Առակների մեկնություն

1. Սերմնացանի առակը
(Մատթ. 13:1-8, 19-23; Մարկ. 4:1-20; Ղուկ. 8:4-15)

 

Գալիլիայի ծովի ափին Հիսուսի շուրջը հավաքվեց մարդկանց բազմությունը: Նա նավակ մտավ, մի փոքր ափից հեռացավ և մարդկանց հետ առակներով խոսեց. «Ահա մի սերմնացան ելավ սերմանելու, և երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկավ ճանապարհի եզերքին, և երկնքի թռչունը եկավ և այն կերավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, ուր շատ հող չկար, և իսկույն բուսավ, քանի որ հողը խորություն չուներ. երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չկային, չորացավ: Եվ ուրիշ մի մաս ընկավ փշերի մեջ, ու փշերը բարձրացան և այն խեղդեցին: Եվ մեկ ուրիշ մաս ընկավ պարարտ հողի վրա և պտուղ տվեց. կար որ մեկին` հարյուր, և կար ու մեկին` վաթսուն, և կար ու մեկին` երեսուն» (Մատթ. 13: 4-8):
Հետո աշակերտներին ասաց. «Իսկ առակն այս է նշանակում, սերմն Աստծու խոսքն է: Որոնք ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, և ապա սատանան գալիս հանում է խոսքը նրանց սրտից, որպեսզի չհավատան և չփրկվեն: Եվ որոնք ապառաժի վրա են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդությամբ են ընդունում խոսքը, բայց արմատ չեն բռնում, սրանք միառժամանակ հավատում են, իսկ փորձության ժամանակ` հեռանում: Իսկ այն, որ փշերի մեջ ընկավ, այդ նրանք են, որ երբ լսում են խոսքը, աշխարհի հոգսերով, հարստությամբ և զվարճությամբ զբաղված լինելով` խեղդվում ու անպտուղ են լինում: Իսկ այն, որ պարարտ հողի վրա է, նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը` ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս» (Ղուկ. 8: 11-15):

Մեկնություն

Սերմնացանի առակի իմաստը բավականին մանրամասն մեկնաբանել է Հիսուս Քրիստոսը: Միայն կարելի է ավելացնել, որ սերմնացանը Քրիստոսն է, սերմը` Աստծու խոսքը, որն իր մեջ կրում է ճշմարիտ ու հոգևոր կյանքի սկիզբը: Արտը` ողջ մարդկությունն է, որն իր մեջ է ընդունում այդ հրաշագործ սերմը, սակայն, օժտված լինելով թաքնված կենդանի ուժով` Աստծու խոսքը միշտ նույն արդյունքը չի ունենում: Բոլորն էլ, երբ լսում կամ ընթերցում են Աստծու խոսքը, ստանում են սուրբ սերմերի իրենց բաժինը, բայց դրանք ինչպե՞ս կաճեն` պայմանավորված է մարդու հոգեբանությունից և հոգևոր մակարդակից: Առակում խոսքը 4 տիպի մարդկանց մասին է:
Առաջինը՝ կոպիտ խառնվածք ունեցողներն են, կենդանական հակումներով, որ սիրում են միայն ուտել-խմել, շատ քնել, գեղեցիկ հագնվել և այլն, ու դրանցից բարձր ոչինչ չգիտեն: Նրանց համար, կարծես բանուկ ճանապարհի նման, միևնույն է, թե ով է գալիս-գնում: Եվ անտարբերության արտաքին շերտը չի թողնում, որ հոգևոր սերմը թափանցի սրտի մեջ, և այն մնում է հիշողության մակերեսին մինչև չար կրքերի առաջին հարձակումները, որոնք, թռչունների նման վրա են տալիս և չեն թողնում անգամ մի հատիկ: Սրանք թեթևամիտ ու դանդաղկոտ մարդիկ են, որոնց միտքը կարծր հողի նման չոր է: Երբ կարդում կամ լսում են Տիրոջ խոսքը, աշխարհի զվարճանքներն ու գայթակղությունները, երկնքի թռչունները` օդային չար զորություններն այդ մարդկանցից հափշտակում են:
Երկրորդը՝ այն մարդիկ են, որ լսելով ավետարանի քարոզը սիրո, արդարության, ինքնազոհության մասին, անմիջապես բորբոքվում են լուցկու նման, բայց անմիջապես հանգում: Քարքարոտ տեղում միայն մանր խոտ է աճում, այդպես էլ այս մարդիկ հանդարտ կյանքի պայմաններում ընդունակ են կատարել ջանքեր չպահանջող շատ մանր գործեր: Նրանք սիրում են երբեմն ընթերցել սրբերի վարքը, իրենք իրենց պատկերացնում են Քրիստոսի համար մարտիրոսների դերում. նրանք դեմ չեն առաքինությանը, բարոյականությանը, ճգնակյացությանը, սակայն կկամենային Երկնքի արքայություն մտնել առանց բարդությունների: Իսկ երբ համոզմունքների համար ստիպված տանջանքներ ու զրկանքներ են կրում, անմիջապես ուրանում են Տիրոջը: Եսասիրության քարքարոտ շերտը չի թողնում, որ Աստծու խոսքը հասնի ու արմատավորվի նրանց սրտում:
Երրորդը՝ այն մարդիկ են, որոնք կամենում են միաժամանակ ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային (Տե՛ս Մատթ. 6:24): Նրանք պիտանի չեն Աստծու արքայության համար, քանի որ կամենում են ապրել ըստ Աստծու օրենքների, բայց միաժամանակ չեն ցանկանում հրաժարվել աշխարհի ունայնությունից: Ի վերջո, աշխարհիկ հոգսերի, հետաքրքրությունների և հակումների հորձանուտը կլանում է նրանց իսպառ` հոգու միջից արտամղելով այն ամենը, ինչ լուսավոր է, խորհրդավոր և վեհ:
Չորրորդը՝ այն կատարյալ մարդիկ են, որոնց խոսքը գործից չի տարբերվում, որոնք Աստծու խոսքը լսելով և ընդունելով՝ փորձում են ապրել աստվածահաճո կյանքով: Ճիշտ է, բոլորը միանման չեն կարողանում ավետարանական խոսքին հնազանդվել, քանզի մեկը պտղաբերում է երեսուն, մյուսը` վաթսուն, մյուսը` հարյուր, որը նշանակում է, թե մեկն ի վիճակի է կատարել մեկ երրորդն այն ամենի, ինչ իրենից պահանջում է քրիստոնեական հավատը, մյուսը` մոտավորապես երկու երրորդը, և միայն քչերին է հաջողվում կատարել ամեն ինչ լիարժեք և կատարելապես: Դրանք ընտրյալ անհատականություններն են:
(Ըստ եպս. Վասիլի Պրեոբրաժենսկու «Զրույցներ Մարկոսի Ավետարանի շուրջ» գրքի):

2.Որոմների առակը
(Մատթ. 13: 24-30)

«Նա ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց`ասելով. «Երկնքի արքայությունը նման է մի մարդու, որ իր արտի մեջ բարի սերմ սերմանեց: Իսկ երբ մարդիկ քնի մեջ էին, նրա թշնամին եկավ ու ցորենի մեջ որոմ սերմանելով` գնաց: Եվ երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երևաց և այն որոմը: Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. «Տե´ր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը»: Եվ տերն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»: Ծառաները նրան ասացին. «Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք հանենք այն»: Եվ տերը նրանց ասաց. «Ո´չ, միգուցե որոմը քաղելիս, ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք: Թողե´ք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հունձը, և հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ` նախ այդ որոմը քաղեցե´ք և դրանից խուրձեր կապեցե´ք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցե´ք իմ շտեմարանների մեջ»:

Մեկնություն

Ամեն բարու և արդարության սերմանողը Քրիստոս Աստված է: Արտն աշխարհն է, նաև ամեն մեկի հոգին, իսկ քնած մարդիկ նրանք են, ովքեր ծուլանում են ու անտեսում Աստծու հրամանը և անհոգությամբ հետևում հերետիկոսությանը և չար մտքերին: Թշնամին Աստծու հակառակորդն է` սատանան, ցորենը՝ արդարության պտուղը, նաև բարի մարդիկ, բարի մտքերը, որոմը` մեղքն ու անիրավությունը: Ծառաները հրեշտակներն են, որոնք վրդովվում են, աշխարհում տեսնելով զանազան մոլորություններ և հոգիների պղծություն, կամենում են ոչնչացնել, այս կյանքից վերացնել և՛ հերետիկոսներին, և՛ չարի համախոհներին: Բայց Աստված թույլ չի տալիս ոչնչացնել մեղավորներին մինչև հունձքը, որ պատահաբար նրանց հետ չտուժեն նաև արդարները: Աստված չի կամենում սպանել մարդուն չար մտքերի համար, որ հանկարծ չվերանան բարի ցանկությունները: Նա մեղավորին ապաշխարության ժամանակ է տալիս, բայց եթե չփոխվի և չդառնա ցորեն, ապա այս աշխարհի վախճանին որոմը կայրվի անշեջ հրով: Արդ, եթե Պողոսը որոմ լինելով վերանար այս կյանքից, ապա նրա հետ ապագայում կոչնչանար նրա խոսքը: Դրա համար էլ Տերը հրեշտակներին ասում է` աշխարհի վախճանին կհավաքեք որոմը, այսինքն` մեղսագործներին: Նրանց ձեռքերն ու ոտքերը պիտի կապվեն, քանի որ այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել: Իսկ ցորենը, այսինքն` սրբերին, հնձվոր-հրեշտակները կհավաքեն երկնային շտեմարաններում: Նման չար մտքերը, որ խորհում էր Պողոսը քրիստոնյաներին հալածելու ժամանակ, այրվեցին Քրիստոսի հրով, որ բերել էր աշխարհ, իսկ առաքելական իմաստության ցորենը զետեղվեց Եկեղեցու շտեմարաններում:
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» և երանելի արքեպ. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքերի)

3.Մանանեխի հատիկի առակը
(Մատթ. 13: 31-32, Մարկ. 4: 30-32, Ղուկ. 13: 18-19)

«Նրանց առաջ Նա մեկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ, առնելով, սերմանեց իր արտի մեջ: Այն փոքր է, քան բոլոր սերմերը, սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից ավելի է մեծանում ու ծառ է լինում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճյուղերի վրա հանգստանում»:

Մեկնություն

Արտն աշխարհն է, նաև մարդկանց սրտերը: Մանանեխի հատիկ Տերն Իրեն է անվանում, քանի որ ստանալով ծառայի կերպարանք, սերմանվեց երկրի սրտի մեջ`մեռնելով և գերեզմանում դրվելով (Տե՛ս Հովհ. 12:24): Իսկ երբ հարություն առավ, փառավորվեց ու բարձրացավ, բոլորին դեպի Իրեն ձգեց, ժառանգեց ազգերին և իշխեց երկրի բոլոր ծագերին: Առաքյալներն այն ոստերն են, որոնց վրա հանգստացան երկնքի բոլոր թռչուները, այսինքն` մարգարեների և բոլոր արդարների հոգիները:
Մանանեխի հատիկը նաև Քրիստոսի խոսքն է Աստծու արքայության մասին, որ նախապես փոքր և անարգ էր երևում, բայց արագ աճեց, քան ամեն խոսք, որ սերմանվել է մարդկանց մեջ, հույժ մեծացավ և զորացավ, մեծ Ծառ դարձավ, ու դեպի երկինք ձգտողներն ապաստան են գտնում Նրա գրկում:
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» և երանելի արքեպ. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքերի)

4. Թթխմորի առակը (Մատթ. 13: 33, Ղուկ. 13: 20-21)

«Նա մեկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»:

Մեկնություն

Թթխմորը Քրիստոսի վարդապետությունն է, կինը` մարդու հոգին, երեք չափ ալյուրը՝ անցյալը, ներկան և ապագան: Ով այս երեք ժամանակներում իր մեջ կպահի Քրիստոսի վարդապետությունը, ամբողջովին հոգևոր կդառնա, այնպես որ ո´չ միտքը կկասկածի ուսմունքի վերաբերյալ, ո´չ էլ սիրտն ու կամքը կձգտեն անմտության, այդ մարդն ամբողջովին կլուսավորվի: Տերը մեզ ուսուցանում է, ինչպես սակավ թթխմորը խմորի ամբողջ զանգվածն է փոխում, այնպես էլ մենք կփոխենք ողջ աշխարհը, թեկուզ սակավ լինենք թվով: Բայց նախ մենք ինքներս պետք է ամբողջությամբ խմորվենք, քանզի Տերն ասում է. «մինչև որ ամբողջը խմորվեց»:
(Ըստ Ստեփանոս Սյունեցու «Չորս Ավետարանների համառոտ մեկնությունը» և երանելի արքեպ. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքերի)

5. Աղքատ Ղազարոսի առակը
(Ղուկ. 16:19-31)

«Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում: Եվ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ` վերքերով ծածկված: Եվ ցանկանում էր լցնել իր որովայնն այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից: Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը: Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը, մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց: Եվ դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ` նրա գրկում հանգստացած: Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հայր Աբրահամ, ողորմիր ինձ և ուղարկիր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Որդյակ, հիշիր, որ դու ստացար քո բարիքները այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ` չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես: Եվ այս բոլորից բացի, մեծ վիհ կա մեր և ձեր միջև. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա. ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել»: Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հայր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»: Եվ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսես ու մարգարեներ, թող նրանց լսեն»: Եվ նա ասաց. «Ոչ, հայր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ որ հարություն առնի, չպիտի համոզվեն»:

Մեկնություն

Տերն այս առակը պատմեց, որ բացատրի անգութներին, թե ապագայում նրանց ինչ է սպասվում, և սովորեցնի նեղյալներին, որ երկրավոր տանջանքների դիմաց երկնքում հանգիստ պիտի վայելեն: Տերը մեծահարուստի անունն անգամ չի նշում, համաձայն այն խոսքի, թե «նրանց անունը չեմ հիշատակի Իմ շրթունքներով» (Սաղ. 15:4): Իսկ աղքատին անունով է կոչում, քանի որ արդարների անունները գրվում են Կյանքի Գրքում: Ղազարոսն իր ծանր վիճակում Աստծուն չէր հայհոյում, հարուստին չէր մեղադրում, թե անգութ է, այլ ամեն բան տանում էր մեծ խոնարհությամբ: Սրա համար էլ մահվան պահին նրան հրեշտակները դիմավորեցին: Իսկ հարուստին, որ հոգեպես վաղուց մեռած էր, ուղղակի թաղեցին: Նա իջնում է վար` դժոխքի մեջ, քանի որ երբեք վերին բաների մասին չխորհեց, և երկնքին արժանի չէր: Ինչպես Ադամին, դրախտից վտարելուց հետո, Տերը բնակեցրեց դրախտի առջև (Տե՛ս Ծննդ. 3:24), որ միշտ տեսնի ու հիշի, թե ինչ է կորցրել մեղքի պատճառով: Տերն այդպես մեծահարուստին դատեց Ղազարոսի առջև, ցույց տալով արդարի պարտքը և այն երանությունը, որից նա զրկվեց իր անգթության պատճառով: Նա Ղազարոսին տեսավ հենց Աբրահամի գոգում, որպեսզի հանդիմանվի, քանզի Աբրահամը հյուրընկալ էր, նա բոլոր անցորդներին իր տուն էր հրավիրում, իսկ մեծահարուստն անտեսում էր իր տան դռանն ընկածին: Աբրահամի գոգ է կոչվում երկնային հանգրվանը, ուր կյանքի փոթորիկների միջից եկողը հանգիստ է վայելում:
Տանջանքների մեջ հարուստը հիշում է իր եղբայրներին և, նախօրոք խղճալով նրանց, խնդրում է Ղազարոսին ուղարկել նրանց մոտ, որ նախկին աղքատին տեսնեն երջանիկ և առողջ վիճակում, ում մշտապես անարգել են: Բայց գիտենք, որ հրեաները մնացին անհավատ և այն ժամանակ, երբ տեսան մեռելներին հարություն առած` Քրիստոսի խաչելության ժամանակ (Տե՛ս Մատթ. 27:52), և անգամ ցանկանում էին սպանել հարություն առած մյուս Ղազարոսին (Տե՛ս Հովհ. 12:10): Առակը նաև փոխաբերական իմաստն ունի: Մեծահարուստը հրեա ժողովուրդն է, որ նախկինում շատ հարստացած էր բարիքներով և իմաստությամբ: Նրա ծիրանի հագուստը թագավորության նշանն է, իսկ բեհեզը` քահանայության: Նա ամեն օր ուրախությամբ զոհ էր մատուցում: Ղազարոսը հեթանոս ժողովուրդն է, Աստծու շնորհներից և իմաստությունից զուրկ, տաճարի դռան մոտ ընկած, քանզի հեթանոսները պիղծ համարվելով՝ ներս մտնելու իրավունքը չունեին: Նրանք խոցված էին գարշահոտ մեղքերով և իրենց վերքերի արյունը շների, այսինքն` լիրբ դևերի կերակուր էր, քանի որ մեր հոգիների վերքերը նրանց ուրախություն են պատճառում: Բայց հրեա ժողովուրդն Աստծու համար մեռավ, քանզի բարիք չէր գործում: Եվ Ղազարոսը` հեթանոս ժողովուրդը մեռավ մեղքի պատճառով: Եվ այժմ հրեաներն այրվում են նախանձից, որ հեթանոսներն ընդունված են և արդարացիորեն բնակվում են Աբրահամի գոգում, քանզի Աբրահամն էլ հեթանոս էր, բայց հավատաց Աստծուն և դարձավ աստվածապաշտ: Հրեա ժողովուրդը պապակում է գոնե մեկ կաթիլ հին օրենքի մաքրագործումներից, որ լեզուն զովանա և քաջությամբ մեր դեմ խոսի` Օրենքը ջատագովելով, սակայն չի ստանում:
(Ըստ երանելի արքեպս. Թեոփիլակտոս Բուլղարացու «Մատթեոսի Ավետարանի մեկնությունը» գրքի)

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


7 + = diez