Այվազովսկու վերադարձը 21 տարի անց

Ազգային պատկերասրահին ընծայվեց մեծ ծովանկարչի կտավը

 

ՀՀ մշակույթի նախարարությունը երեկ Հայաստանի ազգային պատկերասրահին հանձնեց Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» աշխատանքը, որը 21 տարի առաջ առեւանգվել էր արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերությունից (ԱՕԿՍ) եւ ս. թ. փետրվարի 26—ին վաճառքի պիտի հանվեր Մոսկվայի գեղարվեստական գործերի «Գելոս» աճուրդատանը։
Տարբեր հավաքորդների կողմից մի քանի անգամ վերագնված «Փոթորիկ ժայռոտ ափերին» հայտնի կտավը Մոսկվայից ներկայիս սեփականատեր, ՌԴ սենատոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Օհանյանի, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված օրենսդրության կատարման վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Պետրակովի, նույն ծառայության մշակութային արժեքների հայտնաբերման ու վերադարձման բաժնի պատասխանտու Օլեգ Դերեվյանկոյի, արվեստաբան Շահեն Խաչատրյանի ուղեկցությամբ «Փոթորիկ ժայռոտ ափերին» գործը տեղափոխվել է Երեւան։
Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվում են Այվազովսկու շուրջ 100 աշխատանքներ, որոնցից 65—ը գեղանկարներ են, բոլորն էլ՝ նվիրատվություն։  Դրանց թվին է պատկանում 1875թ. ստեղծած «Փոթորիկ ժայռոտ ափերին» գործը (կտավ, յուղաներկ, 73×102 սմ), որը ֆրանսահայ երիտասարդաց միությունը (ԺԱՖ) նվիրել է արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերությանը։
Աշխատանքն ընդգրկված է եղել ֆրանսահայ նվիրատու Աբրահամ Ջինջյանի՝ 1957 թվականին Փարիզից հայրենիք ուղարկած 40 գործերի նվիրատվության մեջ։
Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանը հիշյալ կտավին անդրադարձել էր դեռեւս 1983թ. երբ ի թիվս հայաստանյան թանգարաններում պահվող՝ ծովանկարչի այլ աշխատանքների ալբոմ հրատարակելու կապակցությամբ պատրաստել էր դրանց գունավոր սլայդները։ Ալբոմը լույս է տեսնում 1984թ.՝ ներառելով նաեւ «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը։ Հետագայում կտավի առեւանգումից հետո Այվազովսկու վերատպություններին անդրադարձ է կատարվել եւս 3 անգամ՝ Սամարայում, Մոսկվայում եւ Հայաստանում՝ 2 տարի առաջ։ Վերջին հրատարակությունում Շահեն Խաչատրյանը «Փոթորիկ ժայռոտ ափերին» անվան կողքին փակագծերում ավելացնում է. «գողացվել է 1990թ. ԱՕԿՍ–ից»։ Այդ փաստն էլ հենց օգնել է դիմելու «Գելոս» աճուրդատանը՝ կանխելու կտավի վաճառքը։
Նկարի հանձնման արարողության ժամանակ Հ. Օհանյանին, նկարի հայտնաբերմանն աջակցած բարեկամներին շնորհակալության խոսքերով դիմեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում «Ռուսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, այլք։
Հայաստանից գողացվելուց հետո նկարը տարբեր մարդկանց մոտ է հայտնվել, նախավերջին «տերը» եղել է ռուս մի բարձրաստիճան պաշտոնյա, որն այնուհետեւ փոխանցվել է մի «օլիգարխի»։ Այդ վերջինից էլ՝ հայրենիք բերելու մտադրությամբ ձեռքբերումը կազմակերպել է Հովհաննես Օհանյանը։ «Որ պահեի՝ ինչ պիտի անեի,–«ՀՀ»–ի թղթակցի հետ զրուցելիս ասաց Հ. Օհանյանը։–Ես հիմնականում ռուսական նկարչության հավաքորդ եմ, նաեւ այլ Այվազովսկիներ ունեմ, համեմատաբար՝ փոքր չափերի։
Սակայն գտա, որ նրա տեղը հայրենի թանգարանն է»։
«Ինչքա՞ն էր գնահատված աճուրդային նախնական գինը» հարցին հյուրը պատասխանեց՝ 22 միլիոն ռուսական ռուբլի։ Հասկանալի է, որ գինն այնուհետեւ բարձրացել է։

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


ocho + 5 =