«Ազգ». Միջին Արեւելքից Կալիֆոռնիա գաղթած հայերի մեծ մասը թլպատում է նորածիններին

 

Թերթը գրում է, որ Կալիֆոռնիայի հայ համայնքի շրջանում երեխաների թլպատումը բավական լայն տարածում ունի: Բժշկական մարդաբան, մագիստրոս Աստղիկ Վարդանյանը նշում է, որ հենց այս փաստը գլխավոր պատճառ դարձավ, որ ինքը եւ իր ամուսին` հոգեբույժ Արթուր Պողոսյանը հիմնեցին «Հայք նախագիծ» (haikProject.org) կազմակերպությունը: Սա այս կարգի միակ կազմակերպությունն է հայաշատ այս նահանգում, որ զբաղվում է հայ մանուկների առողջապահական խնամքի խնդիրներով: Թլպատումը սովորաբար իրականացվում է անմիջապես երեխայի ծննդից հետո, հիվանդանոցում, երբ երեխան ընդամենը մեկ օրական է:

Բժշկական խոշոր եւ հեղինակավոր կազմակերպություններից ու միություններից շատերը, ինչպես Ամերիկյան մանկաբուժական ակադեմիան, Ամերիկյան բժշկական ասոցիացիան, կանադական ու ավստրալիական նույնանուն կազմակերպությունները թլպատումը չեն համարում կանխարգելիչ միջոց: Կանադայում, Ավստրալիայում ու Անգլիայում վաղուց դադարել են իրականացնել այն: Սակայն սա բավական թանկ` 400-800 դոլար արժեցող վիրահատություն է` շահավետ թե բժշկի եւ թե հիվանդանոցի համար, եւ սովորաբար խրախուսվում է, որովհետեւ ծախսերն անմիջականորեն փակվում են պետական բուժ-ծրագրերի կողմից:

«Թլպատումն անվնաս վիրահատություն չէ, ինչպես փորձում են հավատացնել դրա կողմնակիցները: Այն լուրջ վիրաբուժական գործողություն է հատկապես նորածին երեխայի համար, որի դիմադրողականությունը դեռ զարգացած չէ: Երեխաների մեծ մասը թլպատվում է առանց ցավազրկման: Ցավը նրանցից շատերի մեջ համարյա neirogenik shock (coma) է առաջացնում»,- ասում է Աստղիկ Վարդանյանը. «Երեխան կարող է դժվարամիզություն, արյան վարակում եւ արյունահոսություն ունենալ: Տարեկան մոտ 120 այսպիսի դեպքեր են գրանցվում: Սակայն թլպատման հետեւանքով մահվան դեպքերի վիճակագրությունը հետազոտելն անհնար է, քանի որ շատ դեպքերում գրանցվում է մահվան ոչ թե առաջնային, այլ երկրորդային պատճառը, ասենք, գանգրենա, արյունահոսություն»:

Թլպատումն անցանկալի է նաեւ այն առումով, որ երեխան կորցնում է նյարդային բազմաթիվ հանգույցներով զգայուն մի համակարգ, որը հետագայում մեծ դեր է խաղալու նրա սեռական զգայունակության պահպանման հարցում:

Աստղիկ Վարդանյանը ներկայացնում է սեփական հետազոտությունների արդյունքները, որ կատարել է մանկապարտեզներից, առանձին հիվանդանոցներից վերցրած տվյալների ու հարցումների հիման վրա: Ըստ այդմ, Միջին Արեւելքի երկրներից (Իրան, Լիբանան, Եգիպտոս) ԱՄՆ եկած հայերի 60-70 տոկոսը թլպատում է իր նորածին երեխային, եւ շատ դժվար է տարհամոզել նրանց թլպատման բացասական հատկությունների վերաբերյալ:

Քրիստոնեական մեր կենսաձեւին անհարիր այս իրողությունը մերժում են միայն Հայաստանից եկած հայերը, նրանց շրջանում թլպատումների տոկոսը խիստ ցածր է:

«80-ական թթ. ամերիկացիների մոտ 90 տոկոսը թլպատում էր երեխաներին: Այսօր ԱՄՆ-ում եւս հսկայական շարժում է սկսվել դրա դեմ: Այսօր այդ տոկոսն իջել է 60-ի, Կալիֆոռնիայում 39 է, այնուամենայնիվ, հայերի շրջանում մնում է բարձր», նշում է Աստղիկ Վարդանյանը: Պետական բուժ-ծրագրերը որոշ նահանգներում դադարել են փակել թլպատումների ծախսերը, գրում է «Ազգը»:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Deja un comentario

Tu dirección de correo electrónico no será publicada. Los campos obligatorios están marcados con *


+ cinco = 11