Աննա Նշանյան. Իմ գտած <<Անուշ>>-ը:

EPSON scanner image

Արմեն Տիգրանյանի <<Անուշ>> օպերան տեսել եմ երևի հինգ անգամ: Շատ էի սիրում, ժամանակին հաճախ էին բեմադրում, ես էլ փորձում էի բաց չթողնել: Սակայն բոլոր այդ անգամները, որ տեսել եմ ներկայացումը, այնպիսի մի զգացում ունեի, թե մի բան պակաս էր գլխավոր հերոսուհու մեջ: Բազում տարիներ հետո ԱՄՆ-ում հանդիպելով հանրահայտ երգչուհի Աննա Նշանյանին, առանց անգամ լսելու նրա կատարումները, հասկացա, որ նա էր իմ այդքան փնտրած Անուշը, այն ինչ պակասում էր այսքան ժամանակ` ամբողջացնելու հայուհու հավերժական այդ կերպարը: Խնդրածս հանդիպումը երգչուհին չմերժեց, թեև գիտեի, որ այսքան տարիների ընթացքում չի սիրել հարցազրույցներ տալ: Եվ ահա Հայաստանի վաստակավոր երգչուհին Կահիրեից մինչև Խորհրդային միության երկրները հասցրած համաշխարհային ճանաչում գտած կատարումների կողքին հպարտորեն հայկական երգի իր ներկայացման ողջ պատմությունը պատրաստ է ինձ պատմել, իսկ ես կյանքում առաջին անգամ, միայն  լսում եմ` առանց անգամ մտահոգվելու պատրաստած հարցերիս համար: Մինչև այս հանդիպումը արդեն հասցրել էի ընթերցել երգչուհու հրատարակած ինքնակենսագրական գիրքը` <<Երգը Յուշերուս…>>, որի կազմից ինձ նայող <<Արշակ Բ>> օպերայի  Օլիմպիա թագուհին պատմում էր մի բոհեմական պատմություն` լի ազգային ոգով ու ջերմությամբ` զուգահեռ ներկայացնելով նաև հայկական արվեստի ոսկե ժամանակաշրջանը` Պարույր Սևակի, Սիլվա Կապուտիկյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Քոչարի, Էդուարդ Երզնկյանի, Հովհաննես Շիրազի և շատ այլ մեծությունների մասնակցությամբ:

<<Իմ երգի դպրոցը Եվրոպական է: Սակայն ես ուզեցի հայ երգչուհի դառնալ, քանի որ շատ կան հռչակավոր օտարազգի երգիչներ, որոնք արդեն երգում են իտալական, ֆրանսիական երգեր, օպերաներ, բա հայկականը: Ճիշտ է, շատ կան նաև հայ մեծ երգիչներ, բայց պետք է շարունակվի մեր երգարվեստը: Հայկական և օպերային արվեստը և ժողովրդական երգը շատ մեծ է, պարզապես պետք է պրոֆեսիոնալ կերպով այն պահել>>,-վստահ է Աննա Նշանյանը:

Տարիներ առաջ, երգչուհու իր կարիերայի սկզբում, երբ Եգիպտոսում մրցույթ էր անցկացվում Իտալացի դիրիժոր Բարենտիի կողմից,  Աննա Նշանյանն առաջին տեղում էր և պետք է երգեր <<Բոհեմիա>> օպերայում աշխարհահռչակ իտալացի երգիչների հետ: <<Բարենտիին ասացի, որ պետք է մի հատ էլ հայկական օպերայից երգեմ…<<Անուշ>>-ի խելագարության մասը: Երգեցի: Մարդը հանգիստ լսեց, հետո ասաց, որ այս օպերան կարող է մրցել աշխարհի բոլոր օպերաների հետ>>,-հայուհու հպարտությամբ պատմում է երգչուհին:

Օպերայում ու կինոյում խաղացած բազմաթիվ դերերից Աննայի դերը <<Անուշ>>-ինն էր: Յուրաքանչյուր դեր ստանձնելով` երգչուհին կարծես իրականում` կյանքում, մարմնավորում էր այն, ակամա դառնում նույն այդ կերպարը. <<Երբ Օլիմպիա թագուհու դերը տվեցին ինձ, ես փողոցում ուրիշ ձևով էի քայլում, անգամ տանը` գործ անելուց, խոսելուց տարբեր էի, անգամ մարմնիս ձևը փոխված էր. Ուզած-չուզած այդ դերն էի դառնում: Սակայն ամեն դեր փորձելուց հետո, վերցնում էի <<Անուշ>>-ը, երգում էի, հիշում: Երբ գովում էին իմ խաղացած մի այլ դեր, նախանձում էի: <<Անուշ>>-ը ուրիշ է ինձ համար: <<Անուշ>>-ը մեր հողերն են, գյուղերը, հայրենիքը….<<Անուշ>>-ը իմ ընտանիքն է, հասկցար>>,-իր զգացմունքներն է կիսում Աննան:

Առաջին անգամ <<Անուշ>> խաղալուց Աննային Անուշի խելագարության մասի հագուստ չեն հատկացնում: Նա էլ հանդերձարանում գտնում է Հայկանուշ Դանիելյանի ճերմակ զգեստը, տեսնում, որ մի քիչ պատռված է, սկսում է ավելի պատառոտել, հետո հագնում ու բոբիկ ոտքերով դուրս գալիս բեմ: <<Այդ հագուստը` պատառոտված, հետս եմ բերել: Մոսկվայում սահմանապահները հանեցին, նայում էին, թե այս ինչ է, որ տանում է: Քանի ժամ սպասեցինք: Հետո հետ տվեցին: Երբ մեռնեմ, այդ հագուստը հետս պիտի դնեն>>,-ասում է երգչուհին:

Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Մոսկվայի Մեծ թատրոնում և նախկին Խորհրդային երկրների շատ ու շատ բեմերում գլխավոր դերերում ելույթ ունենալուց հետո Աննա Նշանյանը ստիպված եղավ այնուամենայնիվ հեռանալ հայրենիքից: <<Շատ զբաղված էի, Օպերա, Ֆիլհարմոնիա, ռադիո, հեռուստատեսություն, Կոմպոզիտորների միություն…այստեղ բոլոր երգերն իմ ձեռքի տակով էին անցնում, երգում էի, ուղղում նոտաները: Վերջին չորս տարին ինձ մեկուսացրին: Որոշ մարդկանց նախանձը շարժեցի, այդ պատճառով էլ հեռացա>>,-չանցած տխրությամբ պատմում է երգչուհին: ԱՄՆ մեկնելու նախօրեին Աննան արդեն իսկ  տրամադրված էր նոր կյանքին. <<Աննա, ասի, ես հիմա պետք է ուրիշ մարդ դառնամ: Ինչ պետք է անեի, արեցի, վերջացրի: Ես գնում եմ մի երկիր, որտեղ արդեն չեմ ուզում հետ նայել, որ չքարանամ` ըստ Աստվածաշնչյան պատգամի: Պետք է առաջ նայել. Թոռնիկս(Արման Նշանյան) ծնվեց, հարս(Շաքե Թուխմանյան) ունեմ, տղա(Ժան Նշանյան) ունեմ և պետք է նրանց նվիրվեմ: Այդ ժամանակ ես ինձ լավ կզգամ>>: Ճանապարհից առաջ  երգչուհին հավաքել էր տարիներ շարունակ կուտակված իր մասին գրված թերթեր, ամսագրեր, այլ հրապատակումներ: Նա որոշում է այրել բոլորը` որպես անցյալ և նոր կյանք սկսել նոր երկրում: Սակայն ծանոթ հոգևորականը, որ եկել էր տունն օրհնելու մի վերջին անգամ, նրան առաջարկում և համոզում է իր հոգևոր գրքերի հետ այդ հրապարակումները տանել Բոստոն, այնտեղից էլ ուղարկել Լոս Անջելես` Աննային: Նա ի վերջո համաձայնվում է և երբ հետագայում սկսկում է թերթել հուշերով ու փաստերով լի այդ մեծ արկղը, գտնում է ոչ միայն արժեքավոր տեղեկություններ լուսանկարներ, վկայություններ իր ապրած ոսկե ժամանակաշրջանի արվեստագետների մասին,  այլ նաև իր մանկության օրագիրը և ամուսնու առաջարկով որոշում գրել իր ինքնակենսագրությունը` <<Երգը Յուշերիս>> անվանումով: <<Կարծես գրելով, ավելի երկար ես ապրում: Ամեն ինչ ես եմ կազմել. Ամեն ինչ պարզ եմ արել, բայց գեղեցիկ պարզ: Խոսելու պես էլ գրում էի: Ես սրանով չեմ ներկայանում որպես գրող, պարզապես պատմում եմ իմ և այն մարդկանց կյանքը, որոնց կողքին եմ ես դարձել Աննա Նշանյան>>,-երախտագիտությամբ ժպտում է երգչուհին:

Մինչդեռ այս գիրքը նախատեսված էր միայն արվեստի մասին պատմություն վկայություն դառնալու համար, սակայն գրքի խմբագիր պրոֆեսոր Ռազմիկ Մադոյանի խորհրդով այն բովանդակային լիովին այլ ուղղություն ստացավ. <<Ռազմիկն ասաց, որ արմատներիդ մասին պետք է գրես. երևի մամայիս պատմությունը լսել էր: Պատասխանեցի, որ այսպիսի պատմություն կա, բայց չեմ ուզում գրել: <<Ուրմեն գիրքդ չես գրելու>>,- նա ասաց ինձ: Ես էլ որոշեցի գրել ու ծնողներիս հիշատակին նվիրել>>,-ասում է երգչուհին: Իսկ Աննա Նշանյանի մոր պատմությունը 1915թ-ի սարսափելի իրադարձությունների վկայություններից է, որոնց նախ ծանոթացա գրքից և հետո անընդհատ արտասվող երգչուհու պատմություններից: Երբ Աննա Նշանյանի տատը` Միլիե մեծ մաման,  գաղթի ժամանակ կապում է երեխաների աչքերը, որ նրանց Եփրատը նետի` փրկելով գերությունից, մի թուրք զինվոր խլում է Աննայի մորը` Թագուհուն, որն այդ ժամանակ ընդամենը 7 տարեկան էր, և տանում: Աղջիկն ապրում է թուրքի ընտանիքում և երեք երեխայի մայր դառնում` ինչպես հազարավոր հայուհիներ այդ ժամանակաշրջանում: Տարիներ անց նա կարողանում է փախչել գերությունից և ֆրանսիացիների օգնությամբ տեղավորվել մի որբանոցում, որտեղ էլ նրան գտնում են հարազատները և վերադարձնում Եգիպտոսում բնակվող իր ընտանիքին: Հետագայում Թագուհին նոր ընտանիք է կազմում Անդրանիկ զորավարի զինվորներից մեկի` Սահակ Փափազյանի հետ, և նրա անցյալը մնում է հավերժ գաղտնի բոլորի համար մինչև իր մահը: Աննան հիշում է, որ մայրը թռնակերպ դաջվածնքեր ուներ երեսին` քունքերի մոտ, որոնց նշանակությունն այդպես էլ երբեք նա չիմացավ: Մայրը միշտ տխուր էր և հաճախ էր արտասվում. << Ամեն օր խեղճ մամաս խոհանոցում ծխում էր ու լալիս, լալիս…երևի երեխաներին էր հիշում>>,-պատմում է երգչուհին` ինքն էլ արտասվելով,-<<Սա շատ կարևոր վկայություն է. ես հայտնի երգչուհի եմ, և փաստորեն, քույր ու եղբայրներ ունեմ, որոնք, հայտնի չէ, թե  ուր են>>:

Աննան մոր մահվան պատմությանը` թե նա հանկարծամահ է եղել շուկայում, ուր գնացել էր մի քանի իրեր գնելու մյուս դստեր հետ ճամփորդության մեկնելուց առաջ, դժվարանում է հավատալ: Նա այդպես էլ մոր գերեզմանի ճշգրիտ վայրը չի կարողացել գտնել. Հարազատներն անընդհատ նրան հետ են պահել ինչ որ բանից: Հետո իմացել է, որ մեկնելուց առաջ մայրը երեխաների հագուստներ է գնել ու երեք ճամպրուկի մեջ լցրել, որ իբր թե քրոջ մոտ այցելության գնար: Սակայն այդ ժամանակ առանց թույլտվության ոչ ոք չէր կարող ԱՄՆ գալ:  Աննան կասկածում է, որ նա վերադարձել է իր առաջին երեխաների մոտ, իսկ հարազատները` չընդունելով այդ փաստը, նրանից գաղտնի են պահել իրականությունը: <<Հայրս քրոջս հետ Կանադա չգնաց, մնաց Բեյրութում: Սիլվա Կապուտիկյանն եկավ ինձ ասաց, որ գնամ նրան բերեմ: Երբ գնացի հորս համոզելու, ԱՄՆ բերելու, հարցրի մորս մասին, բայց նա ոչինչ չասաց, չպատասխանեց: Երևի մյուս երեխաներից թոռնիկներ ուներ, գնաց նրանց մոտ: Ինչու չգնար. մենք ամեն մեկս մեր կյանքն ունեինք արդեն>>:

1998թ.-ի մարտի 7-ին Դենվերում ելույթ ունենալուց հետո Աննա Նշանյանը որոշեց թողնել բեմը. <<Երբ այդ օրը երգեցի, ինքս զարմացա իմ երգելու վրա. Նույն երգերը, նույն ձևով, նույն բարձր նոտաները վերցնելով….կարծես տարիք չկար: Բեմից գնալուց շատ ուժեղ գնացի: Ինքս ինձնով հպարտացա: Երբ տուն եկա, ասացի ինքս ինձ. Աննա, այսօր այսպես երգեցիր, վաղը, մյուս օրը կարող է այսպես չերգես, տարիքդ իրենն ասի: Այդ ժամանակ այնքան վատ պիտի զգաս քեզ մնացած կյանքիդ ընթացքում, որ երգդ վայր զարկեցիր: Ես իմ երգը վայր չեմ զարկի, ասացի: Այսօր վերջին օրդ է, Աննա: Բայց շատ վատ էի զգում, երանի այդքան չծափահարեին, երանի այդքան լավ չգրեին այդ վերջին ելույթիս մասին….այդքան ծանր չէի տանի հեռանալս>>,-դեռևս կսկիծով հիշում է երգչուհին:

Բեմական կյանքից արդեն շատ հեռու Աննա Նշանյանը փորձում է ընդհանրացնել իր ստեղծագործական կյանքը, գնահատել իր կարողություններն ու թերությունները. <<Երբեք փառքի մասին չեմ մտածել: Չեմ սիրում երևալ, խեղճանում եմ, սկսում եմ լալ: Չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես եմ ես այսպես արել, երգել….չեմ կարողանում միչև հիմա հասկանալ այդ զգացումը: Կարծես ես չեմ այդ բոլորը: Բայց բեմում առյուծ եմ, վագր…բոլորովին չես ճանաչի ինձ: Խաչս կհանեմ ու կելնեմ բեմ….>>:

Հաճելի զրույցից, հայազգի մեծերի հետ ունեցած զվարճալի պատմություններից, ուրախ ու տխուր հուշերից հետո մեր հանդիպման ավարտին երգչուհին ինձ, որ ցավոք միայն նրա ձայնագրություններն եմ լսել, իր երիտասարդ տարիների վստահությամբ կարծես մեկ անգամ ևս ծանոթացնում է իր տաղանդին. <<Հիմա էլ կարող եմ կոնցերտ տալ, ոչինչ չի փոխվել մեջս: Ամբողջը ճիշտ հիմքն է, որ իմ ուսուցիչները դրել են: Հանրահայտ Բոջոլինոն է Լա Սկալայից ինձ դասավանդել>>, -հպարտությամբ պատմում է նա:

Աննա Նշանյանն այսօր դասավանդում է, սակայն ինչպես ինքն է վկայում, ոչ թե բիզնեսի, այլ իրական արվեստագետներ պատրաստելու համար. <<Երգիչը ոչ միայն ձայն պետք է ունենա, այլ նաև խելք. Ուղեղն է հանում այդ ձայնը, ոչ թե կոկորդը>>,-վստահեցնում  է Մեծ երգչուհին:

ԱՆԻԴ

http://armenianusa.com/?p=827

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


6 − = tres