բայց քրիստոնեություն ընդունելու շնորհիվ, կարողացել է պահպանել իր լեզուն և ավանդությունները: Այսօր Ասորական Ուղղափառ Եկեղեցին պաշտոնապես մտահոգվում է իր ազգային և կրոնական հարցերով:

Ավելի ամփոփ կարող ենք ասել հետևյալը. «Հայ ժողովուրդը քրիստոնեական գաղափարների շնորհիվ ձեռք բերեց կրոնական առավել բարձր մտածողություն: Ոչ թե պաշտել սեփական ձեռքով ստեղծվածը, այլ երկրպագել Ամենակալն Արարիչ Աստծուն»:


«1700 -ԱՄՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ» գրքից

Տպագրված է Բունոս Այրես, Արգենտինա, տպարան Խոսե Ակյան, Մարաշ ՀՄ կողմից, 2001   

Հեղինակ՝ Արժ. Տ. Սուքիաս ՔՀՆ. Տերտերյան (ավազանի անունը Անդրանիկ)

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


ocho − = 3