Գյուղմթերքների արտահանումը կավելանա 20—30 տոկոսով

Serzh Sargsyan en el aeropuerto Zvartnots

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա եղավ «Զվարթնոցում» սառնարանային համալիրի բացմանը

Մեկ տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմենիա» միջազգային օդանավակայններ» ընկերության սեփականատեր Էդուարդո Էռնեկյանին առաջարկեց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կառուցել սառնարանային համալիր, որը կնպաստեր մեր երկրում գյուղատնտեսության զարգացմանը։ Մեկ տարի անց առաջարկությունից նյութեղեն վկայի վերածված համալիրը երեկ ներկայացավ հանրությանը, որի բացումը կատարեցին Սերժ Սարգսյանը եւ Էդուարդո Էռնեկյանը։
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտու բաղադրիչ հանդիսացող սառնարանային համալիրն այսօր դեռ բեռնավորված չէ։ Մեկ շաբաթից համալիրի տնօրինությունը կհանդիպի արտահանող կազմակերպությունների հետ՝ ներկայացնելու առաջարկվող ծառայությունները։ Ինչպես արդեն հայտարարվել է, սառնարանային նոր համալիրում ծառայությունները լինելու են համանման ծառայություններից զգալիորեն էժան՝ ի հաշիվ հարկային արտոնությունների, որոնք նախատեսված են ազատ տնտեսական գոտու համար։ Արդեն սահմանված սակագներով, օրինակ, մեկ տոննա գյուղմթերքի բեռնավորման եւ բեռնաթափման համար ֆերմերը կվճարի 8000 դրամ։ Սառնարանում մեկ տոննա գյուղմթերքի մեկ օրվա պահեստավորման գինը կկազմի 3000 դրամ, սառցարանում պահեստավորումը՝ 5000 դրամ։
Նախագծի ղեկավար Իվան Արդալջյանի խոսքերով, «Զվարթնոցի» սառնարանային համալիրում տեղադրված են լավագույն սարքավորումները՝ 0—8 աստիճան ապահովող սառնարաններ, ինչպես նաեւ 20—ից ցածր ջերմաստիճան ապահովող սառցարաններ։ Մինչեւ 500 տոննա գյուղատնտեսական արտադրանք պահեստավորելու համար նախատեսված տարածքում տեղակայված է բերքի ընդունման սենյակ, որտեղ մրգի որակը կստուգվի նպատակային չափանիշների համաձայն։ Կան համապատասխան սարքավորումներ, որոնցով կարող են անհրաժեշտության դեպքում պտղի ջերմաստիճանն արագ իջեցնել։
Օդանավակայանի տարածքում սառնարանային նման համալիրի կառուցումը ոչ միայն հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ ծախսերի տեղից անմիջապես իրականացնել արտահանումը, այլեւ նվազեցնել բերքի տեղափոխման ժամանակ կորստի ռիսկը։ Նշենք, որ սառնարանային համալիրի կառուցումը «Արմենիա» միջազգային օդանավակայաններին» արժեցել է շուրջ 6 մլն դոլար։
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, կարեւորելով համալիրի նշանակությունը՝ նկատեց, որ այն մեծ աջակցություն կլինի գյուղատնտեսության զարգացման հարցում։ Ըստ նրա՝ բերքի իրացումը կկազմակերպվի արդյունավետ եւ անկորուստ, մինչեւ գնային հարմար առաջարկի ձեւավորումը։
«Սա մեծ աջակցություն է գյուղատնտեսության համար։ Ժամանակակից սարքավորումները, ստեղծված պահպանման պայմանները հնարավորություն են տալիս, որ մենք այսուհետեւ արտահանման գործընթացը զարգացնենք եւ ավելացնենք ծավալները»,–ասաց Ս. Կարապետյանը։ Սառնարանային համալիրի բացումը համընկավ ծիրանի բերքի հասունացման հետ եւ, ըստ նախարարի, մեծ են ակնկալիքները, որ այս տարի արտահանվող բերքի ծավալները, այդ թվում՝ եւ ծիրանինը, կավելանան։ Այսօր արտերկրում՝ Ուկրաինա, Ռուսաստան եւ ԵՄ, մեծ է պահանջարկը հայկական վերամշակված եւ թարմ մրգերի ու բանջարեղենի նկատմամբ։ Նախարար Կարապետյանի խոսքերով, այս տարի նախատեսվում է 20—30 տոկոսվ ավելացնել արտահանման ծավալները։ Խոսքը հիմնականում ծիրանի, սալորի, դեղձի, խնձորի, խաղողի մասին է։ Դրսում մեծ է պահանջարկը նաեւ կարտոֆիլի, կաղամբի ու ճակնդեղի նկատմամբ։
Մտավախությունները, թե արտահանումն այնքան գրավիչ կդառնա գյուղացիական տնտեսությունների համար, որ արդյունքում կտուժի ներքին շուկան, գյուղնախարարը փորձեց փարատել՝ հավաստիացնելով, որ ներքին շուկան ապահովված կլինի թե՛ մրգով եւ թե՛ բանջարեղենով. «Առաջիկայում ինքներդ կտեսնեք, որ գները շուկայում կիջնեն։ Կարտոֆիլի գները 10—15 օրից կնվազեն»։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով, ազատ տնտեսական գոտիները սոցիալական կարեւոր նշանակություն ունեն, դրանք իրականացվում են ֆիսկալ քաղաքականության մեղմացման հաշվին, ինչը նշանակում է նոր աշխատատեղեր, արտահանման նոր ծավալներ եւ նոր տեխնոլոգիաների մուտք տարածաշրջան։ Արտահանման ծավալների ավելացումը, ըստ Տ. Դավթյանի, նշանակում է արտարժույթի ներմուծում հանրապետություն, ինչն էլ իր հերթին կբերի արտադրության ծավալների մեծացմանը։
Նույն օրը, ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, մինչեւ սառնարանային համալիրի հնարավորություններին ծանոթանալը, շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի շինհրապարակում, այնուհետեւ Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումն ստանձնած «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության զարգացման ծրագրերը։ Նախագահին ներկայացվել է, որ օդանավակայանի նոր մասնաշենքը նախագծվել է միջազգային ուղեւորահոսքի պահանջներին եւ չափանիշներին համապատասխան, ունի տարեկան 3.500.000 ուղեւոր սպասարկելու հնարավորություն, միջազգային անվտանգության գոտի, մաքսային նոր գոտի, ուղեբեռի ստացման նոր համակարգ, բարձրակարգ ուղեւորների սպասարկման եւ դիվանագիտական սրահներ, հասարակական առեւտրային եւ սննդի գոտիներ, ժամանման եւ մեկնման նոր ճանապարհներ ու բազմաթիվ այլ հնարավորություններ։
Նախագիծը կբարելավի ընդհանուր համալիրը, կունենա նոր, պարզեցված եւ արդյունավետ գործառնական սխեմա, որը թույլ կտա ամբողջովին առանձնացնել մեկնող եւ ժամանող ուղեւորների հոսքերը, ապագայում պլանավորել համալիրի ընդլայնումը։ Նշվել է, որ շինարարությունը 78%—ով ավարտված է եւ գտնվում է վերջնական փուլում, կատարվել է 160 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի 2011թ. աշնանը։
Գայանե ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


nueve − = 6