«Դեռ համբերում ենք». Սումգայիթյան ցեղասպանության հետևանքով խեղված ճակատագրեր

«Նրանք սպանել են մեր ամբողջ ընտանիքին: Մեր ցավը մեծ է, ոչ մեկ չի կարող ժխտել այն, ինչ տեսել ենք մեր աչքերով: Ականատեսն ենք հարազատների սպանության, մարդկանց հրկիզման, տանջանքների, հրաշքով ենք ողջ մնացել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը` սումգայիթյան դեպքերի հերթական տարելիցի նախօրեին ասաց Սումգայիթ քաղաքի նախկին բնակիչ Կարինե Մելքումյանը, ով կորցրել է ընտանիքի մեծ մասին` սկեսրայրին, սկեսրոջը, ամուսնուն, նրա եղբորը. սպանում էին արմատուրաներով, կացիններով, դանակներով, ոչ ոքի չէին խնայում, որովհետև մենք հայ էինք:

«Երեք օր շարունակ սպանում էին հայերին հենց ոստիկանների ու խորհրդային բանակի աչքի առաջ: Երեք օր շարունակ…»,-ասում է Կ. Մելքումյանը, հետո պատմում, թե մի քանի անգամ տարբեր խմբեր են եկել իրենց տուն, պահանջել են տան բանալիները, ոսկեղենը, իհարկե հրաժարվել են տալ, իսկ նրանք պատասախանել են. «Ճիշտ են անում ձեզ սպանում են, բոլոր հայերին պետք է սպանել»:

Իրեն, տեգոր կնոջը` Իրինային ու երեխաներին փրկել է իրենց տալը` հերոսական ջիգերի շնորհիվ: Այսօր նրա տեգրակինը` Իրինա Մելքումյանը ասուլիսում չկարողացավ խոսել, 23 տարվա վաղեմության ոճրագործությունների ու ողբերգությունների մասին այսօր էլ խոսելիս նա հուզվում է, աչքերը թրջվում են, ձայնը կերկերում… «Մենք խնդրեցինք մեր հարևան ադրբեջանցիներին թույլ տալ դուրս գալ իրենց պատշգամբ, մեզ վռնդեցին, մյուսներն էլ այդպես վարվեցին, խնդրում էինք, գոնե երեխաներին փրկեն, բայց չլսեցին: Միայն մի լեզգի ընտանիք համաձայնեց մեզ օգնել մեզ. երեխաների հետ թաքցրեց բաղնիքում, երեխաները լացում էին, գոռում, մենք լսում էին փողոցի աղմուկը…»,-հեկեկալով պատմեց Իրինան:

Կ. Մելքումյանը հիշում է, որ ամբոխը գոռում էր ` «Մահ հայերին», «Ոչնչացրեք հայերին»: «Մինչև հիմա այդ աղմուկը ականջներումս է»,-ասաց նա, հիշելով, որ ադրբեջանցի անչաափահասների մի խումբ ամբոխի աչքի առաջ բռնաբարել է անչափահաս մի աղջկա, իսկ հղի մի կնոջ վազացրել են փողոցում, արմատուրայով ծեծել, հետո բենզին լցրել վրան ու հրկիզել:

«Այդ անչահասներն այսօր 30-35 տարեկան են ու այսօր իրենց երեխաներին որպես մարդասպաններ են դաստիարակում»,-ասաց Կ. Մելքումյանը ու  համոզված հայտարարեց. «Այդ ամենը կազմակերպված, պլանավորված գործողություններ էին»:

88-ի այդ դեպքերի ժամանակ 5 տարեկան եղած Ռոման Թովմասյանն ասուլիսին հայտարարեց, որ չնայած փոքր էր, բայց հիշում է` պատուհանից նայելով տեսել է արմատուրաներով, քարերով զինված ադրբեջանցիներ, հիշում է` ինչպես էին դուռը թակում, ինչպես իրենք սենյակից բաղնիք, մի տնից մյուսն էին տեղափոխվում` թաքնվելու համար:Հայրը` Ռաֆիկ Թովմասյանը սպանվել է:

«Ես ասացի, հայրիկ, մի գնա, քեզ կսպանեն, ասաց, չէ` ես կսպանեմ նրանց»,-23 տարի առաջ հոր հետ վերջին խոսակցությունը հիշեց Ռոմանը: Նրա մայրը` Ռայա Թովմասյանը մանրամասնեց, որ ավելի ուշ իմացել են տղամարդկանց խմբից ամենավերջինը Ռաֆիկին են սպանել, ինը ժամ շարունակ նա դիմադրություն է ցույց տվել: «Իսկ այսօր նրան հերոս համարում են միայն իր ծննդավայրում` Ղարաբաղի Վանք գյուղում»,-ասաց կինը` դժգոհելով, որ ամուսնուն հետմահու հերոսի կոչում չեն տվել:

Հիշելով այդ դաժան օրերը` Ռ. Թովմասյանը պատմեց,  որ անընդհատ զանգում էր ոստիկանություն, ներկայացնում իրավիճակը, խոստանում էին գալ, սակայն մինչև վերջ ոչ մեկ էլ չի եկել:

«Ասում էին սպասեք: Սպասեցինք 9 ժամ, այդպես էլ ոչ մեկ չեկավ»,-ասաց կինը` նշելով, որ եթե զինվորները կամ իրավապահները շուտ հասնեին, իրենց շենքից ոչ մեկ չէր սպանվի:

«Ինչքան կարելի է համբերել, մենք դեռ համբերում ենք….»,-ասաց Թովմասյանը:

 

Աղբյուր` Panorama.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


− uno = 4