Գործելու են պարզեցված կանոններ

registro de conducir

Այս տարվա ապրիլի 14—ին ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ սահմանեց, որ պետք է փոխել մինչ այս գործողության մեջ եղած վարորդական իրավունքի վկայականները։ Գործընթացն արդեն մայիսի 14—ից սկսվել է։ Կառավարության այդ որոշմամբ հեշտացվել է նաեւ վարորդական իրավունք ձեռք բերելու գործընթացը։ Այս փոփոխությունների պարզաբանման նպատակով երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Տոնոյանը։
Ի տարբերություն նախկինում գործած կարգի, այժմ վարորդական իրավունքի վկայական ձեռք բերող անձը գործնական քննություն է հանձնում միայն մեկ փուլով՝ ճանապարհների վրա։ Հանվել է ավտոդրոմներում անցկացվող փուլը։ Տեսական եւ գործնական քննություններ հանձնող անձինք (18 տարին լրացած) ընդամենը վճարում են 28 հազար դրամ։ A, B, C կարգի եւ A1, B1, C1 ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար այլեւս պարտադիր չէ մասնագիտական ուսումնական կազմակերպությունում սովորելը։ Եթե անձը ինքնուսուցման եղանակով տիրապետում է այն գիտելիքներին, որոնք պահանջվում են վերոհիշյալ կարգի վկայական ստանալու համար, նա կարող է մասնակցել տեսական ու գործնական քննություններին եւ դրական արդյունքի դեպքում ձեռք բերել այդ վկայականը։ Ուսումնական կազմակերպությունում սովորած լինելու պահանջը վերաբերում է միայն D եւ E կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու (ութ անձից ավելի ուղեւորատարողությամբ ավտոբուս եւ կցորդով բեռնատար) իրավունքի ձեռքբերմանը։
Ասել է թե՝ տվյալ անձը ազատվում է պարտադիր ուսումնառությունից։ Նոր կարգով դիմողը ազատված է նաեւ հոգեբուժական եւ նարկոլոգիական դիսպանսերներից առողջության վերաբերյալ տեղեկանքներ ներկայացնելուց։ Այդ գործը անում են ՃՈ–ն եւ առողջապահության նախարարությունը։ Վերջինս պարբերաբար ՃՈ–ին է ներկայացնում վերոնշյալ դիսպանսերներում հաշվառման մեջ գտնվողների ցուցակը, որն էլ թույլ է տալիս համակարգչային բազայում պարզել տվյալ անձի հաշվառված լինել–չլինելը։
Ինչ վերաբերում է վարորդական իրավունքի վկայականների փոխարինմանը, ապա այս դեպքում նոր քննություն հանձնելու անհրաժեշտություն չկա։ Արթուր Տոնոյանի տեղեկացմամբ, վկայական փոխող անձը պարտավոր է վճարել միայն 12000 դրամ պետտուրք։ Իսկ ահա վարորդական իրավունքի կարգը փոխելու դեպքում, այսինքն՝ C եւ D կարգ ստանալու համար դիմողը պարտավոր է հանձնել քննությունները։
Հին նմուշի վկայականների գործողության ժամկետն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31—ին։ Պլաստիկ քարտի տեսքով վկայականները ուժի մեջ են լինելու մինչեւ դրանց վրա նշված գործողության ժամկետի ավարտը։ Հին նմուշի վկայականները նորով փոխարինվում են աշխատանքային մեկ օրվա ընթացքում։ Սակայն քանի որ պլաստիկ քարտերի տպագրումը կատարվում է կենտրոնացված եղանակով, դիմելու օրը դիմողին տրամադրվում է ժամանակավոր վկայական, մինչեւ պլաստիկ քարտի պատրաստ լինելը (5—7 օր)։
Արթուր Տոնոյանը, նկատի առնելով, որ հաշվառման քննական տեղամասերում այս օրերին հերթեր են գոյանում, խորհուրդ տվեց չշտապել, քանի որ ժամանակը առավել քան բավարար է։ Հայաստանում տրված վարորդական իրավունքի վկայականներն ի՞նչ ուժ ունեն, ճանաչվո՞ւմ են տարածաշրջանի երկրներում։ Այո։ «ՀՀ ՃՈ–ն հատկացնում է ճանապարհային երթեւեկության միջազգային կոնվենցիայով սահմանված վարորդական իրավունքի վկայականներ։ Ազգային եւ միջազգային։ Այս երկուսն էլ հարեւան երկրներում ճանաչվում են։ ՃՈ–ն նաեւ ազգային վարորդական իրավունքի վկայականի հիման վրա տրամադրում է միջազգային վկայականներ, որոնք ճանաչվում են բոլոր երկրներում, այդ թվում նաեւ կոնվենցիային չմիացած երկրներում։ Այսօր մեր շատ քաղաքացիներ մեր տված վկայականներով աշխատում են շատ երկրներում եւ խնդիրներ չեն ունենում»,–ասաց Արթուր Տոնոյանը։
Համապատասխանո՞ւմ է, արդյոք, խոսակցությունը իրականությանը, որ վարորդական իրավունքի համար գործնական քննությունն անցկացվում է միայն մեխանիկական փոխանցման հաղորդակով ավտոմեքենայով։ Փոխգնդապետը ժխտական պատասխան տվեց. «Կարող են երկու տիպի ավտոմեքենաներով էլ հանձնել։ Ավելին՝ անձը կարող է իր անձնական ավտոմեքենայով քննություն հանձնել՝ ցանկության դեպքում իր հետ ունենալով իր ներկայացուցչին, որը չի կարող միջամտել քննությանը»։

 

***
Երեկ ճանապարհային անվտանգության շաբաթը եզրափակող միջոցառման ժամանակ հաղթող է ճանաչվել 6 աշակերտներից բաղկացած 33 դպրոցի թիմը, որին շնորհվել են մրցանակներ երթեւեկության կանոնների իմացության համար։
Ճանապարհային անվտանգության շաբաթը Հայաստանում մեկնարկել է մայիսի 11—ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՄԱԿ–ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) եւ ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի (ՃԵԱԱԽ) նախաձեռնությամբ։
«Ամեն տարի աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) հետեւանքով մահանում է 1, 300, 000 մարդ, իսկ յուրաքանչյուր 3 րոպեն մեկ զոհվում է մեկ երեխա»,–ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆստրան։
«Մենք աջակցում ենք Հայաստանի իշխանությունների եւ իրավապահ մարմինների՝ ճանապարհները ավելի ավնտանգ դարձնելու ջանքերին, սակայն այս գործում մենք լիարժեք հաջողության կհասնենք միայն այն դեպքում, եթե մենք բոլորս՝ հետիոտները, վարորդները եւ ուղեւորները, հարգենք երթեւեկության կանոնները եւ միմյանց։ Այսպես մենք կարող ենք փրկել միլիոնավոր կյանքեր։ Սա է ՄԱԿ—ի ճանապարհային անվտանգության գործողությունների տասնամյակի նպատակը»,–նշել է ՄԱԿ—ի ՀՏՎ—ի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն։
Երեւանի 7 դպրոցների 48 աշակերտներ մասնակցել են երթեւեկության կանոնների թեմայով առաջին անգամ Հայաստանում կազմակերպված «Ի՞նչ։ Ո՞րտեղ։ Ե՞րբ» խաղին։ Բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ, իսկ 6—հոգուց բաղկացած հաղթող թիմը պարգեւատրվել է ՄԱԿ—ի ճանապարհային անվտանգության գործողությունների տասնամյակի դեղին խորհրդանիշը պատկերող գավաթներով։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

HHpress.am

1 comment for “Գործելու են պարզեցված կանոններ

  1. silvi
    11 junio, 2011 at 13:53

    Barec  cez
    Cankanum em  sovorel  avtomeqena  varel,  khndrum  em  inc  greq  cer  pajmanneri  u gni masin,  inch  arjie  orekan  parapmunqy  meqena  varelu.  Spasum  em pataskhanin
    silvi

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


5 × = cinco