Աղօթք տնօրհնեաց

Գրաբար կամ դասական հին հայերեն

Օրհեա Տէր եւ սրբեա զտունս այս, զի նշանաւ սուրբ խաչի Քո հալածեսցին դեւք, խզեսցին կապանք, բժշկեսցին ցաւք, փարատեսցին մտահոգութիւնք եւ դժվարութիւնք, եւ թագաւորեսցէ ձեռն Քո ամենակարող, որ Տէրդ ես ամենայնի եւ յամենայնի: Օրհնեա Տէր, որ բնակին ի տանս այս, զմանկտիս, զերիտասարդս եւ զծնողս, պարգեւեա սոցա իմաստութիւն, հաւատք, յոյս, սէր, միութիւն եւ երջանկութիւն:

Օրհնեա Տէր զբարիս տանս այս եւ բազմացո, զի ուրախութեամբ եւ քաղցրութեամբ կերիցեն վաստակս իւրեանց: Աջ քո հովանի լիցի ի վերայ նոցա ի տուէ եւ ի գիշերի, զի Դու ես Տէր Աստուած մեր եւ քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Տնօրհնէքի աղօթք (արևմտահայերեն)

Օրհնէ՜ Տէր եւ մաքրէ՜ այս տունը, որպէսզի քու սուրբ խաչի նշանովը հալածուին դեւեր, արձակուին կապանքներ, բժշկուին վէրքեր, փարատուին մտահոգութիւններ եւ դժուարութիւններ, եւ Դու, որ Տէր ես ամէնուն եւ ամէն ինչի մեջ, քու ամենակարող ձեռքը թող թագաւորէ: Տէր, օրհնէ՛ բոլոր անոնց, որ կը բնակին այս տունի մէջ, այս մանուկները, երիտասարդները եւ ծնողները. ասոնց պարգեւէ հաւատք, յոյս, սէր, միութիւն եւ երջանկութիւն: Օրհնէ՛ Տէր եւ շատցուր այս տունին բարիքները, որ ուրախութիւնով ու քաղցրութեամբ ուտեն իրենց վաստկածը: Քու աջը հովանի թող ըլլայ անոնց ցերեկ եւ գիշեր ատեն, որովհետեւ Դու ես մեր տէր Աստուածը եւ քեզի կը վայելէ փառքը, իշխանութիւնը եւ պատիւը, այժմ եւ միշտ եւ յաւիտենականութենէ մինչեւ յաւիտենականութիւն. Ամէն:

Այս աղօթքը քահանաները կը գործածեն տարին երգու անգամ: Մէկ Սուրբ Ծննդեան եւ մէկ ալ Քրիստոսի Յարության առիթներով, երբ կ'այցելեն իրենց ծուխի անդամներուն տուները եւ կ'աւետեն ըսելով.«Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ» կամ ալ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»: Ծուխի անդամները կը պատասխանեն «Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի» կամ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Տնօրհնէքը կու գայ առաքելական ժամանակներէն. Քրիստոսի աշակերտները կը շրջէին տունէ տուն, աւետելով Քրիստոսի Ծնունդը կամ Քրիստոսի Յարութիւնը: Հաւատացեալները իրարու կ'աւետէին.«Ձեզի, մեզի, մեծ աւետիս»: Այսօր, տնօրհնէքի արարողութեան ընթացքին, քահանան կ'երգէ օրուայ խորհուրդը եւ կը կարդայ Սուրբ Աւետարանը: Որեմն, կ'օրհնէ հաւատացեալին տունը եւ բնակիչները, որպէսզի Աստուած անոնց պահապան ըլլայ:

Տնօրհնեքի աղոթք (ժամանակակից արևելահայերեն)

Օրհնի՛ր Տեր և մաքրի՛ր այս տունը, որպեսզի քո սուրբ խաչի նշանով հալածվեն դևերը, արձակվեն կապանքները, բժշկվեն վերքերը, փարատվեն մտահոգություններն ու դժվարությունները, և Դու, որ բոլորի Տերն ես ու ամեն ինչի մեջ ես, քո ամենակարող ձեռքը թող թագավորի: Տեր, օրհնի՛ր բոլոր նրանց, ովքեր այս տան մեջ են բնակվում, այս մանուկներին, երիտասարդներին, նրանց ծնողներին. պարգևի՛ր սրանց հավատք, հույս, սեր, միություն և երջանկություն: Օրհնի՛ր Տեր և բազմացրու այս տան բարիքները, որ ուրախությունով ու քաղցրությամբ ուտեն իրենց վաստակածը: Քո աջը հովանի թող լինի նրանց ցերեկով և գիշերը, որովհետև Դու ես մեր Տեր Աստվածը և քեզ է վերագրվում փառքը, իշխանությունը և պատիվը, այժմ և միշտ և հավիտենականությունից մինչև հավիտենականություն. Ամեն:

Այս աղոթքը քահանաները գործածում են տարին երգու անգամ: Սուրբ Ծննդյան և Քրիստոսի Հարության առիթներով, երբ այցելում են իրենց ծուխի անդամների տները և ավետում են, ասելով.«Քրիստոս ծնաւ եւ Յայտնեցաւ» կամ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց»: Ծուխի անդամները պատասխանում են «Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի» կամ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Տնօրհնեքը գալիս է առաքելական ժամանակներից. Քրիստոսի աշակերտները շրջում էին տնետուն, ավետելով Քրիստոսի Ծնունդը կամ Քրիստոսի Հարությունը: Հավատացեալները մեկը մյուսին ավետում էին, ասելով. «Ձեզի, մեզի, մեծ աւետիս»: Այսօր, տնօրհնեքի արարողության ընթացքում, քահանան երգում է օրվա խորհուրդը և կարդում է Սուրբ Ավետարանը: Որեմն, օրհնում է հավատացյալի տունը եւ բնակիչներին, որպեսզի Աստուած նրանց պահապան լինի:

Աղօթագիրք Արժ. Տ. Սուքիաս Քհն. Տերտերյանի

Բուենոս Այրես, Արգենտինա 2003 թ.

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


8 × dos =