Բաց նամակ Սերժ Սարգսյանին. Ինչո՞ւ են Գերմանիայի ՀՀ դեսպանատանը քամահրանքով վերաբերում մարդկանց

http://news.am/

Փետրվար 07, 2012 | 19:06 

Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Ստելլա Սիմոնյանը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին եւ ԱԳ նախարարին, բողոքելով Գերմանիայում ՀՀ դեսպանատան աշխատանքից, որտեղ մարդկանց քամահրանքով են վերաբերում ու ստորացնում:

Ստորեւ ներկայացնում են նամակն ամբողջությամբ.

«Ես` Ստելլա Սիմոնյանս, արդեն 14 տարի է ապրում եմ Գերմանիայում:  Հայաստանից հեռացել եմ մեծ ցավով, կրել եմ մեծ զրկանքներ, միայնակ դաստիարակել եմ երկու երեխա: Ունենալով բարձրագույն կրթություն եւ մանկավարժի տասնամյա  աշխատանքային փորձ, Գերմանիայում արդեն տասը տարի է աշխատում եմ ծերանոցում, կատարում ծանր, բայց բարի աշխատանք: Ամեն ինչ արել եմ, որ երեխաներս լավ ապագա ունենան, ստանան լավ կրթություն: Ջանք չեմ խնայել, որ սիրեն իրենց հայրենիքը, չմոռանան իրենց մայրենի լեզուն, օգնեն իրենց հարազատներին եւ ընդհանրապես օգնել սովորեն: Որդիս ի տարբերություն շատ շատերի 19 տարեկանում ավարտեց դպրոցը եւ վերադարձավ Հայաստան, կատարեց իր պարտքը` երկու տարի ծառայեց հայկական բանակում ու վերադարձավ Գերմանիա: Այժմ ապրում է Իտալիայում: Դուստրս ուսանողուհի է, ուսանում է սլավոնական լեզուներ, ցանկանում էր իր պրակտիկան անցկացնել Հայաստանում: Ներողություն եմ խնդրում երկար նախաբանի համար: 

Շուրջ 10 օր է ամբողջ Եվրոպան տառապում է սարսափելի ցրտից:  Բնության այս անոմալիային բոլորը փորձում են ընկալումով մոտենալ, բացառությամբ Գերմանիայում Հայասատանի դեսպանատնից: Երբ դուստրս զանգահարեց եւ խնդրեց, որ իր փաստաթղթերը փոստային ճանապարհով ուղարկի Բեռլին, դեսպանատնից պատասխանը եղավ` ՈՉ, ՄԻԱՅՆ ԱՆՁԱՄԲ: 

Սակայն սա դեռ հարգալից վերաբերմունքի առաջին նոտան էր, աղջիկս ավելի զարհուրելի  տեսարանի ականատեսը եղավ:  Թեեւ դաժան ցրտերին, անցած շաբաթ, նա կեսգիշերին ընկերոջ հետ տանից դուրս եկավ, որպեսզի գնացքով առավոտյան 9.00-ին Բեռլին հասնեն: 9.20 ժամանել են Հայաստանի դեսպանատուն: Ժամը 9.50  հյուպատոսը եւ օգնականը, ընդունելության ժամից նույնիսկ 10 րոպե շուտ,  բակում հավաքված, ցրտահարված ամբոխին ներս են թողել: Այցելուները միջանցքում տեղավորվել եւ սպասել են մինչեւ նրանց կընդունեն:  Սակայն ջերմության այդ հաճույքը նրանց բախտ չի վիճակվել երկար ըմբոշխնել:  Միջանցքում եւ սպասասրահում հավաքվածները լսել են բղավոցներ, մոտեցել է ոմն սափրագլուխ եւ բղավելով աշխատակցին ասել.   «Սրանց սաղին ստեղից հան, էս ինչա»:  Այցելուներից ոմանք ընկճված աղերսագին ձայնով խնդրել են. «Դրսում ցուրտա, ախր շատ ցուրտա»: Սակայն դաժան պաշտոնյան լինելով անսասան իր որոշման մեջ, քմահաճ հայացքով ցույց է տվել դեպի երկինք եւ պնդել, որ բոլորը դուրս գան:

Դիմադրելով բնության եւ ցավոք, մարդկանց դաժան վերաբերմունքին  երկու ժամ դիմանալուց հետո, աղջկաս գերմանացի ընկերն ասել է. Սա ուղղակի անընդունելի վերաբերմունք է, թողել ու հեռացել են: Դրսում սպասելիս  նրանք իմացել են, որ այդ բղավողը, ոչ ավել, ոչ պակաս, Գերմանիայում Հայաստանի դեսպանն է եղել: 

Պարոն դեսպան, երբ առանց խղճի խայթի մարդկանց ուղղորդում եք դեպի դուրսը, ցուրտն ու  առհամարանքը` չեք մտածում արդյոք, որ սպասողները ձեր դստեր, որդու, քրոջ, կամ եղբոր նման մարդ են, ոչնչով ոչ ավել եւ ոչ պակաս: Ինչու եք կարծում, որ ձեր բախտանիվը այլ կերպ է պտտվել, դուք այնտեղ կանգնած յուրաքանչյուրից ավելի լավն եք: Վայր իջեք: Պարոն Մարտիրոսյան, հավատացեք` սովորական մահկանացու եք, ինչպես բոլորս:

Աղջիկս տուն եկավ եւ հեկեկալով պատմեց տեսածը, իսկ նրա գերմանացի փեսացուն վրդովված առաջարկում էր գրել գերմանական «Բիլդ» թերթին:

Բեռլինից վերադառնալուց հետո, երեք օր դուստրս անկողնային հիվանդ էր: Փորձել եմ  զանգահարել Երեւան` ԱԳՆ, ձայնս եւ ցասումս նրանց հասցնել: Նախարարության 544041 հեռախոսահամարից ինձ տվեցին ոմն Տիգրան Սարգսյանի ներքին հեռախոսահամարը, որին ես ոչ մի կերպ չկարողացա զանգահարել:

Ստիպված դիմելով Ձեզ` հարգելի պարոն Նախագահ, հարգելի պարոն Նախարար, խնդրում եմ, մի մոռացեք, որ մենք Ձեր քաղաքացիներն ենք, որ մեր ծանր եւ երբեմն էլ նսեմացնող աշխատանքի քրտինքը այս կամ այն կերպ կաթում է նաեւ հայոց հողի վրա եւ սնում գոնե մեկ ընտանիքի:

Խնդրում եմ հասկացրեք պարոն դեսպանին, որ մենք օտար չենք, որ իր անմիջական պարտականություններից մեկն էլ`  նույնիսկ չուզելով մեզ տեսնելն է եւ մեր շահերը պաշտպանելը: 

Ներողություն եմ հայցում Ձեր բազմազբաղ օրն ու ժամանակը իմ վիրավորված սրտի կանչով շահարկելու համար»:

http://news.am/arm/news/92330.html

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− 7 = cero