«Հույսի մի օր»

Մաս երկրորդ

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԹԵՄԻ ՈՒԽՏԱՒՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ Ս. ԿԻՐԱԿՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

 

            Քաղաքապետ Բայդեմիրը ճաշկերույթով հյուրասիրեց եկեղեցականներին ու հյուրերին: Ներկա էին նաև Միացյալ Նահանգների Ընդհանուր Դեսպանը և Ադանայի Դեսպանը:

            Սբ. Կիրակոս Եկեղեցու Ծխական Խորհրդի ատենապետ Վարդգես Էրկյուն Այիքը բարի գալուստ մաղթեց ներկաներին, իր շնորհակալութունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց նյութական մասնակցությունն են էին բերել եկեղեցու վերանորոգման ծախսերին և հրավիրեց Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանին իր սրտի խոսքն ասելու:

            Սրբազան Հայրը որոշ հղումներ անելուց հետո ասաց. «Այսօրվա իրականացած հաջողությունը մեծ նշանակություն ունի բոլորիս համար: Միացյալ ջանքերի շնորհիվ սկիզբ առավ այս ծրագիրը: Այս նախաձեռնության շնորհիվ մենք լցված ենք հույսով, որ այս օրը ավելի հույսի օր է, մի օր՝ ապագան լավատեսությամբ նայելու: Որպես Ամերիկայի ուխտավորներ բախտավոր ենք, որ մասնակից ենք լինում այս պատմական հանդիսությանը և բաժանում լավատեսության հույսը»: Ապա Սրբազան Հայրը «Ս. Վարդան» մրցանակը հանձնեց քաղաքապետ Օսման Բայդեմիրիին և քաղաքապետ Աբդուլլա Դեմիրբասին: Իսկ Գերշ. Տ. Արամ Արք. Աթեշյանը արծաթյա հուշանվերներ հանձնեց զույգ քաղաքապետներին և Եկեղեցվո վերանորոգման ծրագրի ճարտարապետին:

            Քաղաքապետ Բայդեմիրը եզրափակեց օրվա հանդիսությունը՝ շեշտելով. «Այսօրվա առիթը միայն տոնախմբության առիթ չէ, այլ մի օր՝ մեր ներողությունը հայտնելու անցյալի ցավալի միջադեպերի համար: Մենք կուզենք, որ դուք կրկին անգամ գաք, բայց ոչ որպես զբոսաշրջիկներ, այլ որպես ձեր տունը վերադարձող անհատներ»:

            Կիրակի առավոտ վերաօծված Սբ. Կիրակոս Եկեղեցում պատարագեց և քարոզեց Գերշ. Տ. Արամ Արք. Աթեշյանը: Իսկ Կոմիտասյան պատարագը երգեցին Ֆելրիքոյի Սրբոց Վարդանանց եկեղեցու դպրաց դասի անդամները: Ի թիվս հայ եկեղեցականների ներկա էին նաև Աբիդենի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Եպիսկոպոսը, Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի ներկայացուցիչը և զույգ քաղաքապետները:

            Յավարտ Սբ. Պատարագի հոգեհանգստյան մասնավոր պաշտոն կատարվեց հանգուցյալ առաջնորդների, հոգևոր հովիվների, Սբ. Խորանի սպասարկողների և Տիգրանակերտի հավատացյալների հոգիների խաղաղության համար:

            Հաջորդ օրը ծրագրված էր գնալ Վան՝ այցելելու համար Աղթամարի Սբ. Խաչ Եկեղեցին, սակայն երկրաշարժի պատճառով այդ այցելությունը հետաձգվեց: Ուխտավորները այցելեցին Մարտինի մոտ Դերեքի շրջանում գտնվող 17-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ Եկեղեցին: Նրանք հանդիպեցին եկեղեցու  հոգատարին, որ 300 տարվա հնություն ունեցող Աստվածաշունչ և շարակնոց էր պահում եկեղեցու մեջ: Ուխտավորներին դիմավորեց Էյուպ Կյուվենը, որ հեղինակն է «Գոհար» խորագրով հայկական ցեղասպանությունից վերապրողի մասին կենսագրական գրքի: Այս այցելության ընթացքում որոշ թվով տեղացիներ մոտեցան ուխտավորներին հայտնելու համար, որ իրենք հայկական ծագում ունեն:

            Խումբը Հոկտեմբեր 25-ին վերադարձավ Ստամբուլ և շաբաթավերջին՝ Միացյալ Նահանգներ:

                                                            ԴԻՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

Հոկտեմբեր 24, 2011

Արևմտահայերենից թարգմանեց ՝

Գլխավոր Խմբագիր Անդրանիկ Տերտերյանը

 

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


× 1 = dos