«Սփյուռքի հեռանկարները գլոբալացող աշխարհում»

ministerio de la diáspora

Միջազգային համաժողով՝ Երեւանում

Երեւանում երեկ մեկնարկեց «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» խորագրով միջազգային երկօրյա համաժողով, որը կազմակերվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ։ Համաժողովի նպատակն է քննարկել պետություն—սփյուռք հարաբերությունների զարգացման ուղիները, սփյուռք ունեցող պետությունների միջեւ համագործակցության հարցերը։ Մասնակցում են 12 երկրների՝ Հայաստանի, Հունգարիայի, Հունաստանի, Ավստրիայի, Արգենտինայի, Իտալիայի, Հնդկաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռումիանիայի, Լիբանանի համապատասխան պետական մարմինների ղեկավարներ, ՀՀ—ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը։
Ս. Սարգսյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, հույս է հայտնել, որ այն մեծապես կնպաստի տարբեր պետությունների, դրանցում ձեւավորված այլ ժողովուրդների սփյուռքի եւ նրանց հայրենիքների միջեւ համագործակցությանը՝ ի շահ մարդկության խաղաղ, բարեկեցիկ ապագայի։
«Հուսով եմ, որ համաժողովը կբացահայտի տարբեր ժողովուրդների սփյուռքերին միավորող սկզբունքները, առկա մարտահրավերները, հիմնահարցերը։ Ժամանակի թելադրանքն է, որ միջազգային իրավունքի սահմաներում կարգավորվեն եւ լուծվեն սփյուռքին առնչվող ընդհանրական խնդիրները»,–ասված է նախագահի ուղերձում։ Գլոբալացման գործընթացը, ժողովրդագրական տեղաշարժերը, մոլորակի էթնիկ պատկերի դինամիկ փոփոխությունը, ըստ նախագահի, հավաքական ինքնապաշտպանության նոր հիմնախնդիրներ են ի հայտ բերում, որոնցից առաջնահերթ են ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունների բարելավումը, պետությունների միջեւ գոյություն ունեցող հակամարտությունների վերացումը, ինչպես նաեւ համատեղ ուժերով ահաբեկչության եւ պատերազմների վտանգի բացառումը։ Այս համատեքստում նախագահը կարեւորել է ժողովրդավարական ու պատմամշակութային արժեքներ որդեգրած սփյուռքի դերը։
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 40—ից ավելի երկրներում գործում են նախարարություններ, կառույցներ, որոնք զբաղվում են «սփյուռք» հասկացությամբ, քաղաքականությամբ, սփյուռքի հետ տարվող աշխատանքներով։
«Մեր երկու տարվա փորձառությունը հնարավորություն տվեց Հայաստանում մեկ հարկի տակ հավաքել բոլոր նրանց, ովքեր զբաղվում են սփյուռքով, մեծ սփյուռք ունեն։ Նախ՝ առաջինը փորձելու ենք փորձի փոխանակման առումով միմյանց լավ ճանաչել, հասկանալ, թե յուրաքանչյուր սփյուռք ինչ կարգավիճակով է գործում եւ այլն»,–ասաց Հ. Հակոբյանը։ Նրա խոսքով՝ երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրվում «սփյուռք» երեւույթի վրա, որովհետեւ սփյուռքը հայրենիքից դուրս ապրող մարդկանց խումբ է, եւ այն ունի իրավունքներ, պարտականություններ։
«Մեր նպատակներից մեկն այն է, որ դիմենք ՄԱԿ—ին՝ հանձնախումբ ստեղծելու համար, որ վերջինս սկսի ուսումնասիրել սփյուռք երեւույթի բազմաշերտ, բազմաձեւ, բազմակարիք գոյությունը։ Պետք է համատեղ մշակել կառուցակարգեր, որոնք կարող են օգնել սփյուռքին»,–ասաց Հ. Հակոբյանը։
Համաժողովին իր ելույթում Հ. Հակոբյանն անդրադաձավ սփյուռքի հիմնախնդիրներին, ծառացած մարտահրավերներին, սփյուռքների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։ Մասնավորապես, նախարարը նշեց, որ սփյուռքի ապագա հեռանկարներին մասնակցություն ունենալ նշանակում է համընդհանուր արժեքների տարածում եւ բազմակողմ գործակցությանը, բազմամշակութային երկխոսությանը նպաստող գլոբալ դաշտի ձեւավորում։
«Դա նշանակում է, որ սփյուռքի նկատմամբ քաղաքականությունը ստացել է ոչ միայն ազգային, այլեւ վերազգային եւ գլոբալ կարեւորություն։ Սփյուռքի հանդեպ քաղաքականությունը կարեւոր միջոց է ոչ միայն պետություն—սփյուռք հարաբերությունների բարելավման, այլեւ սփյուռքի ներուժի օգտագործման, հայրենադարձության խթանման, սփյուռքյան համայնքների կենսունակության ապահովման համար»,–ասաց Հ. Հակոբյանը։

HHpress.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


6 + uno =