Այսօր Հայաստանի Հանրապետությունը դառնում է 21 տարեկան

Serzh Sargsyan, el Presidente de RA

Անկախության տոնի առթիվ պարգեւատրվել են երկրի արժանավոր զավակները

 

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21—րդ տարեդարձի կապակցությամբ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի եւ մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգեւատրվել են պետական բարձրագույն պարգեւներով, ինչպես նաեւ շնորհվել են պատվավոր եւ զինվորական բարձրագույն կոչումներ։
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների եւ հաջողությունների հասած բազմաթիվ անձանց հանրապետության նախագահը երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ հանձնել է պարգեւները, շնորհավորել եւ մաղթել հաջողություններ։
Հանրապետության ղեկավարը նրանց դիմել է շնորհավորական խոսքով. «Հարգելի՛ տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Գեներալնե՛ր, սպանե՛ր,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21—րդ տարեդարձի կապակցությամբ եւ հայրենիքի բարձր պարգեւներին, պատվավոր կոչումներին արժանանալու առթիվ։
Այս պարգեւները ձեր ազնիվ աշխատանքի եւ անձնվեր ծառայության արձանագրումն են, ինչպես նաեւ մեր ժողովրդի երախտիքի արտահայտությունը։
Մեր ձգտումն է, որ Հայաստանում յուրաքանչյուրն իր տեղում աշխատի այնպես, ինչպես դուք եք աշխատում։ Պատկերացնո՞ւմ եք, թե այդ պարագայում մեր երկիրը ինչպիսի տեմպերով կարող է զարգանալ։ Պետական բարձր պարգեւների եւ կոչումների իմաստը ես այստեղ եմ տեսնում. ի ցույց դնել հանրությանը նրանց, ովքեր իրենց գործով ու կերպարով ամեն օր ապացուցում են շատ կարեւոր ճշմարտություններ թե՛ իրենց, թե՛ իրենց շրջապատին, եւ թե՛ մեր ողջ հասարակությանը։
Իսկ մենք ապացուցելու շատ բան ունենք։ Մենք պարտավոր ենք ապացուցել, որ ունակ ենք ոչ միայն պաշտպանվել արտաքին թշնամուց, այլեւ արդյունավետորեն կազմակերպել մեր պետական ու հասարակական կյանքը՝ հանրային ծառայություններից մինչեւ տնտեսություն, արդարադատությունից մինչեւ կրթություն, առողջապահություն։
Մենք պարտավոր ենք շատ բան ապացուցել թե՛ մեզ, թե՛ աշխարհին։ Ոմանց այս արտահայտությունը կարող է շատ հավակնոտ թվալ, բայց մենք չպետք է մոռանանք, որ մեր ուժեղ կամ թույլ լինելուց է կախված ոչ միայն մեր կենցաղը, այլեւ տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։ Կախված են շատ բաներ, որոնք բխում են առանցքային այդ բառից՝ խաղաղություն։
Սիրելի՛ պարգեւատրվածներ,
Դուք հենց այն մարդիկ եք, որոնցով մեր ժողովուրդն ու երկիրը դառնում են ավելի հասուն, ավելի զարգացած, մեծ հաշվով՝ ավելի ուժեղ ու անխոցելի, եւ հայրենիքը շնորհակալ է ձեզ դրա համար։
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի եւ պարգեւատրման առիթներով։ Շնորհակալություն ձեզ՝ ձեր ազնիվ վաստակի համար եւ նոր հաջողություններ ձեր գործունեության մեջ։
Շնորհակալություն»։
Արարողության ավարտին օրվա հերոսները կիսեցին իրենց տպավորությունները լրագրողների հետ։
Կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի համար բարձր պարգեւ ստանալն անսպասելի էր։ «Մեծ ուրախություն է ինձ համար այսօրվա այս իրադարձությունը։ Մենք բոլորս այնպիսի հրաշալի րոպեներ ապրեցինք։ Ինձ համար բոլորովին անսպասելի էր, որ իմ գործունեությունն այսքան բարձր գնահատականի արժանացավ։ Այս օրը կհիշեմ իմ ողջ կյանքում, քանի որ ես այսօր տեսա այնքան արժանավոր մարդկանց, ովքեր պարգեւատրվեցին։ Բոլոր այս մարդիկ ապրում եւ աշխատում են հանուն մեր ազգի ու պետության։ Ես նույնպես, քանի դեռ ողջ–առողջ եմ՝ կաշխատեմ նույն ոգով. առհասարակ կոմպոզիտոր լինելն ամբողջ կյանքի համար է, եւ քանի դեռ ողջ է, նա շարունակելու է երաժշտություն ստեղծել»,— ասաց մաեստրոն։
Պարգեւն անակնկալ էր նաեւ Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի համար։ Նա նկատեց, որ դրանով ուշադրություն է դրսեւորվում ոչ միայն իր անձի, այլ ողջ թատերական արվեստի նկատմամբ։
«Տարեկան հինգ տասնյակից ավելի ներկայացումներ են ծնվում Հայաստանում, որից 2—3—ը հանգիստ կարելի է ներկայացնել Եվրոպայում։ Թատրոնի մարդը միշտ ժողովրդի ու պետության կողքին է եղել, եւ այսօր թատրոնի մարդն իրավունք ունի մի փոքր ավելի լավ ապրելու։ Մենք կշարունակենք աշխատել, եւ քանի որ հերթական պարգեւով մեր «պարտքերը» գնալով ավելացնում ենք, պետք է փորձենք կամաց—կամաց վերադարձնել դրանք։ Չնայած՝ ժամանակն ու տարիքն անցնում են, սակայն պետք է աշխատենք»,— ավելացրեց նա։
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար պարգեւատրված ՀՀ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը նույնպես այն կարծիքին է, որ երբ մարդուն արժանացնում են նման բարձր պարգեւի, դա ոչ միայն տվյալ անձի աշխատանքի, այլ ողջ համակարգի գնահատականն է։
Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Խաչիկ Մարգարյանը 25 տարի աշխատել է օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում՝ որպես գլխավոր բալետային պարտիաների կատարող։ Ներկայումս նա դասավանդում է պարարվեստի վարպետություն՝ պատրաստելով պարուսույց—մանկավարժների։
«Իհարկե մեր երիտասարդները մի փոքր անտարբեր են ժողովրդական պարարվեստի նկատմամբ, նրանք ավելի ակտիվ ու էներգիայով լի են, ու պահանջում են նմանատիպ պարեր։ Դրա համար հարկավոր է զարգացում, սակայն առաջին հերթին պրոֆեսիոնալ պարի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը պետք է մարդու մեջ լինի դեռ վաղ հասակից, իսկ մանկավարժի դերն այստեղ ամենակարեւորն է»,— նշեց նա։
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ գնդապես Վիտալի Ոսկանյանը, շնորհավորելով հայ ժողովրդին անկախության 21—ամյակի կապակցությամբ, հատուկ շնորհավորեց այս պահին մարտական հերթապահություն իրականացնող զինվորներին՝ մաղթելով նրանց խաղաղ ծառայություն։
Սիրված դերասանուհի եւ ասմունքող, 80—ամյա Ժենյա Ներսիսյանը շարունակում է ակտիվորեն աշխատել թատրոնում։ «Կարծում եմ՝ իսկապես պետք է գնահատել իմ տարիքի գործիչներին, մանավանդ երբ այդ արվեստագետը դեռ շարունակում է գործել։ Ես հիմա աշխատում եմ միաժամանակ երկու՝ պատանի հանդիսատեսի եւ գեղագիտական կենտրոնի փոքր թատրոնում, ընդ որում՝ երկրորդում խաղում եմ մոտ 2 ժամ տեւողությամբ մոնոներկայացման մեջ»,–նշեց նա։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

21-09-2012

http://www.hhpress.am/

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× 5 = treinta cinco